Պատմվածքների հերոսները մեր իրականության պարզ մարդիկ են. նրանց կյանքի էպիզոդներից հեղինակը կարողանում է վերցնել ամենաբնորոշ այն գիծը, որի հիման վրա կերպարային կերտումը, ստեղծված պատկերները իրենց գեղարվեստական ձեւերի մեջ շատ բնական են, ավարտի մեկ-երկու սեղմ արտահայտություններըՙ հաճախ աֆորիստիկ ձեւակերպումով, խտացնում են այն հիմնականը, որ թաքնված է կյանքի կուլիսներում կամ նրանց գիտակցական ենթախորշերում:
Նարինե Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն լույս է տեսել Վանաձորում 2011 թ.-ին: Հեղինակը անծանոթ անուն է շատերին, թեեւ գրական մամուլում տպագրվել են իր պատմվածքները, իսկ անցած տարի լույս տեսավ նրա «Հեքիաթներ փոքր մեծերի եւ մեծ փոքրերի համար» գիրքը: Հեղինակի այս վերջին ժողովածուն բաղկացած է «Ճարճատուկի ծաղիկը» եւ «Rattus sapien» պատմվածաշարերից եւ «Ժանրից դուրս» բաժնից: Առաջին երկու բաժինները իրար լրացնող եւ իրարից տարբերՙ հեղինակի հայացքն է, վերաբերմունքը այսօրվա կյանքին, հայ մարդու առօրյային, նրա մեջ տեղի ունեցող հոգեբանական փոփոխություններինՙ մի քիչ զգացական, փոքր-ինչՙ հեգնական, բայց եւ կարեկցող: Իր կենսափիլիսոփայությունը նա արտահայտում է գրական կերպավորման էսքիզային եղանակով: Նրա նովելները մարդկային ապրումների ու զգացումների խտացումներ են, հաճախ դրամատիկ, ողբերգական ավարտներով: Մարդկային փոխհարաբերությունների լաբիրինթոսում նա հակված է տեսնել մարդու հոգու մութ խորշերը: Հեղինակը չի դիմում կերպավորման ժամանակակից հնարքների կամ էքսցենտրիկ ձեւերի. պատկերի երեւակայական, միստիկ զարգացումների: Նա հարազատ է իր միջավայրին, իր ապրած օրերի հայկական զգացումներին, եւ պատմվածքի կերպարներն այնքան բնական են, որ թվում է այդ ամենը, ինչ կատարվում է, հազար անգամ լսել ու տեսել ես: Հեղինակը ուշադիր է ապրում, դիտում է իր շրջապատը, սովորական, պարզ մարդկանց զբաղմունքը, զննում հոգեբանությունը, որոնք աննկատ ապրում են իրենց ամենօրը եւ այդտեղից էլ վերցնում է իր նյութը: Նրանց այդ կյանքը բնազդական պայքար է եւ ոչ ավելին: Այս պայքարի մեջ կարիքն ամենածանր փորձաքարն է, որ գալիս է ցուցանելու մարդու ողորմելի գոյությունը, նրա գետնաքարշ կեցությունը: Կարիքը բռնակալի դաժանությամբ ամենուր է, եւ եթե լքում է մարդկային մի շերտ, մեկ ուրիշն է նույն պահին գտնում, ծվարում նրա մեջ ու ծվատում ներսից:
Նարինե Կռոյանի հերոսները մեզ ծանոթ մարդիկ են, ավելի շուտ նրանց նմանակներըՙ գեղարվեստորեն մարմնավորված: Դեռատի կին, երկու երեխա, բանտված ամուսին, հարսի մարմնավաճառությունը կարիքից, թե՞ ի սեր նրա, գուրգուրանքով թաքցնող ծեր սկեսուրիՙ դրկիցների համար անսպասելի վարքը: «Ճարճատուկի ծաղիկը» սովի, ցրտի մատնված ընտանիք, անկրակ տուն ու անճարակ տղամարդու հոգեվիճակների երկվությունՙ ծառը կտրել-չկտրելու («Ծառը»), նույն երկվությունըՙ տառապանքի ապրում է մեկ այլ հերոս, երբ կնոջ վիրահատության համար ստիպված է լինում մինուճար կովը որպես մսացու շուկա հանել: Մորթված ծառի ու կովի աչքերում նրանք երկուսն էլ իրենց մորթված կյանքն են տեսնում. սա նաեւ բնության հետ մարդուՙ դեռեւս անաղարտ մնացած կապի վերջին ակորդներն են թերեւս: Հեղինակը փորձում է ստեղծել միջավայրին օտարացած կերպարներՙ աղավաղվող հոգեբանությունների եւ բարքերի մերօրյա ֆոնին:
Ժամանակը, թվում է, կանգ է առել այս կողմերում, ապրում են մարդիկ, անցնում անհետք, անհետեւանքՙ մահն այնքան հեշտ է, ու մարդն անհասցե: Նարդոսյան մեր թաղի շունչն է բուրում այստեղից, թումանյանական մթնոլորտը, գիքորների, լոռեցի սաքոների արձագանքները դեռ լսվում են այս ձորերում: Իրենց գոյության փոքր պատյաններից դուրս չեկող մարդիկ կյանքի գույներին ավելացնում են իրենցըՙ գորշ-մոխրագույնը, իրենց հոգու գույնը:
Կիսաքաղց կյանքը շարունակվում է արնոտվել սուր եռաժանու դեղին ժպիտից. նրանց աչքերում սառած, քարացած է մնում ապրելու վախը, շարժվում են միայն բնազդի օրենքով: Կյանքից հալածված մարդկային էակներՙ երբեմն խղճալի ու երբեմն ճղճիմ, որոնք գլաքարերի հնազանդությամբ տրվում են կյանքի պղտոր հեղեղին եւ չեն էլ կարող որեւէ բան անել դա փոխելու, որովհետեւ բնազդի գերին են, գիտակից շերտին անհաղորդ:
Հեղինակը ուշի-ուշով հետեւում է այս մարդկանց ճակատագրին, որոնք կյանքի հատակը նետվում են ոչ միայն թուլությունից կամ կարիքից եւ կամ իրականության պարտադրանքից, այլեւ սեփական կամքի ու գիտակցության պակասից: Դեպքերն ու եղելությունները կատարվում են գրողի հարազատ բնակավայրում, Հայաստանի հյուսիսային շրջանում, մեր կյանքի դժվարինՙ հետերկրաշարժի ժամանակահատվածում, երբ տնտեսական աղետն ու փլուզումները, պատերազմն ու թալանը մարդկանց դարձրին անտունի, անաշխատանք, թշվառ ու անապրուստ, երբ կյանքը փոխեց իր գինը, իր մաշկի գույնը:
Խուլ է աշխարհի այս անկյունում ծվարած մարդկանց գոյապայքարը եւ նույն խեղճությամբ. դարեր են անցել, ժամանակի վրա ասես ժանգ է նստել, ոչինչ չի փոխվել. մարդկային հարաբերությունների այս տեւական ընթացքի մեջ զարգացումներ չկան, հասունացում չկա մտքի. նույն մարդկային նեղ եսասիրական շահեր, գծուծ, մանր կրքերՙ դրամասիրության, խղճի պարապություն: Ահա մի պատկեր, որ կարելի է տարբեր շրջանի գրական գործերում տեսնել. ծեր կնոջ (մոր) կյանքի ավարտը սառը գիշերվա անհայտության մեջՙ սեփական աղջկանից լքված, արհամարհված («Կյանքի գինը»):
Գրքի հաջորդ բաժնի պատմվածքները տրամադրությունների կտրուկ փոփոխություն թեեւ չեն արձանագրում, նույն միջավայրն է հոգեբանական առումով, եւ հարաբերություններն էլ դարձյալ անձնական-կենցաղային-կյանքային, սակայն ակնհայտ տարբերություն կա նախորդներից: Պատմվածքներ նոր հերոսներ են մուտք գործում, ավելի ժամանակակից, ավելի մտածող, որոնք կարիքից, առօրեականությունից վեր բարձրանալ են փորձում, գիտակցում ձանձրույթի վտանգը, այսինքնՙ կյանքի մեկ այլ աստիճան են որոնում, փորձում բախել այլ իրականության դռներ, բայց հայտնվում են օտար, անհասկանալի միջավայրում, որտեղ ապրում են քաղաքակրթության բավիղների անսպասելի սարսափն ու սոսկումը («No exit»):
Ավերակներին հայտնված մտածողը անդունդի պռունկները մաշում է համաշխարհային դասականների քերթվածքներով, Համլետ ու Պաստեռնակ է կարդում, Ռախմանինով նվագումՙ քննիչի հատուկ թույլտվությամբ իրենից գողացված ռոյալի վրա, այդ խենթ հոգին իրականության ու երազի միջեւ բացվող խորությունը չափում է ռոյալի ստեղնաշարի ողբերգական նոտահարումով («Հավերժության գերիները»):
Հեղինակին հաջողվել է ստեղծել կենդանի պատկերներ, հոգեբանական համոզիչ կերպարներՙ օգտագործելով նաեւ տեղական բարբառային լեզվին հարազատ տարրեր: Լեզվամտածողությունը սեղմ է եւ հակիրճՙ հեգնանքի, երբեմն սարկազմի նկատելի հնչերանգով («Օգնությունը», «Երկրաշարժ էր»): Գործողություններին բնորոշ է շատ անսպասելի ավարտ, անակնկալներ, երբեմն նաեւ չհիմնավորված. «Ողորկ սալաքարերի թագավորը (Infinity)»: Այս ամենը նման է պաստառին թողած կետագիծ հետքերի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ