«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2011-06-07 | #104, 2011-06-08 | #105, 2011-06-09


ԹԵՀՐԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է. «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆ...»

Իրանի պաշտոնական ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ` երեկ Իրանի կառավարության նիստի շրջանակներում, հանդիպելով լրագրողների հետ, Իրանի նախագահի գլխավոր խորհրդական Մոջթաբա Սամարե Հաշեմին անդրադարձել է նախագահ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի հետաձգման փաստին: Հաշեմին վերահաստատել է Թեհրանի ավելի վաղ հնչեցրած պաշտոնական հայտարարությունը. «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի ժամկետի փոփոխման միակ պատճառը փաստաթղթերի պատրաստ չլինելն էր: Հաշվի առնելով, որ Իրանի նախագահի այցը Հայաստան պետք է արդյունավետ լինի, եւ քանի որ ստորագրման ենթակա փաստաթղթերը պատրաստ չեն եղել, այցի ժամկետները փոփոխվել են»:

Իրանի նախագահի գլխավոր խորհրդականը հերքել է այցի հետաձգման առնչությամբ հրապարակված մյուս լուրերը: Օրինակՙ իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդում է, որ այցի հետաձգման վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են հաղորդել, թե Մահմուդ Ահմադինեժադի այցը չի կայացել, քանի որ վերջինիս ուղեկցող պաշտոնյաներից 2-ը երկրից դուրս գալու թույլտվություն չեն ունեցել:

Հիշեցնենք նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի պարզաբանումը. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է փոխադարձ համաձայնությամբ: Այցը կիրականացվի առավել հարմար ժամկետներում»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4