Հունիսի վերջին Կազանում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նախագահների մակարդակով նախապատրաստվող հանդիպումը թեեւ հույսերի ու փաստաթղթային որեւէ տեսք ստանալու հեռանկարների տեղիք է տալիս, սակայն իրատեսությունը հուշում է, որ Ադրբեջանի բռնած դիրքին այդ ամենը որեւէ կերպ չի կապակցվում:
Ամեն դեպքում, գոնե Ռուսաստանի անունից ներկա դրությամբ հայտարարություն է արվում, թե հանդիպման նախապատրաստման աշխատանքները շարունակվում են` արդյունք ունենալու հեռանկարով: Ռուսաստանի արտգործնախարարությունը, ի դեմս ՌԴ ԱԳՆ կովկասյան բաժնի ղեկավար Անդրեյ Կելինի, ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ներկա դրությամբ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Ադրբեջանական «Aze.az» գործակալության փոխանցմամբ, Կելինը հեռուստատեսությամբ նշել է նաեւ, որ եռակողմ հանդիպման նախապատրաստման վրա աշխատում են նախագահները, իսկ արտգործնախարարները զբաղված են «համապատասխան նյութերի նախապատրաստմամբ»: Գործընթացին, ըստ Կելինի, մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մենք եւս մասնակցություն ունենք գալիք հանդիպման նախապատրաստմանը: Դա շատ լուրջ եւ նուրբ աշխատանք է», ասել է Կելինը:
Ռուսաստանը, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարության, պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը հակամարտության կարգավորման համար. «Սակայն առաջխաղացում ունենալու հանգամանքը ամբողջովին կախված է կողմերի կամքից: Մենք գտնում ենք, որ հիմա անհրաժեշտ է առավելագույն ջանք ներդնել հակամարտության կարգավորման համար, այդ ուղղությամբ աշխատանքը անհրաժեշտ է նաեւ դրանից հետո»:
Հիշեցնենք, որ հունիսին կայանալիք հանդիպման մասին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները նշել էին իրենց համատեղ հայտարարությամբՙ այդ հանդիպմանը ակնկալելով փաստաթղթի ստորագրում:
Ա. Հ.