Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները` քննարկելու ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ներկա փուլը եւ նախապատրաստելու հունիսի 25-ին Կազանում կայանալիք երեք երկրների նախագահների հերթական հանդիպումը: Իսկ մինչ այդ` Երեւանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր «հրաժեշտի նամակում», որը «Ազգը» ներկայացրեց հունիսի 4-ի համարում, ափսոսանք էր հայտնել, որ հեռանում է մեր երկրից` «այս պատմական պահին»: Ճիշտ է Յովանովիչը չէր մանրամասնել, թե այդ ինչ «պատմական պահ է», բայց անցած օրերին տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գրեթե «կրկնեցին» ամերիկյան դեսպանին, պահն այս անվանելով` «վճռական»: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, որը, ինչպես Մինսկի խմբում իր ներկայացուցիչ Ռոբերտ Բրադկեն է պնդում, «շահագրգռված է հիմնահարցը լուծել բացառապես խաղաղ միջոցներով», ապա կարելի է եզրակացություն անել, որ Յովանովիչի «պատմական պահը» նշանակում է նաեւ ԼՂ հիմնահարցում «վճռական» պահ, հատկապես հունիսի 25-ին ՌԴ Կազան քաղաքում նախատեսված Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից առաջ, որից Մինսկի խումբը, հակամարտ կողմերի որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ «լուրջ բեկում», առնվազն զգալի տեղաշարժ են ակնկալում` ստորագրված փաստաթղթի տեսքով: Հետեւաբար «նախակազանային» այս ժամանակահատվածն ու բուն հանդիպումը իրոք կարող են վճռական լինել, ու, քանի որ ԼՂ հիմնահարցը միջազգային, տարածաշրջանային քաղաքականության համար լուրջ նշանակություն ունի, ապա նույն այս ժամանակահատվածն ու հանդիպումը կարող են եւ պատմական լինել: Այժմ, փորձենք հասկանալ, թե «վճռական ու պատմական» այս ժամանակահատվածը իրո՞ք տանում է դեպի «վճռական ու պատմական» հանդիպում: Եթե խոսքը հայկական կողմերի մասին է, ապա ինչպես Երեւանի, այնպես էլ Ստեփանակերտի դիրքորոշումները նախքան Կազանը չեն փոխվել: Մասնավորապես` Երեւանում հյուրընկալելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակին, արտգործնախարար Նալբանդյանը ընդգծեց, որ Երեւանը հստակ պատասխան է տվել եռանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ եթե Ադրբեջանն էլ պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը: Ստեփանակերտից տարբեր պաշտոնյաներ ու քաղաքագետեր պնդում են, որ առանց ԼՂՀ մասնակցության` խաղաղ բանակցությունների բոլոր փուլերում, անհնար կլինի բեկման հասնել հիմնահարցի կարգավորման գործընթացում: Եթե անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հունիսի 25-ին Կազանում` ՌԴ նախագահի միջնորդությամբ, կամ առաջարկով, խնդրանքով եւ այլն, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, այն չի կարող բեկում համարվել, քանի որ բացակայում է հակամարտության հիմնական կողմի` Ստեփանակերտի գրավոր համաձայնությունը: Պետք է նկատել, որ այն, ինչ կատարվում է այս օրերին Ադրբեջանում, նույնպես ոչ այնքան լավատեսություն է ներշնչում, որ Կազանում մենք բեկման ականատեսը կլինենք: Նախ` Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի նախագահներիՙ ֆրանսիական Դովիլում մայիսի 26-ին արած հայտարարությունից մի քանի օր անց` հունիսի 3-ին ադրբեջանական սահմանային զորամասերից մեկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն նշեց. «Հայական կողմը` իր գործողություններով անխուսափելի է դարձնում ԼՂ հիմնախնդիրը պատերազմի ճանապարհով լուծելու հեռանկարը: Ադրբեջանը ազատագրելու է օկուպացրած հողը թշնամուց, մենք պատերազմի նախապատրաստական աշխատանքներ են տանում»: Զերծ մնանք, թերեւս, այս հայտարարությունը մեկնաբանելուց, քանի որ նման հայտարարություններով Բաքուն պարզապես հակադրվում է ոչ միայն հայկական երկու կողմերին, այլեւ ամբողջ միջազգային հանրության դիրքորոշմանը, կոնկրետ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Դովիլում հնչեցրած հայտարարությանը: Ու պատահական չէ, որ նույն Ադրբեջանում արդեն փոխարտգործնախարար Արազ Ազիմովը փաստորեն հերքեց իր երկրի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը: Ազիմովը հայտարարել է. «Մենք շահագրգռված չենք պատերազմի վերսկսման մեջ, մենք դեռ տեսնում ենք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնրավորություն, ինչո՞ւ պետք է մտածենք պատերազմի մասին»: Շեշտելով, որ Կազանում Բաքուն պատրաստ է «որոշակի ճկունություն ցուցաբերելու», այնուամենայնիվ Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է. «Չեմ կարծում, որ Կազանում հիմնարար սկզբունքների շուրջը համաձայնություն կստորագրվի, սակայն հույս ունեմ, որ բանակցային որոշ կրիտիկական կետերում հստակություն կմտցվի»: Երբ բարձրաստիճան դիվանագետը նախքան «խոստումնալից» հանդիպման մեկնելը նշում է, որ ինքը չի կարծում, թե «այնտեղ համաձայնություն ձեռք կբերվի», նշանակում է, որ նա գիտի պատճառը, թե ինչո՞ւ, այլ կերպ ասած` նա չի փոխելու իր ունեցած դիրքորոշումը, որի պատճառով էլ` համաձայնություն ձեռք չի բերվում: Այն, որ պաշտոնական Բաքուն հենց այս «խիստ կառուցողական» դիրքորոշմամբ է պատրաստվում մեկնել Կազան, հաստատում է նաեւ Ադրբեջանի «պալատական քաղաքագետ» Վաֆա Գուլուզադեն, որը հունիսի 7-ին Vesti.az-ին ներկայացրած կարծիքում նշեց. «Քաղաքական առկա իրավիճակից դատելով որեւէ բան չի կարող պատահել Կազանում»: Ավելորդ չենք համարում նշել, որ Գուլուզադեն սովորաբար ասում է այն, ինչ քիչ անց պետք է ասեն իշխանությունից կամ ինչ մտացում ու չեն բարձրաձայնում իշխանությունները: Այս ամենով հանդերձ` պետք է նկատել նաեւ, որ Ադրբեջանում որոշ քաղաքագետներ, օրինակ, Էլդար Նամազովը, կարծում են, որ Կազանում հակամարտ կողմերի վրա բանեցվելու է լուրջ ճնշում: Միանգամից նկատենք, որ այդ ճնշումն արդեն իսկ սկսվել է: Դովիլի եռակողմ հայտարարությունն արդեն` իր որոշ ձեւակերպումներով, ճնշում ենթադրում է: Հունիսի 9-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը հանդես եկավ հայտարարությամբ. «Կա բավական մեծ հույս, որ Դովիլում երեք նախագահների արած հայտարարությունը կօգնի կողմերին գիտակցելու այն սահմանագիծը, որտեղ հասել է հիմնահարցի խաղաղ քաղաքական կարգավորման գործընթացը: Սրանից հետո արդեն դրված է հիմնարար սկզբունքները փոխադարձաբար համաձայնեցնելու հարցը, իսկ հետաձգել կամ ձգձգել գործընթացըՙ կնշանակի ընկալվել որպես անկառուցողական»: Հիշեցնենք` նույն օրը Մինսկի խմբի համանախագահներին ընդունելով, ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ այդ սկզբունքներին վաղուց «այո» ասած Հայաստանը սպասում է Բաքվի «միանշանակ այո»-ին, որը փաստորեն չկա, ու որը փաստորեն ցույց է տալիս, թե որ կողմն է զբաղված գործընթացի ձգձգմամբ: Բաքվում հասկացել էլ են թերեւս, որ Կազանում հիմնական «ճնշվողը» լինելու են իրենք: Նախ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես եկավ հայտարարություններով, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել ներկայիս կարգավիճակից, եւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի այդ կարգավիճակը, հետո, որ վերջնական կարգավիճակի հարցն էլ պետք է որոշի «այդ տարածքի» ժողովուրդը, ապա եւ Մոսկվայից եկող այս «ոչ ձգձգմանը» ազդանշանները, կարող են, անշուշտ, Բաքվին ստիպել հանդես գալ «մանր հակաքայլերով»: Օրինակ, հենց Կազանի եռակողմ հանդիպումից առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պլանավորել է բարձրացնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձավճարը, որն այս պահին տարեկան 10 միլիոն դոլար է կազմում:
Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբՙ «Ռոյթեր»-ին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ռուսաստանը ռադիոլոկացիոն կայանը շահագործում է համապատասխան համաձայնագրով, որի 10-ամյա ժամկետը լրանում է 2012 թվականին: «Ռուսաստանը ցանկանում է երկարաձգել վարձակալման ժամկետները, եւ մենք պատրաստ ենք դրան, սակայն պայմանները պետք է վերանայվեն», ասել է Ազիմովը: Գաղտնիք չէ, թե ինչ է նշանակում Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի համար այս ռադիոլոկացիոն կայանը, գաղտնիք չէ նաեւ, թե ինչո՞ւ է Ազիմովը Ռուսաստանին այս մասին հիշեցնում հատկապես Կազանի եռակողմ հանդիպումից առաջ:
Մնում է միայն հույս ունենալ, որ, ինչպես Երեւանում արած հայտարարության մեջ նշեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` «Կողմերը ձեռնպահ կմնան սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից` այս վճռական պահին»: Իհարկե մենք հասկանում ենք` կողմերից հատկապես որ մեկը, թերեւս Մինսկի խմբի համանախագահները` նույնպես:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ