Ըստ Յավուզ Բայդարիՙ Թուրքիայից ամեն տեսակի անակնկալ կարելի է սպասել, անգամ ԼՂ համատեքստում
Հայոց ցեղասպանության համատեքստում վերջին երկու տարում Թուրքիայում տեղի ունեցող արարողությունները որպես փոփոխություն զարգացող շարժում են: Այսպիսին է թուրքական «Սաբահ» թերթի օմբուդսմեն Յավուզ Բայդարի գնահատականը: «Ազգի» հարցին, թե որքանով են այդ փոփոխությունները արտահայտում թուրք հասարակության իրական տրամադրությունները, Բայդարը պարզաբանում է. «Կասկած մի ունեցեք, սա շատ մեծ փոփոխություն է, որ տեղի է ունենում Թուրքիայում: Սա ինքնըստինքյան զարգացող շարժում է»:
Ըստ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակներին մշտապես հետեւող մասնագետիՙ այս շարժման առնչությամբ պետության միակ պատասխանատվությունը ապրիլ-24-յան թուրքական միջոցառումների անցկացման անվտանգությունն ապահովելն է: «Պետության կողմից ճանապարհ ցույց տալու միտում չկա», վստահեցնում է Յավուզ Բայդարը: Նրա խոսքերով, Թուրքիայում հայկական հարցի առնչությամբ տեղի ունեցողը պատմական զարգացում է: «Առաջին միջոցառումներն անցյալ տարի եղան Ստամբուլում ու Անկարայում, այս տարի արդեն դրանում ներգրավվել էր հինգ քաղաք, եւ սա ծավալվելով շարունակվելու է»:
Ըստ Բայդարի, այս միջոցառումների նախաձեռնողներն ու մասնակիցները թուրքական հասարակության համառ հատվածն են ներկայացնում: Նրա ներկայացմամբ, «մի կողմից, սա զարգանալու է, մյուս կողմից` այլ ծրագրեր են նախագծվում, մասնավորապես, հասարակությանն ու պետությանը նախապատրաստելով 2015-ին»:
«Հայկական հարցի առավել բաց քննարկումը, ապրիլ-24-յան այսպիսի արարողությունները դանդաղ գործընթաց են, բայց նույն կերպ դանդաղ, ինչպես այլ սոցիալական գործընթացները», ասում է Բայդարը: Իսկ թե ինչն է այս գործընթացների հիմնական դրդապատճառը` կառավարամետ թերթի օմբուդսմենը նշում է, որ 2002-ից Թուրքիայում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանության գալով առավել բաց քննարկումներ են ընթանում երկրում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ գորբաչովյան «գլասնոստի» հայտարարման պայմաններում:
Հունիսի 12-ի «հայկական» հեռանկարը
Թուրքիայում այս կիրակի սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում արդեն Յավուզ Բայդարը հետընտրական զարգացումներում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով առանձնակի փոփոխություններ չի ակնկալում: «Անկախ մնացյալ գործոններից եւ ուժերից` այդ հարցում կա եւս մեկ հանգամանք` Ադրբեջանը: «Արդարություն եւ բարգավաճում» իշխող կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց էներգետիկ գործոնների պատճառով նա չի կարող մի կողմ թողնել Ադրբեջանը»:
Թուրքական խորհրդարանական ընտրությունների կուսակցական նախնական ցուցակներում հայ թեկնածուների` այդուհետեւ այդ ցուցակներից դուրս մնալու հանգամանքը պարզաբանելու առնչությամբ «Ազգի» հարցին Յավուզ Բայդարը ամենապարզ տեքստով նշում է, որ, նախ, այդ հարցը կապված է գումարի հետ: «Հայերի մեջ կային մարդիկ, որ ցանկանում էին թեկնածուներ լինել, բայց Ստամբուլում այդ առումով մեծ մրցակցություն կար: Թեկնածու դառնալու ցանկություն ունեին նաեւ, օրինակ, ռումինները, բայց նրանց թեկնածությունները եւս չհաստատվեցին», պարզաբանում է Բայդարը:
Մյուս կողմից, Բայդարը ստեղծված իրավիճակի մեկ այլ բացատրություն է նշում, որ այլոց կարծիք է որակում: Մասնավորապես, քանի որ այս ընտրություններում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ցանկանում է տիրանալ «Ազգայնական շարժում» կուսակցության ձայներին` իր հետագա նոր սահմանադրության անցկացման հարցերը խորհրդարանում լուծելու համար, վարչապետ Էրդողանն ուղղակի չի գնացել հայ թեկնածուներին իր կուսակցության ցուցակներով որպես թեկնածու ունենալու քայլին` չցանկանալով կորցնել ազգայնականների ձայները:
Ամեն դեպքում, մի քանի օրից տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների որեւէ արդյունքի դեպքում, ըստ Բայդարի, Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխություններ չեն լինի, հատկապես Հայաստանի եւ Կիպրոսի հարցերում: Վերջինի պարագայում, ըստ Բայդարի, պետք է վերապահում անել ու սպասել, թե ինչ կորոշի Եվրոմիությունը աշնանը: «Լեռնային Ղարաբաղի հարցը մի տեսակ կողպված է, բայց չպետք է մոռանալ, որ սա Թուրքիան է, եւ ամեն անակնկալ կարելի է սպասել»:
Սպասվող ընտրությունները` ճակատագրական
Թուրքիայում սպասվող հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, Յավուզ Բայդարի համոզմամբ, ճակատագրական են, քանի որ ԱԲԿ-ի իշխանության գալուց ի վեր սոցիալական ու քաղաքական առումով բավականին բարեփոխումներ են եղել, եւ այսօր հարց է` կամ այն ամենը առաջ կգնա նոր թափով, կամ լուրջ խնդիրներ կառաջանան:
Հիմնական ուժ հանդիսացող ԱԲԿ-ն եւ հիմնական ընդդիմադիր մնացած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կարող են խորհրդարանում հայտնվել առանց Ազգայնական շարժում կուսակցության, որը, ըստ որոշ գնահատականների, հայտնվել է 9-11 տոկոս ձայն ստանալու սահմանագծին, այն դեպքում, երբ թուրքական խորհրդարանի ընտրական շեմը 10 տոկոսն է: Եվ եթե, ըստ Բայդարի, այդ սցենարն իրականություն դառնա, նոր խորհրդարանում կավելանա նաեւ քուրդ պատգամավորների թիվը:
«Թուրքիան ներկայումս գտնվում է բաց արտահայտվելու ընթացքի մեջ, այնպես որ քրդերը այնպես բաց են խոսում, ինչպես երբեք պատմության մեջ, դրա համար էլ նաեւ հայտնվել են ծայրահեղական դիրքերում: Քրդերը քայլ առ քայլ գնում են ինքնավար դրսեւորումների», ասում է Բայդարը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստամբուլ, Թուրքիա
Հ. Գ. Նյութը պատրաստվել է Երեւանի մամուլի ակումբի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի եւ թուրքական «GPOT» կենտրոնի կազմակերպած նախընտրական լրագրողական փոխանակման ծրագրի շնորհիվ:
Նկար 1. Յավուզ Բայդար
Նկար 2. Թուրքական կոմունիստական կուսակցությունը իր քարոզարշավն է անցկացնում Իստիկլալում: