Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 39 միլիոն դոլար գումարով վարկ` Հայաստանի «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի համար: Ծրագիրը նախատեսված է երկրում էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար` էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով բարելավելով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը հին էՙ միջին տարիքը գրեթե 45 տարի: Երկրում էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար 220 կՎ հաղորդման գծերի (լարեր, սյուներ, բետոնե հիմքեր, մեկուսիչներ եւ ենթակառուցվածքի այլ հիմնական մասեր) շուրջ 520 կմ-ն կամ 33 տոկոսը հրատապ վերականգնման կամ փոխարինման կարիք ունեն:
Ըստ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի, հաղորդման գծի ընտրված հատվածի վերականգնումը կբարելավի համակարգի արդյունավետությունն ու հուսալիությունը եւ ուղղակի օգուտներ կբերի Հայաստանում բոլոր էներգասպառողներին:
«Ներդրումների միջոցով կփոխարինվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանից Որոտան Կասկադի հիդրոէլեկտրակայաններ հասնող հաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածը, որը կազմում է հրատապ վերականգնման կարիք ունեցող 220 ԿՎ հաղորդման գծերի գրեթե 45 տոկոսը: Հաղորդման գծի այս հատվածի հզորությունը 250 ՄՎ -ից կավելանա մինչեւ 310 ՄՎ, ընդ որում ներկա անջատումները կտրուկ կնվազեն», նշել է Ժան-Միշել Հապին` Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավարը:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 52 միլիոն դոլար է, որից 13 միլիոն դոլարը համաֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին արտոնյալ ժամկետն է:
Ա. Մ.