«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿԸ

ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վերջին մի հայտարարությամբ ընդհանրացրել է երեք տարի Հայաստանում իր գործունեության հիմնական շեշտադրումները: «Ես հեռանում եմ խառը զգացումներով, ուրախ եմ վերադառնալ իմ ընտանիք ու ԱՄՆ-ում իմ ընկերների մոտ, բայց եւ տխուր եմ, որ լքում եմ այս գեղեցիկ երկիրը նման պատմական պահի», իր նամակում, որ հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, այսպես է բնութագրել իր հեռացումը Յովանովիչը:

«ԱՄՆ-ը եւ Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության, բարգավաճման ու խաղաղության հանդեպ հավատի վրա...», նշել է ԱՄՆ դեսպանը: Յովանովիչը հիշատակել է նախորդ տարի ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Հայաստանի նախագահին ուղարկված հրավերը` մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին Վաշինգտոնում, ինչը, ըստ Յովանովիչի, ընդգծում է ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ` որպես լավ գործընկերոջ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու հարցում: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնի այցը Հայաստան, Յովանովիչի հիշեցմամբ, առաջինն էր 18 տարվա ընթացքում:

ԱՄՆ դեսպանը անդրադարձել է նաեւ ԱՄՆ կառավարության աջակցությանը Հայաստանին, ի շարս այլ նախագծերի նշելով նաեւ Հազարամյակի մարտահրավերների ծրագրով հատկացված 180 մլն դոլարով կատարված աշխատանքները: Հիշատակելով Հայաստանի կառավարության հաջողությունները թրաֆիկինգի դեմ պայքարում եւ գլոբալ անվտանգության հարցում ներդրմամբ` ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ համաներմամբ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալված անձանց ազատումը եւս առաջըթնաց է:

«ԱՄՆ-ը վճռական է աջակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը` այստեղ (Երեւանում-Ա.Հ.) եւ Անկարայում», գրել է Մարի Յովանովիչը, ավելացնելով, որ ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը նաեւ իրավունքի գերակայության, լավ կառավարման ու մարդու իրավունքների հարգման ուղղությամբ զարգացմանը: «Միայն հայերն իրենք պետք է քայլեր կատարեն իրագործելու ժողովրդավարական իրենց իղձերը, բայց ամերիկացի ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանին իրականացնելու դա` առաջընթացի համար»:

«Ես հեռանում եմ Հայաստանից վստահությամբ, որ մեր հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ու որ միասին մենք կգտնենք նոր ուղիներ` ձեւավորելու բոլորի համար շահեկան ապագա», եզրափակել է Մարի Յովանովիչը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4