«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2011-06-01 | #100, 2011-06-02 | #101, 2011-06-03


ՈՐՊԵՍ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ՀԱՄԵՍՏ ԶԱՎԱԿԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ժիրայր Դանիելյանի 70-ամյակը ԹՄՄ-ում

«Իր կոչումին գիտակից հայ դպրոցի նուիրեալ կրթական մշակ, յարգելի եւ բծախնդիր բանասէր, բարեխիղճ խմբագիր, անաչառ եւ պարկեշտ հրապարակագիր եւ եռանդուն ու համեստ մշակութային գործիչ»:

«Ամէն բանէ առաջ Ժիրայր եղաւ ուսուցիչՙ բառին վաւերական իմաստով: Ուսուցչութիւնը իրեն համար դարձաւ ամենօրեայ ապրում, մնայուն տագնապ, ամբողջական նուիրում: Կոչումի խոր գիտակցութեամբ ան աշակերտներ դաստիարակեց ու կազմաւորեց հայու անմեռ ոգիով հոգեմտաւոր արժէքներով ու ազգային վառ երազներով:

Ժիրայր Դանիէլեանը եղաւ բանասէր: Ուսուցչութեան կողքին ան շարունակ կարդաց ու պրպտեց, վերլուծեց ու ուսումնասիրեց, հայագիտութեան մարզէն ներս փորձեց փոշիներու մէջ թաղուած հարցեր արծարծել, լուսարձակներէ հեռու մնացած խնդիրներ քննել, քաջութիւնը ունեցաւ նաեւ անկոխ ու լպրծուն գետիններու մօտենալ» :

Գրավոր բազմաթիվ շնորհավորանքներից ընտրված այս երկու հատվածները` առաջինը Լիբանանահայ գրողների խամախմբումի, երկրորդը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի, ամենաբնորոշն է, ինչը լավագույնս կարող է բնութագրել բեյրութահայ ուսուցիչ, մտավորական Ժիրայր Դանիելյանին, նրա ապրած 70 տարիների գնահատականը տալ, որոնցից 50-ը նվիրաբերման ակտեր եղան: Նվիրումըՙ հայ ազգային-մտավորական կյանքին, նրա զարկերակը պահող դպրոցին, գիր ու գրականությանը, հայապահպանմանՙ արմատներից փոխանցված առաքելության իր բաժնին: Ճանապարհ, որ նա անցավ անվարան հաստատությամբ, կյանք, որի օրերը, որի միտքն ու գիտակցությունը սնեց հազարավոր երիտասարդ հայորդիների, նրանց ներարկելով այդ նույն արմատների հին ու թանկ արյունըՙ հայկականության եւ առհասարակ մարդկային առաքինությունների պահպանությունը:

Ի՞նչն է ամենափնտրվածը մտածող էակի կյանքում, նրա գրեթե բոլոր փուլերում. եթե հետադարձ հայացք նետենքՙ վստահաբար պետք է հաստատենքՙ Ուսուցիչը, որի կերպարը մեր հետ մինչեւ կյանքի ավարտ ենք տանում. ավելի հասուն գիտակցական վիճակում հոգեւոր ուսուցիչ ենք փնտրում. դժվարի՜ն գործ: Ուսուցիչըՙ ճանապարհ ի ցույց անողը կյանքի հոգեւոր եւ իմացական առումներով, ինքնաճանաչողության դուռը առաջինը բացողը, եւ եթե ճիշտ է այն, չես խարխափի կյանքի բավիղներում:

Ժիրայր Դանիելյանը ուսուցիչ է, իր ուսումը առած նախ Բեյրութի վիեննական Մխիթարյան վարժարանում, միջնակարգըՙ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, բարձրագույն կրթությունը ստացած Հայկազեան քոլեջում: Այս նույն համալսարանում նա շուրջ 25 տարի եղել է Հայագիտական գրադարանի վարիչ, ապա ընդհանուր գրադարանապետ: Ավելի ուշ Հովակիմյան-Մանուկյան երկրորդական վարժարանի տնօրենն է նշանակվել, մի քանի տարի անց նաեւ օրիորդաց Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանի տնօրեն: Շատ վաղուց դեռ ազգային-հանրային կյանքի ամենաակտիվ մասնակիցՙ ՀԵԸ Կենտրոնական վարչության ատենադպիր, ՀԲԸՄ Լիբանանի կրթական հանձնախմբի ատենադպիր, բազմաթիվ հանդեսների, պարբերականների խմբագրական եւ հրատարակչական խորհուրդների անդամ, 1990-97-ին «Շիրակ» ամսագրի պատասխանատու խմբագիրն է եղել եւ 2005-ից արդենՙ «Կամար» գրական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: Եվ բնականաբար բազմաթիվ հոդվածների եւ ուսումնասիրությունների հեղինակ լիբանանահայ մամուլի էջերում եւ տասնյակ գրքերի հրատարակություններՙ հայ բանասիրությանը եւ մամուլի պատմությանը վերաբերող:

Հայաստանի Թեքեյանի մշակութային միությունը հունիսի 1-ին իր տարեգրությունը հավելեց եւս մի գեղեցիկ ու հարուստ էջովՙ հոբելյանական հանդիսություն կազմակերպելով Ժիրայր Դանիելյանի 70-ամյակին նվիրված, հագեցած մեծարման ու գնահատանքի խոսքերով, մեդալ-պարգեւատրումներով (ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ»ՙ մինչ այժմ եղած 20 անունների մեջ միակ ուսուցիչը, ՀՀ ԿԳ, Սփյուռքի նախարարությունների «Ոսկե մեդալ» եւ «Վիլյամ Սարոյան» շքանշան, Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտության» եւ Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներ, վերջինըՙ նախօրեին ՀԳՄ-ում տրված) եւ երաժշտականությամբ այդ երեկոն իսկապես մինչեւ վերջ պահպանեց հանդիսավոր ու զվարթ տոնայնությունը, եւ դահլիճն էլՙ մի զգալի մաս հայկական սփյուռքի ամենատարբեր համայնքներից երեւելի անձեր, ազգային գործիչներ, նաեւ պաշտոնական հյուրեր, հայաստանյան անվանի մտավորականներ, գրողներ, պատմաբաններ, մասնակիցը եղան այս ուրախության, նոր կամ վերստին ճանաչեցին իրենց վաղեմի մտերմին, բարեկամին, ընկերոջը:

Ինքըՙ հոբելյարը ավարտին զսպված հուզմունքով ասաց, թե միշտ մտածել է, որ իրեն ոչ ոք իրենից բացի չի կարող ավելի լավ ճանաչել: «Հիմա ես նոր Ժիրայր Դանիելյանի մը ծանոթացա»: Այսպիսի զգացողություն մարդ ունենում է, երբ իրեն փորձում է տեսնել ուրիշի աչքերով: Հոբելյաններին, իհարկե, խոսքեր չեն խնայվում: Եվ դրանք հնչում են առատության եղջյուրից: Բայց պետք է ուշադիր լինել, չէ՛, ավելի շուտ զգալ խոսքի, բառի արտաբերման ձեւը, գույնը, պատկերը, ներքին հույզը, հնչերանգը, որով եւ դահլիճի մթնոլորտը կարելի է բնութագրել, երեկվանըՙ միասնական, անբռնազբոս, հոբելյարի պես ժպտուն: Եվ եթե անկեղծ է խոսքը, հնչում է այն պարզ, հստակ ելեւէջումով: Ճիշտ այդպիսին էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքըՙ ջերմաբուխ, վարակիչ, հաղորդական: «Լավ» բառը կարծես հենց Ժիրայր Դանիելյանի համար է ստեղծված. Լավ ուսուցիչ, լավ խմբագիր, լավ բանասեր, լավ հայ, լավ մարդ: Այդպես է, որովհետեւ արմատը մաքուր է, որովհետեւ ծնողները ճիշտ հայ, ճիշտ մարդ են դաստիարակել»: Այս պատճառով նաեւ Հակոբ Ավետիքյանը «70-ամյա մանուկ» բնութագրումը տվեց նրանՙ կյանքին, գործին իր մաքրության, անկեղծության, անմիջականության ու նվիրումի առումով անշուշտ. 40-ից ավելի տարիների մտերիմներ, գործընկերներ, դեռ Բեյրութից եւ ամենադժվարՙ Լիբանանի պատերազմի տարիներից նրանք իրար հետ են եղել, միասին տխրել ու ուրախացել են եւ «ամենասերտ հարաբերություններով «Զարթօնք» օրաթերթի էջերում (իր խմբագրած տարիներին) համագործակցել, որտեղ Ժիրայր Դանիելյանը տոմսակների առանձին բաժին ուներ, իր տեսակի մեջ գլուխգործոցներ, եւ այնտեղ մենք մեր ուզածները գրում էինք . ոչ ոք չէր կարդում, պատերազմ էր, մենք ապրում էինք ազատ մամուլի ուրախությունը»:

Ժիրայր Դանիելյանը, ինչպես Հակոբ Ավետիքյանն է հիշում, 70-ականների այն սերնդից էր, որ ի տարբերություն գաղութը ղեկավարող նախորդների, տարբեր էր, եւ սկսեց շարժվել հակադիր հոսանքով եւ Ժիրայրը այդ հակադրվողներից էր, բնույթովՙ հեղափոխական: Հետագայում լիբանանահայ գաղութը երբ նվազել սկսեց, հզորությունը կորցրեց եւ մաղվեց աստիճանաբար, Ժիրայրը նույն ակտիվությամբ տոկաց եւ մնաց նախկին արժեքներին հավատարիմ, քանի որ ի սկզբանե իր ընտանիքից, իր գերդաստանից, ուսուցիչներից էր դա ժառանգել, նրանցով էր իր կապը Խորհրդային Հայաստանի հետ եւ «լավագույնս կարող էր խորաչափել այդ հարաբերությունները»:

Հ. Ավետիքյանը երբ ավարտեց խոսքը, գրավոր շնորհավորանքների ընթերցմանն անցավ («Կամար», «Խօսնակ», «Ազդակ» պարբերաթերթեր, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հայկական հիմնադրամ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս, ամերիկահայ գրականագետ Երվանդ Ազատյան, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյան, ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյան), ապա հետեւեց բանավոր շնորհավորանքների իսկապես որ շքերթըՙ Հրանուշ Հակոբյան, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան, Հայաստանի գրողների, Ժուռնալիստների եւ թատերական գործիչների միությունների նախագահներ Լեւոն Անանյան, Աստղիկ Գեւորգյան, Երվանդ Ղազանչյան, բեյրութահայ մշակութային գործիչ, բարերար Գոհար Խաչատուրյան, դերասանուհի Լալա Մնացականյան:

«Ճակատագրի աստվածուհիները, ի՜նչ շնորհներ են պարգեւել մի անհատի, երբ հաճախ մարդիկ չեն կարողանում երկարած կյանքի ընթացքում ավարտուն տեսքի բերել մեկ առաքելություն: Այդ արժանիքներից ուզում եմ նրա մեծ ներդրումը շեշտել հայ մամուլի պատմության տեսության մեջ, եւ ուզում եմ ասել, որ այդ նվիրումը, պատասխանատվության արգասավորությունը, որ դրսեւորել է ինքը բանասիրական որոնումներում, մեզ ասում է, որ նա «Ազդարարի» Հարություն Շմավոնյանի, Գրիգոր Արծրունու «Մշակի» զարմից է, ինչու չէ, Վարդգես Պետրոսյանի «Գարունի» զարմից: Եվ իր «Կամարն» էլ հավելում է հայ մամուլի խայտաբղետ ճարտարապետությունը շատ ինքնատիպ կերպով:

Մենք շատ ապահով ենք զգումՙ հանձին Ժիրայր Դանիելյանի կրթամշակութային վիթխարի վաստակի, լիբանանահայ դպրոցը, կրթությունը վստահելի ձեռքերում տեսնելով» (Լեւոն Անանյան):

Շնորհավորանքները հավասարապես ուղղվում էին հոբելյարի կնոջըՙ կանացի, մարդկային եւ ազգային նկարագրի բարեմասնություններով նույնքան օժտված տիկին Զվարթին: Եվ ինչպես Հրանուշ Հակոբյանը շատ ճիշտ նկատեց, նման ինքնավստահ գործող այրմարդը թիկունքում պետք է որ զգա հոգատար կնոջ քաջալերանք, երբ նա իր վրա վերցնելով կյանքի հոգսըՙ ամուսնուն մղում է հասարակական-ազգային, մշակութային կյանքի հորձանուտները:

Հետաքրքրական եւս մի հանգամանք, որ բնութագրում է օրվա հոբելյարին. լինելով ազգային կյանքի կիզակետերում, կուսակցականացված սփյուռքի պայմաններում Ժիրայր Դանիելյանը անկուսակցական է: «Մեծ հայրս կուսակցություններու կհավատար, բայց կթելադրեր կուսակցական չըլլալ: Կհավատար Հայկական բարեգործական ընդհանուր միության» եւ հայրենիքին իհարկե, որի հանդեպ այդ սերը շարունակվել է որդիների ու դուստրերի մեջ, եւ ինքն էլ այդպես շարունակելու է հավատարիմ եւ համեստ զավակը մնալ հայրենիքի, առանց դավաճանելու իրեն որդեգրած հայրենիքը:

Ճիշտ ժամանակին (օրեր առաջ) լույս տեսավ Ժիրայր Դանիելյանի «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» հոդվածների եւ ուսումնասիրությունների ժողովածունՙ «Մուղնի» հրատարակչության «Գալուստ Կյուլբենկեան հիմնարկության հայկական մատենաշարով» («Գասպրինտ» ՍՊԸ տպարան): Գրքի կազմողը, առաջաբանի հեղինակը եւ խմբագիրը գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն է, որը երեկոյի հիմնականՙ մասնագիտորեն ներկայացնող բանախոսն էր: Ժիրայր Դանիելյանի լայն հետաքրքրություններից, նրա մտավորական բազմազբաղ գործունեության տարբեր ասպարեզներից բանախոսը առանձնացրեց բանասիրությունը` ընդգծելով այս մասնագիտության ծանր, տաժանելի աշխատատարությունը, որով իրապես գիտակ զբաղվողները շատ սակավ են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Հետեղեռնյան սփյուռքահայ իրականությունը, որ ձեւավորեց գեղարվեստական գրականություն, մամուլ եւ մշակույթ, տեսական-գիտական մտքի պակաս ուներ, որ լրացվում էր առանձին անհատների նախաձեռնությամբ, աշխատանքով: Ժիրայր Դանիելյանը նրանցից մեկն էր: Ե. Տեր-Խաչատրյանը հիշատակեց նրա բանասիրական ուսումնասիրության մի քանի էական կողմերՙ ինչպես արեւելահայ գրականության, հայաստանյան մշակույթի հետ կապը, գրական միջավայրում «սանիտարի» ստանձնած դերըՙ թույլ տրված վրիպակների եւ սխալների կարեւոր ճշգրտումներով, դիտողականությունն ու նյութի խորագիտությունը: Որպես օրինակ բերվեց մատենագետ-պատմաբան Հակոբ Անասյանի աշխատության նրա գրախոսությունը` «Հայ համաբարբառային գրականությունը եւ հայ մատենագիտության համաբարբառը» խորագրով, երբ նա տակավին շատ երիտասարդ եւ քաջատեղյակ այդպիսի դժվարին նյութին, դիտողություններ, լրացումներ է նույնիսկ արել, ինչը գիտնականն ընդունել է: «Սփյուռքում բանասեր, ուսուցիչ լինել, միայն բանասեր եւ ուսուցիչ լինել չէ, նա պարտավոր է մասնակցել ազգային կյանքի բոլոր միջոցառումներին: Զարմանալ կարելի է, թե նա այս բոլորին ինչպես է մասնակցել. կուսակցական չէր, ավելի վատ, ստիպված էր բոլորի ժողովներին մասնակցել, նաեւ Անթիլիասի եկեղեցու բոլոր գործերին էր մասնակցում, այն աստիճան, որ ընկերները նրան կատակով կոչում են «դրան եպիսկոպոս», երբեմն էլ «աթոռակից կաթողիկոս»: Ահա այսպիսի հրաշալի եւ ցանկալի ներկայություն է նա Լիբանանի հայկական կյանքում: Թող երկար տարուբերվի իր երկայն հասակը հետայսու էլ բոլոր միջոցառումներին Լիբանանի մշակութային-գրական, հասարակական կյանքի, թող երկար իր գրիչը շարունակի գեղեցիկ գործեր ստորագրել: Գիտեք, նրա մասին կարելի է ասել, որ նա ընդամենը 70 տարեկան է, գրում է նույն գրական խանդով ու եռանդով, նույն կերպ արձագանքում գրական երեւույթներին»:

Վերջում` մի հատված քիչ ուշ Նյու Յորքից ստացված Հակոբ Վարդիվառյանի շնորհավորականից.

«Արժանի գնահատանք մը քաղաքամայր Երեւանի մէջ: Հայրենիքի երազով մեծցար, անով հպարտացար եւ շուրջբոլորդ հայրենիքի նուաճումներով խանդավառեցիր եւ ահա՛ քու հարազատ միջավայրիդ մէջ ալ տեղի կ՛ունենայ այդ հանդիսութիւնը:

Արժանաւոր սերունդի մը լաւագոյն ներկայացուցիչներէն եղար անկասկած, երբ որքա՜ն սիրտ ու հոգի տուին մեզիՙ յովակիմեանցիներուս մեր սիրելի ուսուցիչները, անցեալ դարու հայ դպրութեան այդ դայեակները: Փոխանցուած անոնցմէ կրցար մեզի հասցնել այդ ժառանգը այսօր:

Երա՜նի ես ալ գտնուած ըլլայի Թէքէեանի այդ սրահին մէջ, շրջապատուած հարազատներով, գաղափարի ու մտքի ընկերներով եւ ամուր կերպով կարենայի սեղմել ձեռքդ:»

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4