«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2011-05-31 | #99, 2011-06-01 | #100, 2011-06-02


ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՕՐԱԿԱՐԳԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱԿ-ի դարակազմիկ հանրահավաքից հետո երեկ բոլորին մտահոգում էր այն հարցը, թե ի՞նչ է պատասխանելու իշխանությունը ՀԱԿ-ի առաջնորդի ասած պատվիրակություն կազմելու եւ արտահերթ ընտրությունների օրակարգով երկխոսության շուրջը բանակցելու առաջարկին, մանավանդ որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ երեկ շարունակում էին պնդել, թե արտահերթ ընտրությունների համար հիմք չկա: Ենթադրություններ էին արվում, թե միգուցե առաջին դեմքերը (իշխանության եւ ՀԱԿ-ի) գիտեն մի բան, ասենք խորհրդապահական գաղտնիքներ ղարաբաղյան հարցի մասին կամ մի այլ տարածաշրջանային նշանակության գաղտնիք, որը գուցե ՀԱԿ-ի առաջնորդին ստիպում է ընտրությունները քթի տակ նման առաջարկ պնդել կամ ձեւ անել, որ պնդում է: Գաղտնիքներն իրացնողները կամ դրա դեմն առնողները սովորաբար միմյանց պետք է որ հասկանան: Միգուցե արտաքին ճակատում վիճակն այնքան վատ է, որ ուզում են արտահերթ ընտրություններով խաբս տալ միջազգային հանրությանը, դրա մասին շարքային թիմակիցները դեռ գլխի չեն ընկնում եւ շարունակում են հորիզոնական պնդումները: Համենայն դեպս` Տեր-Պետրոսյանը հուշում էր, թե ղարաբաղյան կարգավորումը մոտենում է հանգուցալուծման: Դա նա եզրակացրել է դովիլյան հայտարարությունից եւ իր ձեռքի տակ եղած որոշ «խորհրդապահական տեղեկություններից», իսկ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում` բավական իրական էր համարում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը` ենթադրություն անելով, որ Ղարաբաղի խնդիրն առաջիկայում եւս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը եւ ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ (ահա եւ բացատրությունը, այսինքն` շահարկման նյութ): Իսկ որ սոցիալական շարժումները ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել համընդհանուր սոցիալական ըմբոստության` վտանգավոր թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության, թե երկրի համար, սա քաղաքական իրականություն եւ իրողություն չէ, այլ սոցիալական խնդիրների համախումբ, որը հենց Տեր-Պետրոսյանի ասելով ռեսուրս ունի լուծելու իշխանությունը, մանավանդ որ հենց նա է նշել, թե իշխանությունը «մեզանից լավ գիտե իրավիճակը եւ երկրի առջեւ կանգնած մարտահրավերներն ու խնդիրները»:

Ու թե ի՞նչ են քննարկելու «առաջիկայում իշխանության ու ՀԱԿ-ի միջեւ ակնկալվող դժվարին երկխոսության ընթացքում», որի ժամանակ պետք է որոնվեն երկրի, պետության եւ ժողովրդի կենսական շահերից բխող լուծումները, եւ դա անգամ «ողջունվող գործարք է», որի արդյունքում երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական վիճակը մի այն ձեւի հիմնովին է փոխվելու, որ տարբեր ուժեր (Տեր-Պետրոսյանի եզրույթով` «մունդռողներ») խիստ անհանգստացած են այդ հեռանկարից, սա դեռ երեկվա դրությամբ անհասկանալի էր: Իսկ էլի Տեր-Պետրոսյանի խոսքերով` առավել «ամենանյարդայնացած» եւ խուճապահար անձը, այն է` Ռոբերտ Քոչարյանը, էլի երեկվա դրությամբ պատասխան չէր հնչեցրել ՀԱԿ-ի առաջնորդի ածականներին, նույն կերպ լռություն էր «անհանգստացած իրավապահ մարմիններում», որոնց աշխատակիցներին, էլի Տեր-Պետրոսյանի խոսքով, իր վերջին հարցազրույցով «փուռն է տվել» նախագահ Սարգսյանը, մինչդեռ «նյարդայնացածը» նրանց երեւի խոստացած է եղել չդատել: Ճիշտն ասած` այս բոլորն այնքան պրիմիտիվ է, որ անգամ զարմանալի է նախագահ եղած մարդուց այսպիսի տրիվիալ քինապահության դրսեւորումը, քանի որ նրա նախագահության օրոք հատկապես նրան փուռը տալու շատ առիթներ են եղել: Ավելորդ չէ սպասել, որ այս քանի օրը «նյարդայնացած» Քոչարյանի պատասխանի ձայնը կլսվի, եւ ժողովրդին զբաղեցնելու տեսարանների պակաս չենք ունենա (գուցե դա էլ նպատակ է): Իսկ իշխանություն-ՀԱԿ «գործարքի մասին ճամարտակողներ», «սեւ կատու մութ սենյակում», «գործարքաբաններ», իր փոխարեն Օբամայի ասած` «առաջ շարժվելու միակ ճանապարհը իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է», այս բոլորը խոսքի նորաբանություններ են, գեղեցիկ ոճավորում, եւ միայն, էությունը, ժողովրդի տված պարզ բնութագրումներն ավելի մոտ են իրականությանը:

Մի մուշտարու հայացք եւս ձգելով ՀԱԿ-ի ապագա անելիքների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի ելույթի հատվածին, ինչն էլ մոտակա քաղաքական իրադարձությունների բանալին է, «խոտելի մեկքայլանի լուծումների» մասով նկատենք, որ, այո, Տեր-Պետրոսյանն անհայտ ելքերով քայլ անելու կողմնակից երբեք չի եղել, ընդունում ենք, ու նաեւ հենց նա է նշել հանրահավաքում, որ քաղաքացիական ակտիվությունը համապատասխան կանդիցիայի չի հասել (եւ հազիվ էլ այդպիսի կանդիցիա լինի-Մ.Խ.), այնպես որ ՀԱԿ-ը կտրականապես մերժում է հեղափոխական ճանապարհը (շուտ ասեիք` այս վերջին հանրահավաքին եկածների իսկի մեկ երրորդն այլեւս չէր գա), հեղափոխություն անող չկա, իսկ արտահերթ ընտրություն էլ պահանջվում է, քանի որ երկրից կարող է.... բան չմնալ: Ճշգրիտ սոցիոլոգիական հարցումներ էլ, թարսի պես, երկրում չկան, եւ Տեր-Պետրոսյանի ժամանակից է դրանց հերն անիծվել («100 տոկոս քվե էլ ստացած լինեն` իշխանություն հանձնողը չենք»), իսկ որ երկխոսությունը երկուստեք եւ ոչ թե միակողմանի խաղ է` ոչ ոք չի կասկածում: Արտահերթը` արտահերթ, բայց համ էլ լսելու են իշխանության հակաառաջարկները, ուրեմն եւ հիմա շատ կարեւոր է, թե ի՞նչ է առաջարկելու իշխանությունը: Հացպանյան-Բոջոլյան խառնելը մարտավարական, բայց անկապ հիմնավորում է` նրանց ժամկետը լրացել է, դուրս են գալու, ՀԱԿ-ն այստեղ անելիք չունի: Իսկ որ «իշխանության անդրդվելիության պարագայում չի բացառվում արաբական տարբերակը»` լավ կլինի այս միտքը Տեր-Պետրոսյանը հայելու առաջ ասի եւ իրեն էլ ուշադիր լսի` կտեսնի, թե որքան անիրական է այս միտքը հնչում այսօր հայոց իրականության մեջ, պարբերական հանրահավաքների մասին էլ Տեր-Պետրոսյանն առայժմ պետք է մոռանա, քանի որ այս խեղճ, բզկտված ու հոգնած հանրահավաքավորը իր հարցերի պատասխանը չի ստացել վերջին երեք հանրահավաքներում, եւ դեռ երկար չի ուզենա գալ Ազատության հրապարակ: Բայց, իհարկե, նոր քաղաքական իրավիճակն արդեն ՀԱԿ-ն ու իշխանությունը կարող են ուղղորդել առանց հանրահավաքի, միայն ներքաղաքական նեղ «կռուգում», դա ընդունում ենք: Իհարկե, երկխոսության օրակարգի մասին հայտարարության գնդակը, ինչպես հիմա ընդունված է ասել, իշխանության դաշտում է, այն էլ ամենաբարձր` Հայաստանի նախագահի մակարդակով, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ արբիտրը նա է: Թեեւ երեկ իշխանական օթյակներից այդ վերաբերմամբ հստակեցումներ եղել են, բայց ինչպես ավելի վեր նշել ենք` երեւի դրանք հորիզոնական հավաստումներ են, խորքայինին դեռ պետք է սպասել: Հայաստանի Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ շփվելիս ասել է, թե երկխոսությունը կկազմակերպի Հայաստանի նախագահը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի` 2-3 հոգանոց պատվիրակություն կազմակերպելու եւ երկխոսելու վերաբերյալ իշխանության հետ բանակցություն սկսելու առաջարկին: Իսկ թե իշխանությունն այդպիսի պատվիրակություն ձեւավորելո՞ւ է, այս հարցին ի պատասխան ԱԺ նախագահը նշել է, թե այդ ֆորմատը դեռ չի քննարկվել, բայց առաջիկայում այդ մասին հայտնի կդառնա, իսկ ընդհանրապես` իշխանությունը պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ: Ասուլիսներով հանդես եկած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էլի կրկնել են իշխանության հայտնի թեզը` արտահերթ ընտրությունների համար որեւէ հիմք չկա: Մասնավորապես` ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը ոչ մի օբյեկտիվ պատճառ չի տեսել այդպիսի ընտրությունների համար, բայց եւ նշել է, թե երկխոսելու բազմաթիվ այլ հարցեր կան` «կլինի երկուստեք ընդունելի եւ տրամաբանական օրակարգ», որպեսզի կատարվեն մթնոլորտն առողջացնելու երկուստեք նպատակները, եւ հերթական ընտրությունները բարձր գնահատականի ընտրություններ լինեն: Արտահերթ ընտրությունների համար քաղաքական եւ իրավական հիմքեր երեկ դեռ շարունակում էր չտեսնել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Հիմա բոլորը սպասում են նախագահ Սարգսյանի պատասխանին` Տեր-Պետրոսյանի բաց տեքստով առաջարկներին: Թե ինչ օրակարգ կառաջարկի նա` երեւի շատ շուտով կիմանանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4