Այսպիսի արտահայտություն մեկ անգամ չէ, որ անում են տարբեր քաղաքական գործիչներ, երբ առիթ են ունենում դառնալու ադրբեջանական գործակալությունների հարցազրույցի սուբյեկտներ կամ ուղղակի հայտնվելու նրանց ուշադրության կենտրոնում, երբ որեւէ հայտարարություն են անում` հայկական կամ ղարաբաղյան համատեքստով: Այսպիսի հայտարարությունների, իսկ ավելի շուտ` առնվազն բանավոր հերքումների տեսքով հաճախ ու, գուցե ոչ իրավամբ, հանդես է եկել ու դեռ թերեւս հանդես կգա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայումս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Եվ ոչ միայն նա: Քանիցս առիթ ենք ունեցել «Ազգի» ընթերցողներին ներկայացնելու եվրոպական ու ամերիկյան տարբեր պաշտոնյաների հերքումները ադրբեջանական լրատվամիջոցներում տպագրված ու նրանց վերագրվող հայտարարությունների առնչությամբ:
Հերթականն այս շարքում դարձել է շվեդ խորհրդարանական, արտաքին հարաբերությունների շվեդական խորհրդարանական հանձնաժողովի անդամ եւ եվրոպական խորհրդի անդամ Դեսիրի Պետրուսը : Հունիսի 3-ին ադրբեջանական պետական լրատվական գործակալություն «Ազերթաժը» հրապարակել էր, թե շվեդ խորհրդարանականը Շվեդիայի ադրբեջանցիների կոնգրեսի հետ հանդիպման ժամանակ «պատմական սխալ է» որակել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին որակող որոշման կայացումը:
«Բարի օր: Ոչ, ես նման բան չեմ ասել», ադրբեջանական գործակալության հրապարակման առնչությամբ շվեդահայ Վահագն Ավետյանի հարցմանն այսպես է արձագանքել շվեդ խորհրդարանական Պետրուսը: Ըստ պատասխան նամակի. «Ես ասել եմ, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական քվեարկության առնչությամբ այն էր, որ մենք չենք գտնում, որ խորհրդարանը պետք է քվեարկի ընդհանրապես ցեղասպանության հարցերով», պարզաբանել է Պետրուսը եւ ավելացրել. «Այդպիսի որոշումներ պետք է ընդունեն միջազգային դատարանները»:
Միեւնույն ժամանակ, Պետրուսը պարզաբանել է, որ իր կուսակցությունը գտնում է, որ իսկապես պետք է ճանաչել Հայաստանում պատահած ցեղասպանությունը: «Այդ առնչությամբ մենք որեւէ առարկություն չունենք», ասել է շվեդ խորհրդարանականըՙ ադրբեջանական գործակալության հրապարակման առնչությամբ ընդգծելով, որ հաճախ «մեջբերումներն ընտրվում են` հարմարեցվելով սեփական խմբին»:
Վահագն Ավետյանը ադրբեջանական ծուղակում հայտնված պատգամավորին հիշեցրել է, որ հենց նրա իսկ կուսակցության` քրիստոնեա-դեմոկրատների գործադիր խորհուրդը Ցեղասպանության ճանաչման առնչությամբ քվեարկության օրը իր մամլո հաղորդագրության մեջ գրել էր, որ մինչ այդ պահը երկրում գործող կոալիցիայի պայմաններում չի կարող քվեարկությանը ձայն տալ, բայց կաշխատի այդ խնդրի օրինական ընդունման ուղղությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ