Հազիվ թե տեղին է, որ հայաստանյան մամուլը չարախնդում ու չարախոսում է «Եվրոտեսիլում» ադրբեջանցի երգիչների հաղթանակի կապակցությամբ: Իբր երգի այս ստուգատեսը որերորդական կարգի է եւ դրանով հպարտանալն ու առավել եւս դրա պատվին էժանագին շոու կազմակերպելը անիմաստ են: Կարծես հայերս չէինք ոգեւորվել ստեփանակերտցի պատանու հաջողությամբ: Ադրբեջանցիների «կեղծ» հաղթանակի վերաբերյալ որոշ նյութերից պարզապես գավառամտության սուր հոտ էր փչում:
Հասկացանք, ազերիները մեր թշնամիներն են, բայց դա չի նշանակում, թե նրանց ամեն մի ձեռնարկում ապաշնորհության դրսեւորում է: Մինչ մենք նիրհում ենք մեր ազգի տաղանդավարության, ճանաչված անհատականությունների առատության եւ մոլորակում մեր հայտնիության թառամող դափնիների վրա, ադրբեջանցիները, գիտակցելով աշխարհում նվազ ճանաչված լինելու պարագան, իրական քայլեր են անում, տվյալ դեպքում նաեւ «Եվրոտեսիլի» շրջանակում, «եվրոպական հավակնություններ ու հնարավորություններ» դրսեւորելու ուղղությամբ: Եվ այդ մասին նրանք անթաքույց գրում են նաեւ ռուսաստանյան մամուլում: Ադրբեջանը տնտեսական կարողությամբ եւ զարգացման տեմպերով տարածաշրջանի լիդերն է եւ ԱՊՀ-ի ամենահեռանկարային պետություններից մեկը, հայտարարում են նրանք: Լավ, հայերիս համար կարող է սուբյեկտիվ հնչել, երբ Դավութօղլուն Երեւանը գյուղ է համարում «սրընթաց եվրոպականացող» Բաքվի համեմատ (եթե նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարը Երեւանում չի էլ եղել): Բայց երկու մայրաքաղաքների միջեւ մեծ տարբերության փաստը ի վնաս մեզ հավաստում են նաեւ մոսկվացի այն հայերը, որոնք ռուսաստանյան տարբեր պաշտոնական պատվիրակությունների կազմում եղել են Բաքվում:
Դառնանք, սակայն, «տխրահռչակ» «Եվրոտեսիլին»: Ինչպես ասվեց, ադրբեջանցիներն ընդունում են, որ Եվրոմիության պաշտոնական մարմինները վաղեմի իներցիայովՙ կրոնաքաղաքակրթական տարբերությունների բերումով եւ այլն, սառը վերաբերմունք են դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ: Սակայն ամեն ինչ փոխվում է, եւ Ադրբեջանը իր բազմապլան առաջխաղացումներով ու եվրոպական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ հաստատում է իր նոր կերպարը Եվրոպայում, արձանագրում են նրանք: Եվ այդ ճանապարհին «Եվրոտեսիլը» եւս ճանաչման ու ինքնահաստատման միջոց է:
Բնավ էլ ցուցամոլություն չէ, որ 2012-ին Բաքվում կայանալիք հերթական մրցույթի կազմկոմիտեի մեջ ներգրավվել են կառավարության անդամներ, ճյուղային գերատեսչությունների ղեկավարներ ամենայն առաջին տիկնոջՙ Մեհրիբան Ալիեւայի առաջնորդությամբ: Խնդիրը մեկն էՙ օգտվել այս տարվա «թավշյա հաղթանակից» եւ եկող տարի Եվրոպային (աշխարհին) ներկայացնել բարգավաճ, արդիական, քաղաքակիրթ նոր Ադրբեջանի համայնապատկերը:
Միայն այս տարի Բաքվում շարք կմտնեն հինգաստղանի հյուրանոցներ: Տասնյակհազարավոր զբոսաշրջիկները, բազմաթիվ հեռուստաալիքները «կբացահայտեն առեղծվածային «Կրակների երկիրը»ՙ մի պետություն, մի ժողովուրդ, որը ձգտելով եվրոպական ստանդարտների, իբր պահպանում է իր անկրկնելի ինքնատիպությունը: Պերճախո՞ս են ազերիները: Հազիվ թե, թերեւս ավելի շատ պրագմատիկ են. ինչու երգարվեստը եւս չօգտագործել ինքնաձեւավորման, միջազգային ճանաչման համար:
Այնպես որ սարկազմըՙ սարկազմ, բայց «Եվրոտեսիլը» կաշխատի հօգուտ Ազերստանի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա