Ղարաբաղյան հակամարտության հարցում որեւէ կերպ դերակատարություն ունենալու ցանկությունը Թուրքիային երբեմն դնում է այնպիսի վիճակների մեջ, որ որեւէ հավաքում տեսնելով Հայաստանի ներկայացուցիչներին, ուղղակի բարեւելու պարագայում անգամ իրենց թույլ են տալիս հետո հայտարարել, թե հանդիպել ու դեռ քննարկումներ էլ ունեցել են: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ որեւէ կերպ հանդիպումներ սարքելու այս մոտեցումը հատկապես դրսեւորվում է, երբ թուրքական կողմից դերակատարություն է ունենում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառումներին Թուրքիան ներկայացնում էր Ահմեդ Դավութօղլուն, քանի որ Թուրքիայի նախագահը վերջին պահին չէր կարողացել մեկնել Հռոմ` հիվանդության պատճառաբանությամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս հրավիրվել էր տոնակատարություններին: Դավութօղլուն Հռոմից վերադառնալիս թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է, որ դրական նշաններ է տեսնում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդրում առաջընթաց ունենալու» առնչությամբ, ընդ որումՙ Թուրքիայի արտգործնախարարը ողջունել է «Ադրբեջանի հստակ ու լավատես դիրքորոշումը» այդ առումով:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերով, որ ներկայացնում է «Զաման» օրաթերթը, հնարավորություն է եղել Հռոմում «ողջունել Հայաստանի նախագահին` հանդիսությունից հյուրերին տանող ավտոբուսում»: Բայց դրա փոխարեն, Դավութօղլուն, իր ներկայացմամբ, ավելի շատ ժամանակ է ունեցել խոսելու հանդիսությանը մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, անգամ հասցրել է քննարկել ղարաբաղյան խնդրի «որոշ մանրամասներ»:
Դավութօղլուն հույս է հայտնել, թե Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը առաջընթաց կլինի: Առաջըթնաց ունենալու «նախանշանները դրական են», ըստ Դավութօղլուի: «Եկեք սպասենք Կազանի հանդիպման արդյունքներին: Մենք հույս ունենք որոշ դրական քայլեր տեսնել», ասել է Դավութօղլուն Ալիեւի հետ հանդիպումից հետո: «Ես ուրախ էի տեսնել Ալիեւի առավել լավատեսական մոտեցումն ու վճռականությունը», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Ակնհայտորեն Թուրքիան ցանկանում է որեւէ կերպ ներգրավվել այն գործընթացներում, որ առնչվում են ղարաբաղյան խնդրին, իսկ Կազանում տեղի ունենալիք Ալիեւ-Սարգսյան հանդիպման առնչությամբ հնչող մեծ հույսերն ու ավելի հաճախ` ակնկալիքները թերեւս դրդում են, որ թուրք դիվանագետը առիթներ փնտրի արտահայտելու այդ բանակցություններում առաջընթաց տեսնելու թուրքական «հույսերը»:
Ա. Հ.