ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հաջորդ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Հունիսի 1-ին, ըստ իրանական Press TV լրատվական գործակալության, Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը մտադրված է զարգացնել գործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում. «Մենք այս հարցում չենք տեսնում եւ ոչ մի խոչընդոտ», հավելել է Իրանի նախագահը: Ըստ պաշտոնական լրահոսի` Ահմադինեժադը «Հայաստանի հետ բոլոր ոլորտներում գործակցությունը զարգացնելու նպատակով Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ»: Առհասարակ, վերջին ժամանակներում զգալի է «հարավից եկող այս ջերմությունը»: Վերջին ամիսներին երկու անգամ Երեւան ժամանեց Իրանի նախագահի հատուկ բանագնացը: Բացի սրանից` օրեր առաջ Երեւանում Իրանի դեսպանությունը հայտարարություն տարածեց, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես երկխոսության, ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Բավական չէ, որ այստեղ բացակայում է Ադրբեջանի սիրած «տարածքային ամբողջականություն» դրույթը, հայտարարությունից հետո Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մահմանպարաստը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ. «Իրանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Հիմնահարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի եւ երկխոսության միջոցով: Թեհրանը պատրաստ է հակամարտ կողմերին տրամադրել անհրաժեշտ օժանդակություն»: Այստեղ արդեն, ճիշտ է, ամրագրված չէ ինքնորոշման իրավունքը, սակայն, տարածքային ամբողջականությունը նույնպես բացակայում է: Իսկ Թեհրանից հնչող «հակամարտ կողմերին (եւ կրկին` ոչ երկու կողմերին-Հ. Ա.) օժանդակելու պատրաստակամությունը ամենեւին էլ նորություն չէ. Իրանը երբեք չի թաքցրել, որ շահագրգռված է սեփական սահմանների մերձակայքում անվտանգության պահպանմամբ եւ «օտար ուժերի ներկայության» նկատմամբ չկամությամբ: Ուրեմն` հենց այս համատեքստում Երեւան է ժամանում Իրանի նախագահը, ավելին` գալիս է «Երեւանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու ցանկությամբ»:
Պետք է նկատել, որ Իրան-Հայաստան առաջին հերթին տնտեսական գործակցության ներկա վիճակը բավական խոստումնալից է: Մասնավորապես` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է 38 տոկոսով: «Ներկայումս Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 270 մլն դոլար: Մենք Հայաստանի 4-րդ տնտեսական գործընկերն ենք», այս ամենը հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ` Թեհրանում օրերս կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ավարտին: Սալեհին եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են էներգետիկայի, բանկային գործի, առեւտրի, տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման երկկողմ հուշագրեր: Եթե այս ամենին գումարենք նաեւ Հայաստան-Իրան բարձրագույն մակարդակով պայմանավորվածությունները` կապված Հայաստանում կառուցվելիք երկաթգծի, նավթամուղի, էներգետիկ որոշ ծրագրերի հետ, եւ այս ծրագրերի վերաբերյալ Ահմադինեժադի հայտարարությունը, թե իր այցը Երեւան նաեւ միտված է «արագացնելու նախագահների մակարդակով ձեռք բերված այս պայմանավորվածությունների իրականացման ընթացքը», ապա ակնհայտ է, որ Թեհրանը Հայաստանին վերաբերվում է որպես լրջագույն գործընկերոջ, եթե ոչ դաշնակցի` իր նկատմամբ ոչ բարեհաճ տրամադրված տարածաշրջանում:
Նույն այս ժամանակահատվածում, երբ նախապատրաստվում է Իրանի նախագահի այցը Հայաստան, Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն հանդես եկավ Ադրբեջանին մեղադրող հայտարարություններով: Ըստ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» գործակալության` փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանը նավթի արդյունահանման հետեւանքով աղտոտում է Կասպից ծովը եւ անուշադրության մատնում շրջակա միջավայրի խնդիրները. «Ղազախստանում կայանալիք Կասպից ծովին նվիրված հերթական նիստի ընթացքում անհրաժեշտ է լուրջ քննարկումներ անցկացնել ծովի էկոլոգիական վիճակի պահպանության վերաբերյալ», նշել է Մոհամմադզադեն: Ադրբեջանին մեղադրանք հասցեագրել է նաեւ Իրանի Կասպից ծովի էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռեզա Փուրղոլամը: Իրանցի էկոլոգները` Ադրբեջանին մեղադրանքներ են ուղղում ոչ միայն այն ժամանակ, երբ Ահմադինեժադը պատրաստվում է գալ Երեւան, այլ այն բանից հետո, երբ նույն Ահմադինեժադը ինքն իրեն նշանակեց Իրանի նավթի նախարար: Հետեւաբար` այս մեղադրանքները կարող են եւ Իրանի նորանշանակ «նավթի նախարարի» անձնական հրահանգները լինել. Բաքուն նոր չէ, որ հայտնվել է Կասպից ծովի ափին, առաջին տարին չէ, որ այնտեղից նավթ է արդյունահանում, հետեւաբար` նոր չէ, որ աղտոտում է ծովը:
Ինչեւէ` «էկոլոգիական, հիջաբային» ինչպես նաեւ Կասպից ծովի բաժանման վերաբերյալ ունեցած տարաձայնություններից եւ խնդիրներից զատ Բաքուն ու Թեհրանը այլ` բազմաթիվ խնդիրներ եւս ունեն: Ընդ որում` Թեհրանի ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Այսպես` գրեթե սառեցված ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները դեսպան Բրայզայի նշանակումից հետո, կարծես թե նոր տեղաշարժեր են արձանագրում: Մասնավորապես աշխատանքներ են տարվում, որպեսզի ամերիկա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը վերսկսի իր աշխատանքները: Այս մասին մայիսի 31-ին Բաքվում հայտարարեց Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Ավելին` ինչպես նշում են մի շարք ադրբեջանական կայքեր` Բաքվում կայացել է ամերիկա-ադրբեջանական ռազմական հարցերով խորհրդակցություն: Անշուշտ` տարածաշրջանում որեւէ երկրի «ռազմական հարցերով խորհրդակցությունը», ապագա համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածությունների ձեռքբերումը Վաշինգտոնի հետ, անմիջականորեն անհանգստացնում է Իրանին: Այս ամենը բավական չէ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, «Կոլ Իսրայել» ռադիոկայանի տեղեկացմամբ, հայտարարել է, որ «ժամանակն է Իրանը շրջափակելու հակահրթիռային համալիրներով»: Պերեսի խոսքերովՙ այս շրջափակումը կարող են անել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ մերձավորարեւելյան ու կենտրոնասիական տարածաշրջաններում Իսրայելի դաշնակիցները: Իսկ ովքե՞ր են այդ դաշնակիցները, դժվար չէ կռահել, մանավանդ դրանցից մեկին: Որ իրանցի մոլլաներից եւ գործիչներից ոմանք Ադրբեջանն անվանում են անգամ «սիոնիստական», որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հաճախ է հյուընկալվում Բաքվում` «սիրելի բարեկամ» Էլմար Մամեդյարովին, եւ որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում «Ադրբեջանի համար վտանգավոր երկրների» ցանկում առաջատար դիրքերում է Իրանը, ինչ-որ բանի մասին խոսում են: Եվ «մի քիչ» գոնե պատասխանում հարցին, թե ինչո՞ւ է Մահմուդ Ահմադինեժադը գալիս Երեւան` «զարգացնելու Հայաստանի հետ գործակցությունը բոլոր (այդ թվում, փաստորեն, ռազմակա՞ն - Հ. Ա.) ոլորտներում: