«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2011-06-09 | #106, 2011-06-10 | #107, 2011-06-11


ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հնգամսյա ընդմիջումից հետո, որը հիմնականում պայմանավորված էր որոշ տեխնիկական պատճառներով, հունիսի 13-ից վերսկսվում է Գյումրու Մուշ-2 թաղամասում անցյալ տարի բաշխված բնակարանների անվճար սեփականաշնորհման գործընթացը: «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, տեղեկացնելով այս մասին, ուրբաթ օրվանից հեռախոսով մեկառմեկ իրազեկում է նաեւ համապատասխան շենքերի շահառու ընտանիքներին: Բնակարանների սեփականաշնորհմանը կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնք քանդել են ժամանակավոր կացարանները եւ կներկայացնեն այդ մասին տեղեկանք: Ըստ սահմանված գրաֆիկի առաջիկա երկու օրերին սեփականաշնորհելու իրավունք ունեցող ընտանիքների ամբողջական ցուցակներն արդեն նաեւ տեղադրված են նշված ՀԿ-ի վեբ-կայքում:

«Շիրակ կենտրոնը» տարածած մեկ այլ հաղորդագրությամբ նաեւ տեղեկացնում է, որ Գյումրիում ու Ախուրյան համայնքում ներկայումս բնակբաշխման կառավարական հանձնաժողովի կողմից իրականացվում են երկրաշարժից անօթեւանների հերթացուցակներում մինչեւ այժմ հաշվառված ընտանիքների փաստաթղթերի ընդունման եւ ուսումնասիրման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում ներկայումս փոխհատուցվում են միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած, փլված շենքերի կամ ժամանակավոր կացարանների բնակիչները: Եվ չնայած մարզային հեռուստաընկերություններով արդեն երեք ամիս շարունակ համապատասխան իրազեկող հայտարարություններ են հեռարձակվում, ինչպես նաեւ ծանուցագրեր են ուղարկվել Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված 3000 եւ Ախուրյանում 182 ընտանիքների հասցեներով, մինչեւ օրս Գյումրիում անհրաժեշտ փաստաթղթեր չեն ներկայացրել շուրջ 1200, իսկ Ախուրյանում` 50 ընտանիքներ: Մինչդեռ, ինչպես նշվում է, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նախքան շենքերի շահագործումը բոլոր անօթեւան ընտանիքների փաստաթղթերի ընդունումը, ուսումնասիրումն ու ընտանիքներին շահառու ճանաչելը հետապնդում է մի նպատակ` որպեսզի բնակարանների քանակն ու սենյակների թիվը կառուցվեն ըստ առկա պահանջարկի: Սահմանված ժամկետներում փաստաթղթեր չներկայացրած ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կտեղափոխվի ավելի ուշ ժամկետներ:

«Հարյուրավոր անօթեւան ընտանիքների կողմից բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու հանգամանքը չի կարող զարմանք չառաջացնել,- ասվում է տարածված հաղորդագրությունում:- Եթե նախորդ տարի դրա հիմնական պատճառն այն էր, որ հարյուրավոր անօթեւան ընտանիքներ չէին կարող փաստաթղթերը համալրել` ընտանիքներում բացակա անդամներ ունենալու կամ ընտանիքների բազմանդամության պատճառով, ապա ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելուց հետո նման պատճառաբանություններն այլեւս հիմք չունեն: Կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվել բացակա անդամների մասին համապատասխան հայտարարություն ներկայացնելով եւ որոշակի պարտավորություն ստանձնելով ստանալու բնակարան, իսկ բազմանդամ ընտանիքներն էլ այլեւս կարող են բնակարաններ ստանալ եւ դրանք սեփականաշնորհել առանց տնակներից մեկը հանձնելու»:

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով` այդքան ընտանիքների կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին չներկայացնելը կարող է ունենալ երեք հիմնական պատճառ: Առաջինը` որ նրանցից շատերն ամբողջ ընտանիքով բացակայում են Հայաստանից, երկրորդը` ընտանիքներում անհամաձայնություն կա ապագա բնակարանի պատկանելության հարցում: Եվ երրորդ` մնում է ենթադրել, որ մի մասն էլ տարբեր ճանապարհներով եւ հիմնականում օրենքը շրջանցելով է ընդգրկվել անօթեւանների հերթացուցակում, ուստի ներկայումս, երբ բնակբաշխումն ընթանում է օրենքի սահմաններում, խուսափում են մերժվելու հեռանկարից, հավանաբար սպասելով «հարմար ժամանակների»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4