«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


Վ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հարցազրույց տալով «Մեդիամաքսին», մի քանի հետաքրքրական անդրադարձներ է արել: Անդրադառնալով Պուտին-Քոչարյան հանդիպմանը, որի վերաբերյալ լուրը մի փոքր ավելի ուշ հերքվել էր, հետո նորից հաստատվել, իսկ Արտաշես Գեղամյանն էլ տեղական կայքերից մեկում տեղադրված հոդվածի վերաբերյալ հղում էր արել դեպի Քոչարյանի գրասենյակ` թե պատվեր է, Սողոմոնյանն ասել է. «Անկեղծ ասած, ես արդեն վաղուց սովորել եմ նման ռեակցիային` կապված Ռուսաստանի վարչապետի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների հետ: Ինձ նույնիսկ չզարմացրեց ձեր հիշատակած «լուրը», չնայած զարմանալու համար առիթը լուրջ էր: Վերջ ի վերջո, մայիսի 24-ին ինքս եմ ուղեկցել նախագահ Քոչարյանին Նովո Օգարյովո եւ ներկա եմ գտնվել այդ հանդիպման սկզբին եւ վերջին: Կարող եմ միայն ափսոսանք հայտնել այդ հիստերիայի առիթով: Ինձ միշտ թվացել է, որ երկու բարեկամ երկրների նախկին նախագահների միջեւ բարեկամական հարաբերությունների պահպանման հարցը (հատկապես Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում), ինչպես նաեւ նրանց պարբերական հանդիպումների մասին հաղորդագրությունները, կարող են միայն հպարտության եւ լավատեսության առիթ դառնալ: Բայց, ինչպես պարզվեց, մեզ մոտ դա այլ կերպ են ընկալում: Կարծում եմ, որ այդ քարոզչական «հնարքների» հեղինակները պետք է փորձեն գոնե մեկ անգամ «իջնել սեփական զանգակատնից» եւ որոշ իրադարձություններին նայեն ազգային շահերի եւ ոչ թե նեղ անձնական հաշվարկների եւ մանր ինտրիգների տեսանկյունից: Համոզված եմ, այդ ժամանակ նրանք ստիպված չեն լինի հրապարակային հիստերիա տարածել եւ ավելորդ փողեր ծախսել պատվերով հոդվածների վրա: Ինչ վերաբերում է պ-ն Գեղամյանին, ապա, ամենայն հավանականությամբ, նա ղեկավարվում է այսպես կոչված «դավադրության տեսությամբ», փորձելով քանդել գլոբալ եւ գաղտնիքների շղարշով պատված ինչ-որ քաղաքական խաղերի թելերը` հիմնվելով մեկ ինտերնետ-աղբյուրի մեկ հոդվածի վրա: Ստիպված եմ հիասթափեցնել պ-ն Գեղամյանին. պատվերով հոդվածը մեր գործելաոճը չէ: Դուք հաստատ շփոթել եք հասցեն»: Անդրադառնալով համաներմանը եւ նախ ողջունելով այն` Սողոմոնյանը նաեւ ասում է. «Ինձ փոքր-ինչ մտահոգեց այլ փաստ. քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների մի ամբողջ շարք համաներումը ներկայացրեց որպես «աննախադեպ իրադարձություն», իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը` որպես «Քոչարյանի ժառանգության հաղթահարմանն ուղղված հերթական քայլ»: Այս պնդումները զարմացնում են: Առաջինը, անկախության ձեռքբերումից հետո մեր պետությունն արդեն մի քանի անգամ համաներում է հայտարարել (եթե չեմ սխալվում, այս համաներումը 7-րդն է): Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին համաներում է հայտարարվել երեք անգամ` 1998, 2001 եւ 2006թթ: Այնպես որ, ոչ մի աննախադեպ բան, բնականաբար, չկա:

Ինչ վերաբերում է «հաղթահարմանն ուղղված հերթական քայլին», ապա ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո: Այնպես որ, որեւէ «ժառանգության» եւ առավել եւս` դրա «հաղթահարման» մասին խոսք լինել չի կարող»:

ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքի մասին ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի հղումը, թե ծանոթացեք Տեր-Պետրոսյանի ելույթին, եւ ՀԱԿ-ից Սուրեն Աբրահամյանի ասածը, թե Քոչարյանը ոչ թե խանդում, այլ սարսափում է այդ երկխոսությունից, արժանացել են Վ. Սողոմոնյանի հետեւյալ գնահատականին. «Չեմ կարող հիշել, որ երբեւէ ՀՀԿ անդամները վկայակոչեին Տեր-Պետրոսյանի ելույթը` սեփական դիրքորոշումն արտահայտելու համար: Դա, երեւի թե, «ժամանակակից-երկխոսական» քայլ է, որը, մեղմ ասած, պատիվ չի բերում ՀՀԿ ներկայացուցչին: Ինչ վերաբերում է Աբրահամյանին, ապա, իմ կարծիքով, մարդկանց արդեն վաղուց պարզ է, թե ով եւ ինչից է «սարսափում»: Դրա ամենալավ վկայությունը ՀՀՇ-ականների հիստերիկ ռեակցիան է նախագահ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին (այդպիսի կայք է բացվել-Մ.Խ.) եւ Ռուսաստանի վարչապետի հետ նրա հանդիպումներին, ինչի մասին ես արդեն ասացի», ասել է Վ. Սողոմոնյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4