«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2011-05-31 | #99, 2011-06-01 | #100, 2011-06-02


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍԱՅԱԹՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ

Մայիսի 29-ին Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Մեյդան հրապարակում տեղի է ունեցել մայիսյան ավանդական սայաթնովյան վարդատոնը: Տոնին ներկա են եղել հյուրեր Հայաստանից, Արցախից եւ Վրաստանի տարբեր անկյուններից:

Հավաքվածներին տոնի առթիվ շնորհավորեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը : Նա մասնավորապես ասաց. «Սա մեր փոքրիկ պարտականությունն է այն մեծ ստեղծագործողի առջեւ, որի անունն է Սայաթ-Նովա: Այն ժառանգությունը, որը մեր մշակույթին տվել է Սայաթ-Նովան, անգնահատելի է: Թերեւս չկա մի հայ մարդ, մի հայ մանուկ, որի կյանքը եւ որպես անհատ ձեւավորման պրոցեսը անցած չլինի Սայաթ-Նովայի հնչյունների ներքո: Սակայն ամեն տարի այս տոնը նշելիս ամեն մեկս պետք է մի պահ մտածենք, թե արդյո՞ք մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արժանվույն գնահատենք Սայաթ-Նովայի արվեստը, աշխարհին իսկապես մատուցենք այն մեծ ժառանգությունը, որը թողել է նա մեզ»:

Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության մասին ելույթներ ունեցան նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդը եւ Երեւանից ժամանած հյուրեր, նաեւ ընթերցվեց ողջույնի ուղերձ` Հայաստանի գրողների միության անունից:

Տոնի կապակցությամբ կայացած համերգում հանդես եկան Երեւանից ժամանած «Սայաթ-Նովա» համույթը` Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի «Ջեյրան» պարային համույթը` Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ, մենակատարներ Հենրիխ Պողոսյանը, Աննա Խանչալյանը, Անահիտ Հարությունյանը եւ ուրիշներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4