Դատարան քարշ տալուց առաջ, փոխեք աշխատանքային մեթոդները
Կոմունալ-կենցաղային սպասարկման հանրային ծառայությունները ձեւավորման փուլում ենՙ որոշները կայացած կամ ընթացքի մեջ, իսկ մի քանիսը չեն էլ կայանալու, որովհետեւ վաղուց սպառված են: Դրանցից էլեկտրացանց ՓԲԸ-ն, «Երեւան-ջուրը», «Հայռուսգազարդ»-ը, հեռախոսային կապի օպերատորները կայացած ընկերություններ ենՙ օրենսդրական համապատասխան դաշտում գործող, հստակ մեխանիզմով, բնակչության հետ պայմանագրերով հաստատված համաձայնությամբ: Ծառայության սակագնային փոփոխությունների պարագայում, նրանք տեղեկացնում են հանրությանը մամուլի միջոցով կամ հեռուստատեսությամբ, վթարային իրավիճակների կամ անսարքությունների, շինարարական աշխատանքների պատճառով ծառայության դադարեցման (օրինակՙ ջրամատակարարման) ժամանակ նախօրոք բնակիչները տեղեկացվում են, «Երեւան-ջուրը» դա անում է նաեւ ավտոմատացված հեռախոսազանգերով: Երկկողմանի հաստատված հստակ սակագնով պայմանագրի վավերական առկայությունը երկկողմանի իրավունքներ եւ պարտավորություններ է պահանջում, վարձավճարը չմուծելու պարագայում ծառայությունը դադարեցվում է, ինչը բնական է եւ ավելի քան պարզ:
Բացի այս խոշոր կազմակերպություններից, կան նաեւ կենցաղային սպասարկում իրականացնող տարբեր ընկերություններ, ՍՊԸ-ներ` աղբահանություն, գույք, զանազան այլ հարկեր գրանցող: Աղբահանությունը մեր քաղաքի դժվար լուծվող խնդիրներից է: Քաղաքի կենտրոնական մասերում անգամ, օրվա տարբեր ժամերի աղբակուտակումները սովորական երեւույթ են:
Բարձրահարկ շենքերի աղբատար բունկերները հաճախ են պռնկեպռունկ լցված լինում աղբով, եւ շենքը երկար ժամանակ նեխահոտի մեջ ներծծված է մնում: Աղբահանման կայուն սակագին սահմանված չէ, քաղաքի մի ծայրում յուրաքանչյուր անձի համար 200 դրամ են գանձում, մեկ ուրիշ վայրումՙ այլ, եւ ժամանակ առ ժամանակ փոփոխվող սակագների մասին կանոնավոր տեղեկություններ բնակիչները չեն ստանում: Դրանցով զբաղվող կազմակերպություններն անորոշ կարգավիճակում են, զանազան ՍՊԸ-ներ կան, այս խնդրով նաեւ ժեկ-երն են զբաղվում, որոնք հիմա նոր անուն են ստացելՙ համայնատիրություններ. այսպիսիք աղբավճարներից բացի բնակիչներից գանձում են այսպես կոչված սպասարկման վարձավճար, սակայն ոչ առաջինի, եւ ոչ այս մյուսի համար չունեն նախապես կնքված պայմանագիր, անորոշ են ծառայության տեսակները, չկան նաեւ սակագներ: Չեն գործում վարձավճարային ընդունված մեխանիզմներըՙ որեւէ փոստային բաժանմունքում վճարումներ կատարելու հնարավորություն քաղաքացին չունի, որովհետեւ դրանցից մեծ մասը բանկային հաշվեհամար չունի, ունեցողներն էլ ընդամենը մեկ կետով, եւ շատերիս համար անպատեհություն ստեղծող: Աշխատում է հինՙ սովետական մեխանիզմը, ինչ-որ մի անձՙ լիազորված թաղապետարանի կամ ժեկ-ի կողմից, հավաքում է գումարներ, ինչի հանդեպ վստահություն շատերը չունեն, քանի որ արդեն կան նախադեպեր այս եղանակով վարձավճարներից տուժածների, երբ կատարված վճարների «պատճառով» բնակիչը հայտնվում է դատական քաշքշուկի մեջ: Եվ եթե անգամՙ համապատասխան կտրոնների առկայությամբ, դատը նա շահի, միեւնույն է, ժամանակի եւ նյարդերի կորուստ է տվել, բարոյապես տուժել (հարցՙ ո՞ւր են գնացել այդ մուծումները):
Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան փողոցի մի բնակչուհի 1,5 տարի առաջ հրաժարվել է աղբահանության վճարներից, երբ գումարը փոփոխված սակագնով են պահանջել. «Սակագները փոխելու պարագայում նրանք պարտավոր են բնակիչների հետ հանդիպել եւ տեղեկացնել այդ մասին: Ես չեմ պատրաստվում գումար վճարել ինչ-որ մեկին, այդպես էլ գրեցի ինձ մեկնած կասկածելի թղթի կտրոնին: Կվճարեմ, երբ նրանք ինձ հետ պայմանագիր կկնքեն, ինչպես «Հայռուսգազարդը», «Երեւան-ջուրը» եւ մյուսները: Եվ վճարումները կանեմ խնայբանկում, այլապես չեմ պատրաստվում մասնավոր ինչ-որ գրպան հարստացնել»: Իմ զրուցակից բազմաթիվ քաղաքացիներ այս նույն հարցադրումն ունեն. եթե օրինական են այդ վճարներն ու թղթի կտորները, ինչո՞ւ ժեկ-ը իրենց հետ պայմանագիր չի կնքում: Ուրեմն անօրինական են գանձումները եւ կոռուպցիայի հերթական որջ է դա: Կոմիտաս փողոցի մի բնակիչ պնդում է, որ շենքի սպասարկման ծառայություն, որպես այդպիսին, չեն տեսել. ավելինՙ վերանորոգչական որոշ աշխատանքներ իրենք են արել, փոխել են տանիքից իջնող ջրահեռացման խողովակները, սեփական միջոցներով մաքրել հաճախակի խցանվող կոյուղին, բետոնապատել շենքի մուտքի քանդված մասը, իսկ ժեկ-ը միայն գումար պահանջելու, կամ էլ դատարանի ծանուցագիր ուղարկելու մեջ է փութաջան: Մի ուրիշ շենքում ջրատարի պտուտակը աշխատանքի ժամանակ կոտրվել է, եւ ժեկ-ի պետը դրամահավաքություն է փորձել կազմակերպելՙ յուրաքանչյուր բնակչից 3000-ական դրամով: Մալաթիա-Սեբաստիա համայնքի մեկ այլ բնակչուհի հաստատում է վերը ասվածը, հավելում, որ իրենց ժեկ-ը ծառայություններ մատուցում է, բայց երբեմն-երբեմն, եւ երբեք ֆինանսական հաշվետվություն` կոնկրետ արված գործի համար չի ներկայացնում, սակայն վարձը ամեն ամիս կանոնավոր արձանագրում եւ պարտքը հիշեցնում է:
Մեր բնակարանի ջրահոսքը կարգավորելու համար հարեւանի դիմումով եկած ժեկ-ի մասնագետը փոքրիկ սեւ ռետինե օղակը փոխելու աշխատանքը 3000 դրամ գնահատեց: Քեռու փողոցի 58 շենքը Արաբկիր համայնքում է, 90-ականների կառույց է, այս շենքի ներսում ոչ դուռ, ոչ պատուհան չես տեսնի, միջանցքի առաստաղները ջրերից քայքայված, ծեփաթափված են, վերջին հարկի բնակիչը բողոքում էր, որ տարիներ շարունակ տանիքից թափվող անձրեւաջրերից «պաշտպանվելու» ձեւը կաթոցքի տակ դույլեր դնելն էր: Մեր բնակարանի լոգարանն ամիսներ շարունակ վերեւի բնակարանից «անձրեւում» էր: Երբ վարձակալը դիմում է ժեկ, ընթացք չեն տալիս, թեՙ քեզ չենք ճանաչում, տանտերը թող դիմի: Երբ ինքս եմ դիմում, առաջին հարցը վճարումների մասին է, ցուցակը շատ արագ ստուգում են եւ...`օ՜, ձեռքերը մի լավ շփում են. ահա եւ ծուղակն ես ընկնում: «Դուք նախազգուշացում չե՞ք ստացել»: «Ո՛չ»: «Ուրեմն, կստանաք», ասում է ձայնը, բայց արագ հիշում, որ պայմանագիր պահանջողներից ես, հետն էլ լրագրող. (բոլորի դոսյեն ունեն...) եւ ով զարմանք, մի ժամից արհեստավոր է տունդ գալիս (նրանք, եւ տեսուչները նույնպես, երբեք չեն ներկայանում համապատասխան գրքույկով կամ բեջով), միայն նայում է, որովհետեւ գործը լուրջ է, այսինքն ֆինանսատար:
Շենքի որեւէ բնակիչ, ամենաիրազեկվածն անգամ տեղյակ չէ ժեկ-ի սպասարկման աշխատանքներից: Բերանացի պտտվում են տեղեկություններՙ իբր պայմանագիր կնքած բնակիչների 51%-ի մասին, բայց ում հետ խոսում եմՙ չգիտեն այս մասին, ովքեր են այդ 51-ը, եւ եթե կանՙ երբ եւ ում կողմից են ընտրվել եւ ինչու անհայտ են եւ մնացածները տեղյակ չեն: Ժեկ-ի հաշվապահն ասում է, որ ինքը աշխատում է շենքից ընտրված մեկի հետ. ո՞վ է այդ լիազորված անձը, որին մենք չգիտենք, եւ նա ինչ-որ տեղեկություններ է փոխանցում: Ստացվում է, որ առանց բնակչի գիտության, առանց պայմանագրի, չեղած կամ անորոշ ծառայությունների դիմաց որոշակի գումար է հաստատված (կամայակա՞ն, մոտավո՞ր) եւ պարտադրում են վճարել: Ժեկ-ը 3-4 ամիսը մեկ պարտավորվում է բնակիչներին ահաբեկել դատարանի սպառնալիքով: Որոշ տեղերում նմանաբնույթ հեռախոսային «ծառայություն» հանձն են առնում այսպես կոչված տեսուչները կամ նույնիսկ հաշվապահը: Կիեւյան 7 հասցեում տեղակայված ժեկ-ի հաշվապահն, օրինակ, ոչ ավել, ոչ պակաս «ձեզ քարշ ենք տալու դատարան» արտահայտությամբ է բնակչին ահաբեկում: Մինչեւ դատարան քարշ տալը նրանք, իհարկե, ծրագիր մշակել են. նախ ծանուցագիր-նախազգուշացում են փոստով ուղարկումՙ պատճենահանած բլանկի վրա, պատճենահանած ստորագրություն-կնիքով, կից հաշվապահական ինչ-որ թղթով, որի անհասկանալի թվաբանությունից գլուխ չես հանի: Գրված է ձեռագրով. տարեթվեր, ամսաթվեր-դիմացը` թվեր. շատ անորոշ է, որովհետեւ այս տարիներին փոխված սակագները միայն իրենց է հայտնի, բնակարանում գրանցված անձերի փոփոխություններ են կատարվել, մարդ է եկել-գնացել. սրանից տեղյակ չեն: Աբսուրդըՙ ծանուցումն ուղղված է տվյալ հասցեում չեղած, չգրանցված ազգանունին, այն էլՙ որպես սեփականատեր, իրականությանը չհամապատասխանող փաստ: Այսինքնՙ անհասցե է, ուստիՙ անվավեր: Միջանկյալ նկատենք, որ վերջերս Արաբկիր համայնքից ստացված գույքահարկի վճարման ծանուցագիրը միանգանայն ճիշտ էր հասցեագրված: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են նրանք ինչ-որ մի ժամանակ բնակիչների ընտրացուցակ կազմել... Հաշվապահական թվաբանության տակ ստորագրությունը բացակայում է, որեւէ մեկը սա չի հաստատել: Եթե ընդամենը թղթատարական այսպիսի պարզ աշխատանքը, բայց եւՙ դատարան քարշ տալու դեպքում, նման անտեղյակ , անփույթ «պատասխանատվությամբ» է կատարվում, պատկերացնո՞ւմ եք ծառայության այն որակը, որ «մատուցվում» է շենքերին, եթե մատուցվում է, իհարկե:
Նախազգուշականը` միակողմանի բովանդակությամբ, միայն իրենց շահերին է հետամուտ. բնակիչը, որ համատիրության անդամ է ներկայացված, տեղյակ չէ, երբվանից է այդպիսին, նշված չէ, թե ամսավճարը ո՞ր ծառայության դիմաց է գանձվում. «պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված» ձեւակերպումը շատ անորոշ է: Անստորագիր թվաբանական հաշվեթղթի փոխարեն կամ դրան կից պետք է ներկայացնել մատուցված կոնկրետ ծառայության մասին հաշվետվություն, ըստ որում այդ մասին տեղեկացնել պետք էր ժամանակին եւ ստանալ վավերացում մեր կողմից: Այլ խոսքովՙ աչքներս պետք է տեսնի:
Երբ փորձում ես ժեկ-ի պետից պարզաբանումներ ստանալ պայմանագրի բացակայության եւ դրամավճարային չաշխատող մեխանիզմի մասին, նա կտրուկ արձագանքում է, թեՙ 50-60.000 բնակիչ է սպասարկում եւ ամեն մեկին հեռախոսով պատասխանելու ժամանակ չունի: Իսկ ֆիզիկապես ընդունելու ժամանակ ունի՞: Կարծում ենքՙ այո՛: Ժամանակ կա, անշուշտ, բլանկների խուրձ պատրաստելու եւ բնակչին ուղարկելու, ընդ որում այս դեպքում աշխատում են ժամանակակից մեթոդով, փոստային առաքումով: Այս նույն քաղաքակիրթ մեխանիզմով ինչո՞ւ դրամավճարների գանձում չեն ապահովումՙ ինչպես մյուս ծառայությունները փոստային բոլոր բաժանմունքներում, իսկ վերջին տարիներին արդենՙ էլեկտրոնային ճանապարհով:
Քաղաքային իշխանությունները տեղյա՞կ են արդյոք XXI դարում հանրային սպասարկման այսպիսի մեթոդներից եւ մեխանիզմներից: Կարծում ենքՙ այո, այլապես մի առիթով ժեկ-երը չէին համարի մեռած մարմին: Իսկ մեռած մարմինը երկար չեն պահում, որովհետեւ նեխում է: Այս հարցը վաղուց քաղաքային կյանքի խոցերից մեկն է եւ լուծում է պահանջում: Հանրային, այն էլՙ այսպիսի մասշտաբային, ամբողջ բնակչությունն ընդգրկող ծառայությունը պետք է օրենսդրորեն հստակ կանոնակարգված լինի, մշակել է պետք քաղաքացիների հետ քաղաքակիրթ հարաբերություններ` երկկողմանի պայմանագրով, սահմանված սակագներով եւ վճարման ընդունված մեխանիզմներով:
Ակնկալում ենք քաղաքային իշխանությունների արձագանքը: Բնակիչները պատրաստ են վճարումներն իրականացնել, եթե սպասարկում իրականացվի (աղբահանությունն, օրինակ, թեկուզ ոչ կանոնավոր, բայց կատարվում է)` միայն քաղաքակիրթ պայմաններով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ