«Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը մի փոքր ուշացումով, բայց գեղեցիկ միջոցառմամբ նշեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: «Իմ աշխարհը» խորագրով Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպված բացօթյա ցուցահանդես-համերգին ներկայացվել էին քաղաքում գործող մանկատների 5-ից 16 տարեկան սաների հինգ տասնյակից ավելի նկարչական աշխատանքներ:
Նշված կազմակերպության նախագահ Արմեն Մելքոնյանի եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարինա Դոցենկոյի բացման խոսքից հետո մանուկների տոնն իրենց ելույթներով շնորհավորեցին Շիրակի մարզկենտրոնի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի «Վարդեւանյան պարի թատրոնի», «Բյուրեղ» եւ «Արտ» պարային համույթների սաները, որոնք հանդես եկան ինչպես ժողովրդական, այնպես նաեւ «լատինո» ոճի պարերի կատարումներով: Երգերի կատարումներով ելույթ ունեցան մանկատների սաները: Դրան հաջորդեց նկարների դիտումը, պատվոգրեր հանձնվեցին նկարների հեղինակներին եւ պարային կոլեկտիվներին:
Մանուկներին միալար առօրյայից գեթ փոքր-ինչ կտրելու եւ հասարակության տարբեր շերտերի ուշադրությունը նրանց հիմնախնդիրների վրա հրավիրելու կոչված այս միջոցառումը, կազմակերպիչների գնահատմամբ, փոքրիկների օրը դարձրեց ուրախ ու հետաքրքիր` գրավելով թե երեխաների եւ թե մեծերի ուշադրությունը:
Գ. Մ.