«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2011-06-03 | #102, 2011-06-04 | #103, 2011-06-07


Ո՞Վ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՏՈՒՆՏՈՒՆԻԿ ԽԱՂՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Երեխաները մինչեւ ընտանիք կազմելը տունտունիկ են խաղում», ասել է երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով ՀԱԿ-ին, երկխոսություն վարելու պատվիրակության ստեղծմանը եւ արտահերթ ընտրությունների շուրջը բանակցելու ՀԱԿ-ի երազանքին: Հարցը ծագում է ինքնին` ո՞ւմ հետ են ընտանիք կազմելու, արդյոք իշխանությա՞ն, կամ ո՞վ է իշխանությունը` միայն ՀՀԿ-ն, թե՞ ողջ կոալիցիան. այս մի հատիկ միտքը տարընթերցումների բավական առիթ կարող է տալ: Ընդհանրապես ասենք, որ Գալուստ Սահակյանին կարելի է ՀՀԿ-ում ամենատեղեկացվածներից մեկը համարել, բայց նրա ասուլիսից, ՀՀԿ-ական այլ բանախոսների վերջին երկու-երեք օրվա ելույթներից, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկ տարածած հայտարարությունից այնքան էլ չի երեւում, որ նրանք իրենց անելիքը հստակ գիտեն, եւ կամ գիտեն` ի՞նչ է հետեւելու ՀԱԿ-ի երկխոսող պատվիրակության կազմի հայտարարումից հետո: Բայց մի քանի բան հստակ բոլորն են ասում` ՀԱԿ-ի հետ երկխոսելու պատասխան պատվիրակության անհրաժեշտություն ոչ մի ՀՀԿ-ական չի տեսնում, եւ ՀԱԿ-ի` մյուս ուժերի համեմատ մոնոպոլ դիրք ընդունելն անընդունելի է, եւ երրորդ` ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության նյութը` արտահերթ ընտրությունը չլինող բան է, դրա համար գործոն չկա: Էլ չասած` որ Գ. Սահակյանն էլ ՀԱԿ-ի դաշտում ոչ մեկին չի տեսնում, որի հետ ինքը կնստեր ու կբանակցեր:

Վերհիշելով Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը` կրկին ֆիքսենք, որ փաստորեն Տեր-Պետրոսյանին ամեն ինչից շատ անհանգստացնում էր Քոչարյանի ուրվականը, որին ուղղեց իր բանախոսական նետերի մի զգալի մասը` առանց անուն տալու: Նրա մտահոգությունն այն էր, որ հանկարծ ու չհայտնվի Քոչարյանը` պոչից գցած մի քանի ուժ, ու ՀԱԿ-ի բաժին ստանալիքը պակասի ապագա ընտրությունների տորթից, քանի որ եթե Քոչարյանը հայտ ներկայացնի մասնակցելու ընտրություններին, նրան գոնե առերես չեն կարող ասել «չէ»:

Իսկ որ Քոչարյանը չի պատրաստվում երիտասարդ թոշակառու մնալ` դա երեւում է անգամ նրանից, որ նա չի բավարարվել մեկ-երկու` իրենը համարվող լրատվամիջոցներով, 1-in.am-ի նման` ստեղծել է 2-rd.am, իսկ պարզ բան է, կայքերն ու թերթերն ավելանում են ընտրություններից առաջ, ընտրությունների ֆավորիտի ասելիքը տեղ հասցնելու համար: Այնպես որ` առաջինի եւ երկրորդի տեղեկատվական պատերազմներին սպասենք, որպես դրա առաջին արձագանք Տեր-Պետրոսյանի ելույթն ու այդ ելույթին Քոչարյանի արձագանք-հարցազրույցը դիտելով:

Գալով երկխոսելու թեմային` մի անգամ եւս նկատենք, որ ՀՀԿ-ականների վերջին օրերի պահվածքը թույլ է տալիս ենթադրել` կամ նրանք տեղյակ չեն գործընթացներից, կամ «երկխոսություն-երկխոսություն» ասող ՀԱԿ-ի բերանը չի քաղցրանում, քանի որ նրանք ցանկալին իրականի տեղ են դնում, իսկ իշխանությունը բնավ էլ երեւութական բառարտազատումից բացի` գործնական քայլ չի ուզում անել: Երկխոսել այն բանի շուրջը, որ քեզ իշխանությունից զրկեն` քաղաքագիտական, գիտական եւ անգամ մասնագիտական չէ: Բացի դրանից` դեռ չի խոսում գլխավոր մրցավարը` նախագահ Սարգսյանը: Այդ առումով հասկանալի է ՀՀԿ-ական քաղաքական գործիչների` ափլփելով կարծիք հայտնելու պատճառը, նրանք իրականում չգիտեն հաջորդելիքը: Գ. Սահակյանն ասում էր, որ իրենց օրակարգում պատվիրակություն կազմելու խնդիր չկա` կուսակցական մարմինները հենց այդպիսի հարցեր լուծելու համար են ստեղծված, կարող են նստել-խոսել, մամուլով-հեռուստատեսությամբ, կլոր սեղանով, սեմինար-բանով շփվել:

ՀԱԿ-ի օրակարգն էլ հեղհեղուկ մի բան է (մենք կասեինք` հեղուկ), արտահերթ-մարտահերթի մասին ծիծաղելի է խոսելը, տունտունիկ է խաղում ՀԱԿ-ը` իրենք էդ խաղը չեն խաղում, բացի այդ էլ` կարո՞ղ է ՀԱԿ-ն ուզում է առանց ջանք թափելու իշխանության գալ: Բացի այդ էլ` ՀԱԿ-ը խոմ մենակ չէ՞, այլ ընդդիմադիր ուժեր էլ կան, ինչո՞ւ պիտի ողջ ընդդիմադիր ուժերի անունից ՀԱԿ-ը ներկայանա, հո ՀԱԿ-ի ամբիցիաներին չե՞ն տրվելու: Բայց որ ուզում է երկխոսել, ասում է Գ. Սահակյանը, ժամ ու տեղ թող ասի, քանի հոգով գալիս են- գան` խոսենք: Իսկ արտահերթ ընտրությունները ՀԱԿ-ը թող մտքից հանի, նախադրյալ չկա, համ էլ` ամեն արտահերթ հետ է գցում զարգացումը, սա իր հայտարարության մեջ Շարմազանովն էր գրել: Նույնն ասում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի մտերիմ, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը ` թե արտահերթ ընտրություններ թելադրող իրավիճակ եւ կրիտիկական զանգված այսօր չկա:

Իսկ Հմայակ Հովհաննիսյանը (ով ոչ մի ուժ չներկայացնելով` ինչ ուզի-կխոսի), հակառակը, համոզված էր, որ երկխոսությունն ավելի իշխանությանն է ձեռնտու, քան ընդդիմությանը, խաղն իշխանության սցենարով է, այ, եթե երկխոսությունը չլիներ` գուցե եւ հնարավոր լինեին արտահերթ ընտրություններ: Հմայակն ասում էր, թե Յովանովիչի հանդիպումից հետո է կազմվել ՀԱԿ-ի` երկխոսող ցուցակը. սա չգիտենք որքանով մոտ կլինի իրականությանը, բայց որ Յովանովիչի անվան շուրջն այս օրերին լեգենդները շատ են, ընդհուպ Ահմադինեժադի այցի հետաձգում, սա կա: Որ` երկխոսությունը ձեռնտու է նաեւ Արեւմուտքին (սա էլ էր Հ. Հովհաննիսյանն ասում), քանի որ Ղարաբաղյան հարցի լուծման եւ հայ-թուրքական երկխոսության վերակենդանացման հեռանկար կա... տարրական տրամաբանությամբ անգամ սա տրիվիալ ճշմարտություն է:

Մոռացանք վերեւում ասել, որ Է. Շարմազանովը անընդունելի էր դիտել ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ՀԱԿ-ի խոսելը, իսկ ՀԱԿ-ի իրատեսական առաջարկները Հանրապետականը պատրաստ է ներկայացնել եւ պաշտպանել ԱԺ-ում: Բա: Ասենք, որ երեկ ՀԱԿ-ի ֆորմատից հանդես եկած Ֆելիքս Խաչատրյանը (ՀԺԿ փոխնախագահ) արդեն կասկած է հայտնել իշխանության պահվածքի առումով, երբ նրան հարցրել են կարծիքը Գ. Սահակյանի այն ասածի վերաբերյալ, թե իշխանությունը երկխոսության գաղափարն ընդունելի է համարում, առաջարկվող ֆորմատը` ոչ. «Դրա մեջ ժամանակ շահելու միտում եմ տեսնում», ասել է Ֆ. Խաչատրյանը` նշելով, թե երկխոսությունն արտահերթ ընտրության շուրջ է պատկերացնում միայն, իսկ եթե դա տեղի չունենա` ՀԱԿ-ը հաջորդ քայլն է անելու (ոնց վախեցանք):

Երեկվա ողջ տրամադրությունը ներկայացրած չենք լինի, եթե չփոխանցենք ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի տրամադրությունը, որի ասուլիսն ավելի շատ երրորդ դիրքն ուներ: Նա ասում էր, թե երկխոսության արդյունքում համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա` հիստերիկ եւ բացարձակապես անհիմն հարձակումներ, բայց եւ... շնորհակալություն, քանի որ այդ պատճառով երկրում վերսկսվում է գաղափարական պայքարը: Ըստ նրա` անհանգստանալու տեղ ՀԱԿ-ն ունի` միտինգավորը պակասում է: Իսկ որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ժողովուրդ-իշխանություն երկխոսություն են համարում, դա ճիշտ չէ, քանի որ ժողովրդի մի մեծ զանգված իր ձայնը չի տվել ոչ մեկին: Տեր-Պետրոսյանի ելույթի` ՀՅԴ-ին ուղղված հատվածին, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ ՀՅԴ-ն ներսից սրում էր ներքաղաքական իրավիճակը, Վ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «ՀՅԴ-ն այդ ժամանակ գրեթե ամբողջությամբ ճակատում էր, էդ պետք է տականք լինես, որ նման բան հայտարարես...»

Դե, իսկ կուլիսներում, ոչ հրապարակային խոսքուզրույցում անընդունելի են համարում ԱՄՆ դեսպան Յովանովիչի` մեր երկրի ներքաղաքական կյանքին խառնվելու երեւույթը: Վերլուծաբաններից մեկն անգամ նմանություններ էր գտել Յովանովիչի գնահատականների եւ ՀԱԿ-ի պահանջների միջեւ` եզրակացնելով, թե կամ Յովանովիչն է տեր կանգնում ՀԱԿ-ի պահանջներին, կամ ՀԱԿ-ն է կատարում դեսպանի պատվերը, երկու դեպքում էլ մրցավարի դերում դիվանագետ տիկինն է: Եվ դա վտանգավոր է դիտվում Դովիլ-Կազան ուղղության վրա, ղարաբաղյան բանակցությունների վրա ճնշում գործադրելու տեսակետից:

Որպես այս բոլորի եզրակացություն մի միտք կարող ենք առաջարկել. անկախ դրդապատճառներից, անկախ ճնշողներից եւ ճնշվողներից, անկախ մթնոլորտը լիցքաթափելու եւ կայունության պահպանման կարգախոսներից` չի՛ երեւում, թե ինչի շուրջն են բանակցելու ՀԱԿ-ն ու իշխանությունը, ո՞րն է բանակցելու ձեւաչափը (կուսակցախումբ-պետությո՞ւն, կուսակցախումբ-կոալիցիա՞, թե՞ կուսակցախումբ-ՀՀԿ): Բոլոր դեպքերում այս հարցերի պատասխանը կարող է տալ մեկ մարդ` գիտեք, թե ով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4