«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


ԵՐԴՄՆԱԶԱՆՑ

Ինչպես սպասվում էր, նախորդ օրը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ժնեւի Սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանը կարգալույծ հռչակվեց եւ այդուհետ դասվեց աշխարհականների շարքըՙ Հրաչ Մանուկյան անուն-ազգանունով: Երեկ չուշացավ վերջինիս արձագանքըՙ ինքը չի ընդունում հայոց հայրապետի տնօրինումը, այն համարելով «անարդար, անընդունելի եւ ապօրեն», եւ հաղորդագրությունը ստորագրում է իր նախկինՙ եկեղեցական անունով:

Սա ոչ միայն անհնազանդություն է, որի համար նախապես Մայր աթոռի հոգեւոր գերագույն խորհուրդը նախազգուշացրել էր նրան առնվազն երկու անգամ, իսկ Վեհափառ հայրապետը կախակայել էր եւ կրկին հորդորել նրան գալ Մայր աթոռ Սբ. Էջմիածին, այլեւ ըմբոստություն Վեհափառի հոգեւոր իշխանության դեմ եւ երդմնազանցություն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական կարգերի նկատմամբ: Մեր եկեղեցին, իր ժողովրդավարական էությամբ հանդերձ, եկեղեցական սպասավորության մեջ, բնականաբար, ունի իր կանոնները, որոնք նման են զինվորական ծառայության պահանջներինՙ կաթողիկոսը կամ եպիսկոպոսը նրենք են տալիս հոգեւոր իշխանության եւ ծառայության իրավունք եւ իրենք էլ կարող են այն վերցնելՙ եթե խրատները, հորդորներն ու նախազգուշացումները արհամարհվեն կամ անտեսվեն: Եվ յուրաքանչյուր եկեղեցական, նախքան կարգ ստանալը կամ ձեռնադրվելը եւ այդ ընթացքում հնազանդության երդում է տալիս «առաջի Աստուծոյ եւ մարդկան»: Այն էլ բազմիցս:

Ներկա պարագայում գործ ունենք երդմնազանցի հետ, որ անկախ իր պատճառ-պատճառաբանություններից պետք է պատժվիՙ զրկվելով իրեն տրված հոգեւոր իշխանությունից: Դրանից հետո եկեղեցին այլես անելիք չունի: Բայց անելիք ունի Հայ եկեղեցու անդամ աշխարհականը, հոտըՙ ենթակային այլեւս չի ընդունում որպես քահանա, որպես եկեղեցական: Վերջ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4