«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2011-06-04 | #103, 2011-06-07 | #104, 2011-06-08


ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՀԱԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին` «Ի վերջո, իշխանությունն ընդունո՞ւմ է երկխոսություն սկսելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը եւ պատրաստվո՞ւմ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձեւավորել, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ պատասխանել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է ու մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջը բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը մեծ հաշվով ուղղակի ինքնանպատակ են, եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին եւ ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացմանՙ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաեւ ՀՀ նախագահի առաջ քաշած նոր ձեւաչափերը: Կարծում եմՙ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական եւ ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար:

Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացմանՙ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը, կարեւորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը: Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատելու բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում եւ Հայ ազգային կոնգրեսի հետՙ գործադիր իշխանության կառույցներում եւ Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի եւ «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում», ասել է Կարեն Կարապետյանը:

Կ. Կարապետյանի այս պարզաբանումը, որը հետեւեց ՀԱԿ-ի տերվռազությանն ու պատվիրակություն ստեղծելով` իշխանություններին սկսվող երկխոսության ՀԱԿ-ական սցենարի պարտադրմանը, կարելի է ՀԱԿ-ին իր տեղը ցույց տալու փորձ անվանել: Չենք զարմանա, եթե այսօր-վաղը հետեւի նախագահ Սարգսյանի արձագանքը նույն ոգով եւ մի բան էլ ավելի: «Դետսկի մատ», ինչպես արդեն հնչել են տարբեր մեկնաբանություններ:

Այստեղ են ասել` ախր ջուրը չտեսած` ո՞ւր էիր բոբիկանում, այ ՀԱԿ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4