Հ. ԱՖՅԱՆ
Հայկական երկու հանրապետությունների նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, հանրապետության մի շարք նախարարներ, պետական պաշտոնյաներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ, երեկ մասնակցեցին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովը ստեղծվել է ապրիլի 23-ին նախագահի հրամանագրով: Բացման խոսքում Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախօրոք հայտարարված կազմն ընդլայնվել է: Ընդգրկվել են նաեւ «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ Մարտին Եսայանն ու Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիքի Մարաշլյանը: Հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցեցին 36 անդամներից 34-ը:
Իր խոսքում նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, որոնք ընդունել են հանձնաժողովի անդամ դառնալու իր առաջարկը, եւ հատկապես նրանց, որոնք հատուկ այս նիստին մասնակցելու համար են ժամանել Հայաստան, նշեց. «Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար»: Բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել եւ հասկանալ թուրքական պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված եւ իրականացված բնաջնջման քաղաքականությունը: Բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետեւանքները ցայսօր չեն վերացվել, չնայած իննուկես տասնամյակներին: Բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռն իրականացնողների ուրացող հետեւորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայոց պատմության այս սեւ էջը խեղաթյուրելու համար, եւ բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երեւույթ եւ չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը», նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ մենք խաղաղ ժողովուրդ ենք եւ պատրաստ ենք որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, այդ թվում նաեւ մեր հարեւանների. «Սակայն անկախ որեւէ բանիցՙ մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը եւ անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ», ընդգծեց նախագահը` հավելելով, որ մեր ժողովուրդը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք պատմության ծանր պահին օգնության ձեռք են մեկնել` փորձելով պաշտպանել եւ օժանդակել մեզ. «Նրանցից ոչ մեկին մենք չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նաեւ նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն», նշեց նախագահը: Ազդարարելով, որ «այսօր մենք պաշտոնապես սկսում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու աշխատանքները», Սերժ Սարգսյանը նշեց, որ «խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն» բառերը պետք է մեզ անընդհատ ուղեկցեն ձեռնարկած գործընթացում:
Նախագահի խոսքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանձնաժողովի անդամները նիստը սկսեցին Տերունական աղոթքով: Այնուհետեւ Վեհափառն ու Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը իրենց խոսքն ուղղեցին նիստի մասնակիցներին:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրեց արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցեր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորման եւ իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցերից: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձեւավորելու մասին: Դեմոյանն արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նիստի ընթացքում համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության, մշակույթի նախարարություններին, Գիտությունների ազգային ակադեմիային: Դեմոյանի ներկայացմամբ` սփյուռքի հայկական կազմակերպությունները եւս պետք է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գործեն համատեղ: Ինչ վերաբերում է հասարակությունում տարածված այն կարծիքին, որ 100 տարին լրանալուն պես Ցեղասպանության ճանաչումն այլեւս իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, Դեմոյանը վստահեցրեց, որ միջազգային իրավունքում նման որեւէ փաստաթուղթ գոյություն չունի:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու, հանձնաժողովի անդամ Կիրո Մանոյանի խոսքերով` նիստի ընթացքում հստակեցվեց, որ աշխատանքները պետք է տարվեն հիմնականում երեք ուղղություններով` «ներազգային ճակատ` աշխատանք հայության հետ: Միջազգային ճակատ եւ աշխատանք` Ցեղասպանության հետեւանքների վերացման նոր փուլում»:
Հանձնաժողովի բոլոր անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, անհատները մինչեւ աշուն իրենց գործողությունների ծրագիրը կներկայացնեն հանձնաժողովի քարտուղարություն: Հենց առաջիկա աշնանն է նախատեսված հանձնաժողովի երկրորդ նիստը, որը պետք է հստակեցնի ու ամրագրի առաջիկա 1-2 տարվա համատեղ գործողությունների ծրագիրը: