Առաջին հարցը, որ կարող է առաջանալ վերնագրից, թերեւս` ինչո՞ւ կամ ի՞նչ: Սակայն նախքան այդ հարցերին պատասխանելը, եկեք հասկանանք, թե խոսքը Ադրբեջանի կոնկրետ ո՞ր քաղաքացիների մասին է: Գաղտնիք չէ, որ հարեւան երկրում ադրբեջանցիներից բացի բնակվում են նաեւ լեզգիներ, թալիշներ, ավարներ, «լեռնցի հրեաներ» եւ այլք: Գաղտնիք չէ նաեւ, որ հարեւան երկրում նրանք բոլորը` սահմանադրորեն, համաձայն անձնագրերիՙ Ադրբեջանի քաղաքացի են, առանց ազգությունը շեշտելու, մի խոսքով` նրանք բոլորը «ադրբեջանցի են»: Մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը իր խնդիրներն ունի ազգային փոքրամասնությունների մասին օրենք չունեցող ու Ղարաբաղի հայերին ինքնավարության խոստումներ տվող Ադրբեջանում: «Ազգը» նախորդ համարներում որոշակիորեն անդրադարձել է թալիշների ու լեզգիների խնդիրներին, առաջիկայում մենք ավելի մանրամասն կտեղեկացնենք Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների կենսապայմաններին, ունեցած, իսկ ավելի ճիշտ` «չունեցած» ռեսուրսներին, հնարավորություններին եւ այլն: Այս թեմայով երեկ հրավիրած ասուլիսում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը ընդգծեց, որ հայկական կողմերը պետք է ցույց տան միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում լեզգիները, թալիշներն ու ավարները ունեն ազգային խնդիրներ: Բանախոսը նույնիսկ նկատեց, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման պարագայում մենքՙ ի դեմս ադրբեջանական ազգային փոքրամասնությունների, կարող ենք ունենալ բնական դաշնակիցներ: Ինչ խոսք, բնական դաշնակիցներ` ի դեմս Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մենք կարող ենք ունենալ ոչ միայն Ղարաբաղում պատերազմ վերսկսվելու, այլեւ քարոզչական պատերազմի պարագայում, դիվանագիտական երկխոսություն ծավալելիս: Հրանտ Մելիք Շահնազարյանի տեղեկացմամբ` այդ փոքրամասնությունների առաջնորդները հիմնականում բնակվում են Ադրբեջանից դուրս եւ հնարավորություն չունեն վերադառնալու Ադրբեջան, այս հանգամանքն, անշուշտ, կարող է լրացուցիչ խթան լինել նրանց հետ համագործակցելու համար: «Իսկ ակտիվիստներից շատերը ադրբեջանական բանտերում են», նշեց բանախոսը:
Ասուլիսի մյուս հյուր` տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը , ընդգծելով, որ այսօրվա Ադրբեջանը «մինի նացիստական պետություն է», նշեց, որ Հայաստանը պետք է լրատվական օգնություն ցուցաբերի Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների տեղեկատվական կայքերին, որպեսզի աշխարհում առավել լսելի դառնա վերջիններիս ձայնը: Անշուշտ` «թշնամու թշնամին» ոչ միշտ է բարեկամ, սակայն սա չի նշանակում, որ նրանք չեն կարող լինել լուրջ գործոն` սեփական արդարությունն ու ճշմարտությունը ապացուցելու համար:
Հ. ԱՖՅԱՆ