«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2011-06-08 | #105, 2011-06-09 | #106, 2011-06-10


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՎԵԼ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ»

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի հարցեր, ինչպես նաեւՙ հունիսի վերջին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Համանախագահները Սերժ Սարգսյանին պատմել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ նույնպես ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին եւ Անջեյ Կասպրշիկին:

ԱԳՆ հաղորդմամբ, զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքներըՙ հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվիՙ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Արդյոք Ադրբեջանի պաշտոնյաներիՙ անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայո՞ւմ են առաջարկություններինՙ առանց փոփոխությունների եւ լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»:

Հանդիպմանը քննարկվել են Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ի դեպ, հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ, հիշեցնենք, հունիսի 11-ին կկայանա Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպումը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4