«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2011-06-07 | #104, 2011-06-08 | #105, 2011-06-09


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Ընդհանուր ժողովը 2011 թ. նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձեւն ապրիլի 24-ն այսուհետեւ «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, նշելով, որ այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 96-րդ տարելիցը, փաստաթղթում կոչ է արվում Թուրքիայինՙ հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի եւ կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների եւ այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել եւ վերականգնել այդ ունեցվածքը, ինչպես նաեւ թույլ տալ ազատորեն եւ առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական, կրոնական համայնքների հավաքներ:

Փաստաթղթի պատճեններ են ուղարկվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Կոլորադոյի կոնգրեսական պատվիրակության անդամներին, Կոլորադոյի նահանգապետին, Վաշինգտոնում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանություններին, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

Փաստաթղթում նշվում է, որ այս տարի հիշատակվում է 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության 96-րդ տարելիցը, «Հայոց ցեղասպանության, երբ հայկական ծագմամբ 1.5 մլն տղամարդ, կին ու երեխա զոհ դարձան Թուրքական օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանության 1915-1923 թթ., եւ որպես հետեւանք պակաս, քան 75 հզ. հայ է ապրում ժամանակակից Թուրքիայի սահմաններով շրջափակված տարածքում»:

Հիշատակելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայություններն ու այն հանգամանքը, որ հայ ժողովրդի սպանությունն ուղեկցվել է եկեղեցիների, դպրոցների, արվեստի գործերի եւ մշակութային հուշարձանների պարբերական ոչնչացմամբ, ինչը շարունակվում է մինչ օրս, ընդունված փաստաթուղթը կրկին հիշեցնում է 2009-ին «Նյու Յորք թայմսում» հրապարակված օսմանյան մի նոր փաստաթղթի մասին, որի համաձայն մեկ տարում միայն 972 հզ. հայ է «անհետացել բնակչության ցուցակներից»:

Ըստ Կոլորադոյի Ընդհանուր ժողովի, չնայած ակնհայտ վկայություններին` ժամանակակից Թուրքիան «շարունակում է ժխտել ու աղավաղել ցեղասպանության փաստերը, պատիվ է անում մարդկության դեմ հանցագործություն իրականացնողներին որպես ազգային հերոսներ եւ դատապարտում է իր այն քաղաքացիներին, որ երբեւէ փորձում են ընդունել Հայոց ցեղասպանությունը»:

Մտահոգություն հայտնելով Թուրքիայում քրիստոնյա համայնքների կեցությամբ ու իրավունքների առնչությամբ` Կոլորադո նահանգի Ընդհանուր ժողովը փաստաթղթով ընդգծում է ավելի քան երկու միլիոն հայերի, ասորիների, հույների ու սիրիացիների նկատմամբ ցեղասպանությունը, հիշատակելով նաեւ Թուրքիայի ժխտողական, մերժողական կեցվածքի անընդունելությունը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4