Հունիսի 2-ի վաղ առավոտյան Դետրոյթում մահացել է ամերիկահայ բժիշկ, էվթանազիայի քարոզիչ Ջեկ Գեւորգյանը, որն առավել հայտնի է «Բժիշկ Մահ» անունով: Զբաղվելով բժշկական գործունեությամբՙ Գեւորգյանը հանդես է եկել Էվթանազիայի պաշտպանությամբ, երբ հիվանդին այլեւս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերել: Գեւորգյանը իր դասախոսությունների ընթացքում հայտարարում էր, որ չպետք է տանջել հիվանդին, եթե փրկության որեւէ շող չկա: 1989-ին Գեւորգյանը մշակեց «Ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն) եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժն էր ներարկում սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990-ի հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհայմերի հիվանդությամբ: 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել է ավելի քան 130 հիվանդ: Գեւորգյանի գաղափարները դատապարտել են բժշկական ընկերակցությունն ու ԱՄՆ կառավարությունը:
1991-ին Գեւորգյանին զրկում են բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա 4 անգամ դատարան է ներկայացել, սակայն վկաների ցուցմունքների պակասի պատճառով արդարացվել է: 1999-ին նրան ձերբակալեցին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվեցին կադրեր, որտեղ Գեւորգյանը մերսիտրոնի օգնությամբ «սպանում է» իր հիվանդին: 1999-ի մարտին նա մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ` դատապարտվելով 10-25 տարվա ազատազրկման:
2007-ի հունիսի 1-ին լավ վարքի համար 8 տարի կալանավայրում անցկացրած 79-ամյա Ջեկը ժամկետից 2 տարի շուտ ազատ արձակվեց:
2007-ին Գեւորգյանը հայտարարեց, որ մտածում է քաղաքական կարիերա ստեղծելու մասին եւ կպայքարի էվթանազիայի օրինականացման համար: 2008-ին նա մասնակցեց Կոնգրեսի ընտրություններին որպես անկախ թեկնածու, սակայն նրան աջակցեց ընտրողների ընդամենը 3 տոկոսը:
2010-ին էկրան բարձրացավ եւ մեծ աղմուկ հանեց «Դուք չգիտեք Ջեկին» սոցիալական դրաման: «Բժիշկ Մահ»-ին մարմնավորում էր ամերիկացի նշանավոր դերասան Ալ Պաչինոն, արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերի համար:
Detroit Free Press-ի փոխանցմամբՙ 83-ամյա Գեւորգյանի փաստաբանն ու զարմուհին եղել են իր կողքին կյանքի վերջին րոպեներին: www.clickondetroit.com կայքն էլ գրում է, որ մահվանից առաջ «Բժիշկ Մահը» ցանկություն է հայտնել լսելու սիրելի երգահանի` Բախի ստեղծագործությունները:
«Ջեկին մահացավ Բախի հնչյունների ներքո», գրում է կայքը:
Ջեկ Գեւորգյանը հոսպիտալացվել է մոտ 2 շաբաթ Դետրոյթում թոքաբորբի սրման եւ երիկամների կրկնվող հիվանդության պատճառով:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ