«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2011-05-28 | #98, 2011-05-31 | #99, 2011-06-01


ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՖԵԲՈՒՍ (ՀԱԿՈԲ ՍԵՄԵՐՃՅԱՆ)

Ֆեբուսը (1898-1955) 1920-ական թվականներից սկսած Ֆրանսիայում ստեղծում էր հայ համայնքի կյանքի լուսանկարչական վավերագրեր եւ միաժամանակ ֆրանսիացի եւ հայ նշանավոր գործիչների դիմապատկերներ: Փարիզի շրջանում եւ միջերկրածովյան ափին բնակվող բազմաթիվ ֆրանսահայերի ընտանեկան ալբոմներում պահպանվում են հնօրյա լուսանկարներ. պճնագեղ երիտասարդ ցիլինդրով եւ ձեռնափայտով, նշանվածներ, նորապսակներ, պսակադրություններ եկեղեցու մուտքի մոտ, այս կամ այն միության խմբանկարներ եւ այլն:

Դա դիմանկարի ժամանակաշրջանն էր, որոնց ասպարեզում Ֆեբուսը հիասքանչ էր: Առավել հաջողված գործերի թվում են դերասաններ Շահխաթունու եւ Տրդատ Նշանյանի դիմապատկերները Օթելլոյի դերում:

Լուսանկարներում ոմանք իրենց զբաղմունքին համապատասխանող կեցվածքում ենՙ դեմքի ճիշտ լուսավորությամբ: Հայերը լուսանկարչի մոտ էին գնում ոչ թե անձը հաստատող լուսանկարների, այլ իրենց աշխարհասփյուռ հարազատներին ուղարկվելիք կամ պատին կախվելիք լուսանկարների համար: Հարկավոր էր կեցվածք ընդունել, լուսանկարիչը քանիցս միջամտում էր մարդկանց ճիշտ դասավորելու եւ կադրում տեղավորելու համար:

Ֆեբուսն իրականացրել է նաեւ լուսանկարչական ռեպորտաժներ: Փարիզի «Աշխարհ» թերթը այս կապակցությամբ հիշեցնում է 1931-ին Սորբոնի համալսարանի ամֆիթատրոնում Ավետիս Ահարոնյանի հոբելյանի առթիվ արված լուսանկարները: 11 տարեկանից աշխատանքի անցած Ֆեբուսի առջեւ բաց էր նույնիսկ Ելիսեյան պալատի դուռը:

Այժմՙ կենսագրական որոշ մանրամասնություններ: Հակոբ Սեմերճյանը ծնվել է 1898-ին Ադաբազարում (Անատոլիայի հյուսիս-արեւմուտք), բարեկեցիկ ընտանիքում: Երբ նա 3 տարեկան էր, մահացավ հայրըՙ Ստեփանը: Մայրըՙ Զենոբիան, որոշեց Կոստանդնուպոլիս մեկնել աշխատանք գտնելու: Աշխատում էր հայ աղջիկների որբանոցում, ապահովելով իր 4 զավակների ապրուստը: Հակոբը 11 տարեկանում Պերա թաղամասում դարձավ լուսանկարիչ Արամ Բալյանի աշակերտը: Արամը գնահատում էր հաճախորդների հանդեպ բարեհաճ Հակոբի վարվելաձեւը եւ գեղարվեստական ունակությունները: Հակոբը 16 տարեկանում դարձավ Բալյանի ընկերակիցը, իսկ 19 տարեկանում գնեց նրա Ve՛nus լուսանկարչատունը, դառնալով սեփականատեր:

Թուրքիայի 1922 թ. իրադարձությունների պատճառով Հակոբը Պոլսից Փարիզ մեկնեց մոր, երկու քույրերի եւ եղբոր հետ: Աշխատանքի անցավ փարիզյան նշանավոր լուսանկարիչներիՙ Մանուել եղբայրների արվեստանոցում, որոնք հավատարմագրված էին Ֆրանսիայի նախագահի մոտ: Հետագայումՙ Հակոբը ստացավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնական լուսանկարչի կարգավիճակ եւ իր տաղանդը գործի դրեց 1930-ականների նախագահներին լուսանկարելիս:

Ավելի ուշ Փարիզի աջափնյա բուլվարներից մեկում իր հաշվին բացեց լուսնկարչատուն, որի շենքը քանդեցին «Ռեքս» կինոթատրոնը կառուցելու համար: Մեկ ուրիշ բուլվարում նրա բացած «Ֆեբուս» լուսանկարչատան հաճախորդների մեջ կային միապետներ, նախարարներ, հանրապետության նախագահներ, նորապսակներ, մանկիկներՙ ամենատարբեր անձինք, որոնց լուսանկարելիս Ֆեբուսը մշտապես գործի էր դնում իր ճաշակն ու տաղանդը: Հայ անվանի գործիչներից լուսանկարված են Պողոս Նուբար փաշան, Գուլուստ Կյուլպենկյանը եւ ուրիշներ: Մեծ պատկառանք է զգացվում Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարում: 1924-ից «նանսենյան անձնագրերի» շնորհիվ փրկվեցին բազմաթից հայ գաղթականներ, ապաստան գտնելով մասնավորապես Ֆրանսիայում:

Ֆեբուսն արժանացել է ֆրանսիական եւ օտարերկրյա բազմաթիվ շքանշանների: 11 տարեկանում ուսումն անավարտ թողած Ֆեբուսը սիրում էր գրել ֆրանսերեն եւ հայերեն երկարահունչ նամակներ եւ փոքրիկ բանաստեղծություններ: Նա օգնում էր գաղթական դարձած հայրենակիցներին, սիրում էր Ֆրանսիան, պաշտում Հայաստանը, որ այդպես էլ չտեսավ:

1940-ին Ֆեբուսն ամուսնացավ Ալիս Բախտիարյանի հետ: 1942-ին ծնվեց նրանց որդինՙ Արամ-Ֆիլիպը: 1949-ին Ֆեբուսը լուսանկարչատուն բացեց Կաննում: Այնտեղ լուսանկարվել են ոստիկանապետը, քաղաքապետները, Բուրվիլը, Մորիս Շվալիեն, օտարերկրյա ղեկավարներիցՙ Աղա Խանը եւ ուրիշներ:

1955-ին Փարիզ վերադառնալուց հետո Ֆեբուսը մահացավ սրտի նոպայից, երբ որդին ընդամենը 13 տարեկան էր: «Աշխարհ» թերթի վերջին տեղեկությունների համաձայն, Արամ-Ֆիլիպը մտադրվել է հոր թողած լուսանկարների մեծ մասը փոխանցել հայկական որեւէ հիմնադրամի:

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4