Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր այդ սանդղակի վերացման մասին
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ծառայությունն արժե 3000-5000 դրամ: Համատարած 5000 դրամ են վերցնում, չկա որեւիցե մեկը, որ, ասենք, 3000 դրամով ծառայությունը մատուցի: Հետեւաբար պետք է անդրադառնանք սակագներին եւ վերանայենք դրանք, ուղղակի վերացնենք այդ սանդղակը (ընդգծումը մերն է- Ա. Մ.)», սա վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքն է նոտարական ծառայությունների սակագների մասինՙ ասված կառավարության նիստի ժամանակ:
Նույն խնդրի վերաբերյալ «Ազգին» տված հարցազրույցի ժամանակ, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը եւս այն կարծիքը հայտնեց, որ այս փուլում հավանաբար կսահմանվեն առանց միջակայքիՙ միասնական սակագներ:
Այսինքն, վերոնշյալից պարզ է, որ կառավարությունն այն կարծիքին էր, որ նոտարական համատարած կաշառակերությունից փրկվելու կարեւոր քայլերից մեկը սակագների միջակայքի (սանդղակի) վերացումն է եւ ֆիքսված սակագների սահմանումը: Նոտարական համակարգում բնակչության նկատմամբ կատարվող բացահայտ դրամաշորթության մասին մեր բազմաթիվ հրապարակումներում, մինչ կառավարության կողմից այս մոտեցման մասին խոսելը, առաջարկել ենք վերացնել սակագների այդ միջակայքը, ինչպես նաեւ վճարումները կատարել բանկային համակարգի միջոցով: Երբ վարչապետը նույնպես շեշտեց սակագնային սանդղակը վերացնելու անհրաժեշտությունը, թվում էր, թե այս խնդիրը պետք է լուծված համարել: Թեեւ բանկի միջոցով վճարումներ կատարելու տարբերակի մերժումը տեղ էր թողնում կոռուպցիոն ռիսկերի համար:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, երբ ծանոթացանք կառավարության հաստատած նոտարական ծառայությունների նոր սակագներին, այն տպավորությունը ստացանք, որ դրանք կամ չեն փոխվել, կամ սխալմամբ նախկին սակագներն են դրվել:
Սակայն ոչ մեկն էր, ոչ մյուսը: Կառավարության հաստատած նոտարական ծառայությունների սակագները, հակառակ վարչապետի արտահայտած վճռականության, դարձյալ ունեն միջակայք եւ որոշ դեպքերումՙ մեծ միջակայք: Ներկայացնենք կոնկրետ օրինակներ:
Անշարժ գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման եւ այլն) պայմանագրերը վավերացնելու սակագինը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, 10-15 հազար դրամ է, ավտոտնակի դեպքումՙ 6-8 հազար դրամ, անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերության դեպքումՙ առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազար դրամ, երկրորդ հերթի ժառանգների համար 7-9 հազար դրամ, այլ անձանց համարՙ 10-15 հազար դրամ: Կամ, օրինակ, պայմանագրում փոփոխություն եւ լրացումներ կատարելու, պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը վավերացնելու համարՙ 2-8 հազար դրամ: Նույնը նաեւ փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը վավերացնելու համար: Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիuտի արձանագրությունը վավերացնելու համարՙ 5-25 հազար դրամ եւ այլն: Պարզապես նշենք, որ մնացած բոլոր ծառայությունների սակագները նույնպես սանդղակ ունեն:
Այն դեպքում, երբ նոտարների թիվը դեռ սահմանափակ է եւ մասնագիտական գործունեության ստաժ ունեցող յուրաքանչյուր անձ չի կարող նոտար դառնալ, սակագների միջակայքը ոչ մի մրցակցություն չի կարող ստեղծել: Նոտարները սովորաբար պայմանավորվում են եւ պահանջում ամենաբարձր սակագինը վճարել: Սա նշանակում է, որ այսուհետեւ եւս վճարումները կատարելիս նոտարները քաղաքացիներից պահանջելու են վճարել վերին սակագինը: Առավել մեծ միջակայք ունեցող սակագների դեպքում, լայն հնարավորություն է բացվում այդ տարբերության հաշվին ապօրինի վճարներ պահանջելու համար:
Հարց է առաջանում, եթե սակագների այս սանդղակը պահպանվելու էր, ի՞նչ իմաստ ուներ այսքան խոսել նոտարական ապօրինությունների մասին ամենաբարձր մակարդակով: Ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ վարչապետը ասում է, որ պետք է վերացվի սանդղակը, իսկ ընդունվում է լրիվ այլ որոշում: Նոտարական լոբբիի՞նգն է այդքան հզոր եղել, Տիգրան Սարգսյանին խաբե՞լ են, համոզե՞լ են, թե՞ նա ի վիճակի չի եղել իր տեսակետը պաշտպանել որոշում ընդունելիս: Հավանական է, որ նոտարական ծառայությունների սակագները հաստատելիս արդադադատության նախարարությունը չափից ավելի է ընդառաջել նոտարական պալատին: Հետեւաբար, արդադարատության նախարար Հրայր Թովմասյանն ու փոխնախարար Գրիգոր Մուրադյանն էլ առաջին պատասխանատուներն են դրա համար: Նրանք, վարչապետի հետ հանրությանը պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչո՞ւ մինչ որոշման ընդունումը խոսում էին սակագների միջակայքի վերացման մասին, բայց հաստատեցին այդ սանդղակը պահպանող սակագներ: