Մայիսի 30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հրավիրվել էր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն: Լրագրողների տարբեր հարցերին, որ հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան խնդրին ու դրանում Ֆրանսիայի համանախագահության տարբեր համատեքստերին, Ֆրանսիայի դեսպանն արձագանքեց ընդհանրական ձեւակերպմամբ, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ եւ որի փոխարեն ինքը չի կարող պատասխանել այդ հարցերին: Մյուս կողմից, ֆրանսիացի դիվանագետը հավաստիացրեց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց:
Այսպիսի մոտեցումը, չնայած մամուլի համար անհարմարությանը, թերեւս ընդունելի է դիվանագիտության տեսանկյունից, ինչն ուղղակի անհնար է ասել ամերիկյան մի տխրահռչակ դիվանագետի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, այժմ էլ Ադրբեաջնում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մեթյու Բրայզայի մասին:
Վերջինս թեեւ փոխել է պաշտոնը, սակայն կարծես այդ մասին հաճախակի է մոռանում` մեկնաբանություններով հանդես գալով ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Հերթական անգամ էլ Բրայզան , ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Լենքորան այցելության ընթացքում մամուլի համար մեկնաբանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` «Մեծ ութնյակի» երկրներիՙ Դովիլյան գագաթաժողովում արված հայտարարությունը ԼՂ խնդրի առնչությամբ: Կրկնելով, որ ժամանակն է եկել համաձայնեցնելու ղարաբաղյան հակամատության կարգավորման հիմնարար սկզբունքները, Բրայզան նշել է, որ նախագահների դովիլյան հայտարարությունը «ճիշտ էր տարածաշրջանում կայունության վերականգնման տեսանկյունից»:
Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանները Հայաստանում գրեթե երբեք չեն մեկնաբանել որեւէ հայտարարություն կամ իրադարձություն, լավագույն դեպքում հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարության արդեն իսկ արված հայտարարությունների կրկնությամբ կամ դրանցով պայմանավորված հայտարարություններով` դեսպանության անունից:
Ա. Հ.