Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը երեկ բացվեց Երեւանում, որին մասնակցում էին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Ռուսաստանի Դաշնության կապի նախարար Իգոր Շոգլեւը, Բելառուսի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Նիկոլայ Պանտելեյը, Ղազախստանի կապի եւ տեղեկատվայնացման նախարար Ասկար Ժումագալիեւը եւ ԱՊՀ երկրների այս ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը : Նա կարեւորեց ԿՏՀ նշանակությունը, տեղեկացնելով, որ նիստի ընթացքում կքննարկվեն ռադիոկապի, փոստային կապի, արբանյակային կապի եւ ընդհանրապես հեռահաղորդակցության բնագավառում համագործակցության հարցերը: Նա նաեւ ներկայացրեց Հայաստանում կապի ոլորտում վերջին տարիներին արձանագրած զարգացումները: Համաձայն դրանց, բջջային կապը հասանելի է դարձել երկրի ամբողջ տարածքում այստեղ մենաշնորհի վերացումից հետո, զգալիորեն իջել են սակագները, ավելացել են նաեւ ֆիքսված կապի բաժանորդները, իսկ անալոգային կապի փոխարեն անցում է կատարվել թվային կապի: Մանուկ Վարդանյանի տեղեկացմամբ, ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում վերջին 2 տարում ավելացել է 6 անգամ եւ կազմում է բնակչության մոտ մեկ երրորդը:
Նիստի շրջանակներում տեղի ունեցան նամականիշների մարումների արարողություններ, շրջանառության մեջ դրվեցին ԿՏՀ 20-ամյակին նվիրված նամականիշ, Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելառուս 2-ական նամականիշներ:
Ա. Մ.