Ադրբեջանական հայտարարություններին ու լրահոսին ընդհանրապես հավատալու առանձնակի հիմքեր երբեք չեն եղել, սակայն ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցում այցելությունների, հնարավոր հանդիպումների մասին տեղեկատվությանը, ապա նման պարագաներում ադրբեջանական կողմից կազմակերպվող «արտահոսքերը», որպես կանոն, համապատասխանում են իրականությանը կամ ամեն դեպքում հավաստիության հավակնող տեղեկություններ են պարունակում:
Հերթական անգամ ադրբեջանական կողմն է նորություն բերում լրատվական դաշտ կամ էլ փորձում է իրեն հարմար տեղեկատվությունը տեղավորել նորության տիրույթներում: Մասնավորապես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն «Ազերիպրես» գործակալության մոսկովյան թղթակցին տված հարցազրույցում հայտնել է, որ հունիսին Կազանում տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաեւ երկու երկրների նախարարների մակարդակով անցկացվելիք քննարկումը լինելու են առանձին` տետ-ա-տետ: «Այստեղ որոշակի գաղտնի հարցեր են որոշվում», տետ-ա-տետ հանդիպելու անհրաժեշտությունը այսպես է բացատրել Բյուլբուլօղլուն:
Ա. Հ.