Դրա համար առաջարկվում է ոլորտն ազատել ավելացված արժեքի հարկից
Ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանն ու Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձան Հայաստանում ջերմատնային տնտեսությունների իրավիճակին եւ խոչընդոտներին:
Ըստ Պողոս Գեւորգյանի , Հայաստանում ջերմատնային տնտեսությունները ավելացել են, հասնելով խորհրդային ժամանակաշրջանի ցուցանիշինՙ 120 հա-ի: Սակայն մեր երկրի բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս այդ տարածությունները հասցնել մինչեւ 1000 հա-ի: Նման ծրագիր եղել է խորհրդային տարիներինՙ զարգացնել ջերմատնային տնտեսությունները եւ այդտեղից ստացված բանջարեղենով ապահովել Մոսկվայի եւ Լենինգրադի բնակչությանը: Ջերմոցները կարելի է զարգացնել լեռնային գոտիներում: «Մեր պայմանները հոյակապ են: Հայաստանը պետք է դարձնենք ջերմոցային ինդուստրիալ տնտեսության երկիրՙ նոր տեխնոլոգիաների, ինժեներական մտքի ներդրմամբ», նշեց ջերմատնային ասոցիացիայի նախագահը:
Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը հայտնեց, որ իր ղեկավարած կառույցը շուրջ 15 տարի զբաղվում է Հայաստանում բանջարեղենի եւ ծաղիկների աճեցման ջերմատնային տնտեսությունների զարգացման խնդրով: Հիմնական խնդիրը, ըստ նրա, սահմանին տնկիները, սածիլները, տեխնոլոգիաները ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) եւ մաքսատուրքով հարկելն է, ինչն ավելացնում է ծախսերը 32 տոկոսով: Սամվել Գեւորգյանի հավաստմամբ, չինական ընկերությունը ցանկանում էր 10 մլն դոլարի ներդրում կատարել այս ոլորտում, բայց ԱԱՀ եւ մաքսատուրքի այդ չափի պատճառով հրաժարվեց: Բացի դրանից, նրա ներկայացմամբ, այս ճյուղի զարգացմանը խանգարում են այլ խնդիրներ եւսՙ ջերմոցները չեն դիտարկվում որպես գրավի առարկա, մասնագետների պակաս կա, թոշակի գնացողներին փոխարինող չկա:
«Ազգի» հարցնՙ ուղղված Սամվել Գեւորգյանին, այն էր, թե ներդնողները չե՞ն ցանկանում օգտվել կառավարության կողմից վերջին երկու տարվա ընթացքում կիրառվող ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Դրան նա պատասխանեց, որ իրենք խոսում են ոչ թե հետաձգման, այլ ԱԱՀ-ից լրիվ ազատման մասին: Սամվել Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ իրենք կառավարությանը ներկայացրել են Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը եւ պատասխան են ստացել միայն, որ հետաքրքրություն կա: Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրենը նշում է, որ այս ոլորտում ԱԱՀ մուտքերը պետբյուջե մի քանի տասնյակ մլն դրամ են կազմում, իսկ եթե ազատվեն դրանից, ապա ոլորտը կզարգանա եւ ստացվող եկամուտներն անհամեմատ ավելի մեծ կլինեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ