«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2011-05-28 | #98, 2011-05-31 | #99, 2011-06-01


ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ` ԱՅԴ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ՄՂՈՒՄ

ԱՄՆ-ում վրաց դեսպանն անտեղյակ է...

Վրաստանի խորհրդարանի կողմից մայիսի 20-ին չերքեզների ցեղասպանության ճանաչման առնչությամբ ընդունված բանաձեւի, պարզվում է, հապճեպ քննարկման դրվելու ու ընդունվելու անհրաժեշտության հիմքում այն հանգամանքն է, որ այդ ժողովուրդը անհետացման եզրին է: «Ազգի» հարցին, թե ինչով էր պայմանավորված չերքեզների ցեղասպանության ճանաչման հրատապությունը եւ որքանով էր դա արդարությանն առնչվող քայլ, այսպիսի պարզաբանում տվեց Մամուլի ազգային ակումբում երեկ հյուրընկալված Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին :

Վրացի դիվանագետը, որ այդ պաշտոնում հանդես է գալիս առաջին անգամ` մինչ այդ զբաղված լինելով իրավական հարցերով եւ Վրաստանի սահմանադրությամբ, պարզաբանեց, որ իր տեղեկություններն այդ հարցի առնչությամբ ավելին կլինեին, եթե այդ հարցը նախաձեռնված լիներ Վրաստանի նախագահի կամ վարչապետի կողմից, սակայն, ըստ Շարմանաշվիլու, չերքեզների ցեղասպանության ճանաչումը նախաձեռնել է հենց վրաց խորհրդարանը:

Վրացական օրինաստեղծներն էլ, հաշվի առնելով չերքեզ ժողովրդի դառը ճակատագիրը, եւ որ նրանց հայրենիքում բացասաբար ու կտրուկ փոփոխվել է ժողովրդագրական վիճակը, գնահատել են հարցը հրատապ ու չեն հետաձգել: Ընդ որում, Շարմանաշվիլին հիշեցրեց, որ վրացական խորհրդարանը, ճանաչելով չերքեզների ցեղասպանությունը, այդ հարցը չի կապում Ռուսաստանի տարածքային ամբողջականության հետ: Նշենք, որ Վրաստանը դրա կարիքն էլ չունի, այդպիսի կապակցություն աշխարհին ներկայացնելու համար գոյություն ունեն այլ շահագրգիռ կառույցներ:

Մեր հարցի մյուս հատվածի առնչությամբ, թե ինչու արդարության ձգտումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու տարբերակով էլ չի արտահայտվում Վրաստանում, դեսպանը դիվանագիտորեն պատասխանեց, որ այդպիսի հարցերը քննարկում է խորհրդարանը, եւ դեսպանի համար դժվար է ներկայացնել օրենսդրական գործունեություն իրականացնող կառույցի դիրքորոշումները:

Անդրադառնալով հայկական եկեղեցու խնդիրներին Վրաստանում` Շարմանաշվիլին նշեց, որ այդ հարցը թերեւս քննարկման առարկա լինի մոտ օրերս Վրաստան Ամենայն հայոց կաթողիկոսի այցի շրջանակներում: «Ազգը» քանիցս տեղեկացրել է այդ այցելության հետաձգումների ու դրանց համար բերվող պատճառաբանությունների մասին, միայն նշենք, որ թերեւս վերջապես այդ այցը կայանա` նաեւ Ջավախք այցելությամբ, որը, մեր դիտարկումներով, հենց հանդիսացել է ցայսօր Վրաստան հայոց կաթողիկոսի այցելությունը հետաձգելու հիմնական պատճառը, քանի որ Ջավախք այցելած վերջին հայ կաթողիկոսը եղել է Խրիմյան Հայրիկը:

«Ազգը» Թենգիզ Շարմանաշվիլուց փորձեց ճշտել նաեւ, թե ինչպիսին է Վրաստանի իշխանությունների արձագանքը ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանի` «Ազերիպրես» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարություններին, թե «Հայաստանն իր գլուխը լցրել է Ցեղասպանության եւ այլ հարցերով», ընդ որում, կարծիք հայտնելով, թե անգամ Ցեղասպանության ճանաչումը չի կարող կառուցողական լինել: Արդյոք ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը արտահայտել է հենց վրացական իշխանությունների՞ դիրքորոշումը. Թենգիզ Շարմանաշվիլին պատասխանեց, որ այդ առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանին հրավեր է ուղարկվել այցելելու վրաց ԱԳՆ` մանրամասն քննարկելու ԱՄՆ-ում վրաց դիվանագետի արած հայտարարությունը:

Շարմանաշվիլին հարկ համարեց ընդգծել, որ գոյություն ունի ոչ միայն ադրբեջանական գործակալության հրապարակումը, այլեւ այդ հանդիպման ձայնագրությունը, որի առնչությամբ թեեւ Վրաստանի դեսպանը ոչինչ չասաց, բայց ենթադրելի է, որ կարող է տարբերվել հանրությանը մատուցված ադրբեջանական հրապարակումից: Հայաստանի արտգործնախարարությունն էլ երեկ, ի դեմս ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանի, այս նույն հարցի առնչությամբ արձագանքել է, որ նման հայտարարությունները դեսպանի ելույթում անհնար է գնահատել այլ կերպ, քան անտեղյակություն տարածաշրջանում տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներից: «Դիվանագետի նման հայտարարությունները համահունչ չեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուն եւ բարձր մակարդակին», ասել է Միրզոյանը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4