«Ազգի» հունիսի 1-ի համարում հրապարակված «Նոտարական նոր սակագները դարձյալ սանդղակով» հրապարակմամբ անհասկանալի էինք համարել այն փաստը, որ հակառակ վարչապետի հանձնարարականինՙ նոտարական ծառայությունների սակագներն առանց սանդղակի սահմանելու մասին, նոր հաստատված սակագները դարձյալ միջակայք են ունեցել: Կառավարության երեկվա նիստում Տիգրան Սարգսյանը փաստել է, որ «թերթերն արդարացիորեն» նշել են վարչապետի վերոնշյալ հանձնարարականի մասին, եւ առաջարկել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ՙ պարզաբանումներ տալ, «թե ինչի համար է անհրաժեշտ պահպանել այդ սանդղակը»:
Արդարադատության նախարարը տեղեկացրել է, նախկին գործող սակագների սանդղակները մեծ էին` սկսվում էին 0.5-ից մինչեւ հիսունապատիկը: «Բացի դրանից, այդ սակագներում կար այսպես կոչված «բարդ գործարք» հասկացությունը, եւ նոտարական գրասենյակներում, ինչպես Ձեր վերահսկողության ծառայության, այնպես էլ արդարադատության նախարարության համապատասխան ստուգումները ցույց էին տալիս, որ երբեմն բավական պարզ, ստանդարտ պայմանագրերը գնահատվում էին որպես բարդ գործարքներ, եւ գանձվում էր, ըստ էության, քսան հազար դրամ», հայտնեց Հրայր Թովմասյանը, ավելացնելով, սակայն, որ սանդղակներից հրաժարվելու դեպքում կկորցնեինք նոտարական գրասենյակների եւ նոտարների միջեւ առավել բարենպաստ, առավել որակյալ ծառայություններ մատուցելու մրցակցությունը, եւ նրանց միջեւ մրցակցությունը կընթանար բացառապես այն հարցի շուրջը, թե իրենց գրասենյակները որ տարածքներում են տեղակայված: «Առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու հարցում նրանց շահագրգռվածությունն էականորեն կփոքրանար», ասաց նա: Իսկ այժմ, ըստ նախարարի, սակագների տարբերությունների էականորեն փոքրացվել են, ընդհանրապես հանվել է բարդ գործարք հասկացությունը, նոտարական ծառայությունների մեջ ներգրավված են նաեւ տպագրության եւ պատճենահանման համապատասխան ծախսերը:
Այս կապակցությամբ, իր խոսքում, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ուրախությունը հայտնեց, որ «զանգվածային լրատվական միջոցներն ուշադրությամբ հետեւում են մեր հայտարարութուններին եւ մեր կայացրած որոշումներին եւ բացահայտում են շեղումները»: Այնուհետեւ նա այն կարծիքը հայտնեց, որ նոտարների միջեւ եթե լինի մրցակցություն, նրանք պետք է հնարավորություն ունենան գներն իջեցնելու: Միաժամանակ վարչապետն առաջարկեց մի քանի ամիս հետո, եթե այդ մրցակցությունը չձեւավորվի, նորից նորմատիվային փոփոխություններ կատարել:
Հարկ ենք համարում մեկ անգամ եւս պնդել մեր այն տեսակետը, որ նոտարական համակարգում մրցակցություն չի առաջանա, քանի որ այստեղ գործում է հակամրցակցային համաձայնությունների տարիներով ամրացած ավանդույթը, ինչպես նաեւ նոտարական գործունեությունը դեռեւս ազատականացված չէ եւ նոտարների թիվը սահմանափակում ունի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ