«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2011-06-08 | #105, 2011-06-09 | #106, 2011-06-10


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԹՆԻԿ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Գիտական անդրադարձ Գյումրիում

«Ադրբեջանահայության, ինչպես նաեւ ներկայիս Ադրբեջանի մյուս ստրկացված բնիկ ժողովուրդների անցյալը, ներկան եւ ապագան ղարաբաղյան հակամարտության լույսի ներքո». այս խորագիրն էր կրում հանրապետական գիտատեխնիկական գրադարանի Գյումրու մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցած համաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տեղի մասնաճյուղը, «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպությունը եւ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

Խորհրդաժողովի բացման խոսքում նշվեց, թե այսօրվա Ադրբեջանի տարածքում բնակվում են նաեւ տեղաբնիկ ոչ ադրբեջանցի էթնիկ խմբեր, ժողովուրդներ, որոնք իրենք ունենալով ազգային բազմաթիվ խնդիրներ, հայ ժողովրդի բնական դաշնակիցներն են: «Արեւելյան Անդրկովկասի` ներկայիս «Ադրբեջանի» էթնոքաղաքական անցյալը, ներկան եւ ապագան» զեկուցմամբ հանդես եկած` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը , անդրադառնալով մասնավորապես Կովկասյան Աղվանքի պատմությանը, ժողովրդագրական անցյալ ու ներկա նկարագրին, կարեւոր համարեց, որ պատերազմի վերսկսման հնարավորությունը հաշվի առնելով մենք Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին հնարավորինս կողմնորոշենք հօգուտ մեզ:

Պատմությունը, ինչպես նկատեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսան Հակոբյանը , շատ կարեւոր է այսօրվա եւ ապագայի խնդիրները լուծելու համար: Հին շրջանի պատմաբանը նման է սահմանապահի, որովհետեւ «պահպանում» է իր պատմական հայրենիքի սահմանները: Իր «Բուն աղվանական ուդի եւ լեզգի էթնոսների կազմավորումը 19-20-րդ դարերում» զեկուցման մեջ գիտնականը պատմական աղբյուրների վկայակոչմամբ նաեւ անդրադարձավ Հայաստանի պատմական սահմանների, տարածաշրջանում մեր երկրի եւ ժողովրդի ունեցած երբեմնի տեղի ու դերի հարցերին:

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վարդան Հախվերդյանը հանդես եկավ «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման հիմնահարցը» զեկուցմամբ, իսկ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմագիտության թեկնածու Յուրի Ղուլյանի զեկուցման թեման էր «Հայերի մասնակցությունը Ադրբեջանի իշխանության մարմիններին (1919 թ. փետրվար-1920 թ. ապրիլ)»:

Խորհրդաժողովի նյութերը, ինչպես հայտարարվեց, կներկայացվեն տեղեկատվական բլոգում եւ կտարածվեն համացանցում սոցիալական ցանցերի միջոցով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4