Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները երեկ նշեցին «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Հայաստանը միացել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որը հանրային առողջապահության ոլորտի առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարից: Վավերացրել է ավելի քան 170 պետություն: Ծխախոտը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Շրջանակային կոնվենցիայի եւ դրա արձանագրությունների նպատակն է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից, նպաստել ծխախոտի օգտագործման էական կրճատմանը: «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես էր եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ասելով. «Ծխախոտի օգտագործումն աղքատացնում է մեզ` թե՛ առողջական եւ թե՛ տնտեսական տեսանկյունից: Ես կոչ եմ անում բոլոր անդամ երկրներին` հետեւել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի դրույթներին»: Հայաստանում եւս ընդունվել են ծխախոտի դեմ պայքարող օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր եւ որոշումներ: Հայաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ` ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրման եւ արդյունավետ կիրառման համար:
Մ. Խ.