Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին. երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետքաշման հարցին, ընդգծել է, որ դա փոխվստահության միջոցների իրականացման կարեւոր բաղադրամասերից մեկն է եւ դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա: Բակո Սահակյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումըՙ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից, Մինսկի խմբի համանախագահները եւ ԼՂՀ նախագահը մեկ ժամից ավելի տեւած հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների որոշ հարցերին: Մասնավորապես ֆրանսիացի Ֆասիեն նշել է. «Մենք հույս ունենք, որ նախագահների Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանության կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին առաջարկվել է մոտ երեք ամիս առաջ (մարտի 5-ին-Հ. Ա.) Սոչիում:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը , սակայն, կարծիք է հայտնել, որ «քննարկվող փաստաթղթի որոշ հարցեր դեռ հղկման ու քննարկման կարիք ունեն»: Պոպովը նշել է, որ «այդ հարցերով զբաղվում են կողմերի արտգործնախարարները եւ, հնարավոր է, որ մինչ Կազանի հանդիպումը այդ աշխատանքներն ավարտված կլինեն: Հույս ունենանք, որ Կազանում կողմերը կառուցողական մոտեցում կցուցաբերեն»:
Իսկ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ միջնորդները «ու մասնավորապես ամերիկյան կողմը կտրականապես դեմ են հարցը ուժային եղանակով լուծելու որեւէ փորձի: Պատերազմը կարգավորման չի բերի, այլ միայն կհանգեցնի նոր զոհերի ու մարդկային նոր տառապանքների»:
Հիշեցնենք` այսօր արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երեւանում. նրանց կընդունեն արտգործնախարար Նալբանդյանն ու նախագահ Սարգսյանը:
Հ. Ա.