«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2011-05-31 | #99, 2011-06-01 | #100, 2011-06-02


ԿՈԿՈՍՅԱՆ ՎԱՆՈՒԱՏՈՒԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱՐՏԻԱՆ»

Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները մեր տարածաշրջանի պակաս խնդրահարույցներից չեն, անգամ եթե համեմատենք հայ-ադրբեջանական իրավիճակի հետ, այն պարզ պատճառով, որ չհայտարարված պատերազմի պայմաններում կողմերը կարողանում են հայտարարել մեկ բան, անել մեկ ուրիշը, իսկ մի երրորդ ուղղությամբ էլ մտածել ապագայի մասին: Երկու երկրների պարագայում էլ ակնհայտ է, որ որոշ քայլեր ձեռնարկվում եւ անգամ իրագործվում են ոչ թե դրանց ժամանակային անհրաժեշտությունից ելնելով կամ տվյալ պահին խնդրի հրատապությամբ պայմանավորված, այլ մյուս երկրին որեւէ կերպ վնասելու մղումով:

Երբ վրացական խորհրդարանը ոտուձեռ ընկած քննարկում էր ու «առաջանցիկ» տեմպերով ընդունում էր Ռուսաստանում չերքեզների ցեղասպանության ճանաչման բանաձեւը, բնավ էլ արդարությունը վերականգնելու կամ դրանում իր լուման ներդնելու նպատակից չէր ելնում, այլ հարեւան Ռուսաստանին եւս մեկ խնդիր առաջադրելու ցանկությունից, հատկապես եթե հաշվի առնենք, որ չերքեզական կոտորածների ու տեղահանությունների վերջին շրջանում Կովկասյան պատերազմի հաղթարշավում իր մասնակցությունն ուներ նաեւ Վրաստանը:

Մյուս կողմից, որքան էլ ցանկանանք, Ռուսաստանի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան 2008-ի օգոստոսին ճանաչելու հանգամանքն էլ բնավ չի տեղավորվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողքին կանգնելու մղումներում, այլ հստակորեն նպատակ ուներ եւ ունի հարցադրումներ առաջ քաշել վրացական համատեքստում:

Զուտ տարածաշրջանային առումով այս հակադրությունը, որ 2008-ի օգոստոսի սկզբին ռազմական բախման տեսք ընդունեց ու բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ, այսօր էլ շարունակում է` ռուս-վրացական հարաբերություններում նոր խաղաքարտեր ներմուծելով: Այն ժամանակ, երբ մայիսի 31-ին Վանուատու խաղաղօվկիանոսյան կղզային պետությունը ճանաչում է Աբխազիայի անկախությունը, վրացական խորհրդարանն իր հակառուսական տրամադրություններում ակնհայտորեն ընկնում է նույն ծայրահեղության մեջ, որում իր քաղաքականությունը դրսեւորում է Ռուսաստանը` ֆաշիստական սիմվոլիկային հավասարեցված ու մեկտեղ արգելելով նաեւ խորհրդային խորհրդանիշների օգտագործումը:

Մայիսի 31-ին մոտ 200 հզ. բնակչություն եւ մոտ 80 կղզի ունեցող Վանուատուն դարձել է Ռուսաստանից հետո Աբխազիան ճանաչող 4-րդ պետությունը` Նիկարագուայից, Վենեսուելայից եւ Նաուրուից հետո: Պարզվում է, որ հիմնականում գյուղատնտեսությամբ, ընդ որում` կոկոսի աճեցմամբ զբաղվող, նաեւ զգալի քանակով զբոսաշրջիկներ ընդունող Վանուատուն արդեն իսկ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Աբխազիայի հետ, իսկ անկախության ճանաչումն էլ կապված է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան հետ` ի հիշատակ:

Նույն օրը` մայիսի 31-ին վրացական խորհրդարանն էլ շարունակում էր հակառուսական տրամաբանությունը` տեղավորելով այն հակասովետական դրսեւորումների մեջ: Մասնավորապես, այդ օրը Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Ազատության խարտիան», որով արգելվում է երկրի տարածքում ֆաշիստական եւ կոմունիստական սիմվոլիկան, սահմանափակում է նախկինում կոմունիստական եւ կոմերիտական պաշտոններ զբաղեցրած եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ եղած անձանց աշխատանքի հնարավորությունը Վրաստանի անվտանգության խորհրդում, նախագահի աշխատակազմում, խորհրդարանի աշխատակազմում եւ իշխանության այլ մարմիններում:

Այդ մարդիկ չեն կարող ղեկավար պաշտոններ զբաղեցնել անգամ բուհերում: Այդ փաստաթղթի համաձայն, իբր անվտանգության նկատառումներից ելնելով, վրացական բանկերը պարտավոր են իրավապահներին տեղեկացնել արտերկրից խոշոր դրամական փոխանցումների մասին:

Թե որքանով է նման փաստաթուղթը ժողովրդավարական, թերեւս կասեն մասնագետները, բայց որ շատ է հիշեցնում վրացի հայտնի քաղաքական, սովետական, կոմունիստական գործչի ռեպրեսիվ գործունեությունը, հաստատ է:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4