Արաբական հեղափոխությունները հայերիս թերեւս առաջին հերթին հետաքրքրում են այն առումով, գուցեեւՙ զգացմունքային, թե ինչ փոփոխությունների կենթարկվի վերաբերմունքը այդ երկրներում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ: Թեեւ բոլորս ենք հասկանում, որ աշխարհաշրջանում տեղի ունեցող ցնցումները գլոբալ բնույթ են կրում եւ էական ազդեցություն կունենան համաշխարհային գործընթացների վրա:
Ըստ երեւույթին իրականանում են մռայլ կանխատեսումները Մերձավոր Արեւելքի իսլամականացման վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ իսլամական աշխարհը Արեւմուտքի շատ գործողություններ ու հատկապես ԱՄՆ-ի ներխուժումները Աֆղանստան ու Իրաք, Լիբիայի ռմբակոծումները դիտում է որպես նորօրյա խաչակրաց արշավանքներ ընդդեմ իսլամի, ինչն էլ ի պատասխան հարուցում է իսլամապաշտության հետագա արմատականացման եւ հակաքրիստոնեական անհանդուրժողականության բռնի դրսեւորումներ: Այլ խոսքով ասած, ամբողջ մի աշխարհամաս սկսում է «մաքրվել» քրիստոնյաներից:
Նկատի ունենալով, որ Եգիպտոսը արաբական աշխարհի խոշորագույն պետությունն է եւ նորաթուխ հեղափոխությունների «օրրանը», ռուսաստանյան մամուլը մեծ ուշադությամբ է հետեւում հենց այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունների էվոլյուցիային: «2011-ի արաբական գարունը, գրում է մոսկովյան թերթերից մեկը, թերեւս կրկնում է պատմության դասագրքերից մեզ հայտնի շատ հեղափոխությունների ճակատագիրը: Բռնապետի ճնշումից ազատագրվելու հույսերը փոխարինվում են ամենաարմատական հեղափոխականների էլ ավելի դաժան ճնշումով: Հունվարին աշխարհով մեկ սփռվեցին Կահիրեի Թահրիր ալեկոծվող հրապարակի լուսանկարները, որտեղ ազատության ակնկալիքից արբած մուսուլմաններն ու քրիստոնյաները միասին էին պահանջում Մուբարաքի հրաժարականը: Իսկ արդեն այսօր եգիպտական հասարակության մի մասը դառնում է մյուս մասի զոհը: Վերհիշվում է Դանտոնի նշանավոր խոսքը, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին:
Արդ, ինչ են ցույց տալիս սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները հեղափոխական, իբր դեմոկրատական փոփոխությունների շեմին կանգնած Եգիպտոսում: Եգիպտացիների 31 տոկոսը պաշտպանում է իսլամական ֆունդամենտալիստներին, 60 տոկոսը կողմ է, որ պետության օրենքները համապատասխանեն Ղուրանի կանոններին: Բնակչության 37 տոկոսը անվերապահ աջակցում է «Մուսուլման եղբայրներ» շարժմանՙ այժմ արդեն նաեւ բացահայտ քաղաքական գործողություններին: Երկրի, չասենք դեմոկրատական, այլ աշխարհիկ կարգերը պահպանելու կողմնակիցները (38 տոկոս) իսլամիստների դեմ իրենց պայքարով հասան այն բանին, որ հիմնական իսլամիստական ուժերը («Մուսուլման եղբայրներ», սալաֆիտներ եւ այլ) պատրաստակամություն են հայտնել մի կողմ դնել կրոնական-գաղափարական տարաձայնությունները եւ միասնական ճակատով հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սա նշանակում է, որ նրանք իրապես կարող են հավակնել պատգամավորական տեղերի մինչեւ 50 տոկոսին:
Իսկ հիմա ամենացավալիի մասին, որ հենց այդպես էլ ներկայացնում է ռուսաստանյան մամուլը: Խոսքը վերաբերում է հսկա աշխարհամասից քրիստոնյա ազգային փոքրամասնությունների արտագաղթին: Եգիպտոսի ամենամեծ քրիստոնեական հանրությունը ղպտիներն են: Եվ «հեղափոխությունից» հետո իսլամիստների հարձակումների, իսկ ավելի ճիշտՙ ահաբեկչական գործողությունների զոհը դառնում են հենց նրանք: Տասնյակ սպանվածներ, հարյուրավոր վիրավորներ, հրկիզված եկեղեցիներ, տներ, ավտոմեքենաներ, խանութներ:
Ղպտիների խաղաղ հանրահավաքները գնդակոծվում են, կիրառվում է նաեւ սառը զենք: Իսլամիստների եւ քրիստոնյաների անողոք բախումներ են տեղի ունենում ոչ միայն երկրի մայրաքաղաք Կահիրեում, այլեւՙ նահանգներում: Ինչպես հաճախ է պատահում, հակաքրիստոնեական հարձակումներին մասնակցում են կրոնին առնչություն չունեցող անձինքՙ քրեական տարրերը: Ղպտիների ողբերգությունը, առանց չափազանցության, համապարփակ է դառնում, եթե նկատի ունենանք, որ նրանք հին եգիպտացիների անմիջական հետեւորդներն են, այսինքնՙ որպես «այլադավան» նրանք բռնությունների են ենթարկվում իրենց պատմական հայրենիքում: Իսկ ինչ երաշխիքներ կարող են ունենալ մյուս ազգային քրիստոնեական փոքրամասնությունները, այդ թվումՙ նաեւ հայերը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա