«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2011-06-10 | #107, 2011-06-11 | #108, 2011-06-14


«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՇԵ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատությունը լույս է տեսել նաեւ իտալերեն

Վերջերս Իտալիայում իտալերեն լեզվով լույս է տեսել պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի գիրքը: Սույն աշխատության մեջ քննարկվում են ղարաբաղյան հիմնախնդրի ծագման քաղաքական, իրավական ու բարոյական պատճառները: «Ղարաբաղի հիմնախնդիրը. ազատության եւ անկախության փշե ճանապարհը» կոչվող իտալերեն այս գիրքը նաեւ անդրադառնում է հիմնախնդրի ընթացքին ու պայքարի փուլերին, որոնց միջով անցել է Լեռնային Ղարաբաղը:

Հրատարակված աշխատության ու այլ հարցերի շուրջը «Ազգ» օրաթերթը զրուցեց հեղինակի հետ: Նիկոլայ Հովհաննիսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմաբան ու միջազգայնագետ:

- Պարո՛ն Հովհաննիսյան, մինչ Իտալիայում հրատարակված գրքին անդրադառնալը փոքր-ինչ ներկայացրեք` ավելի շատ ո՞ր թեմաներն ու խնդիրներն են զետեղված Ձեր ուսումնասիրությունների դաշտում:

- Արաբական երկրները, Մերձավոր Արեւելքի խնդիրները, Հայոց ցեղասպանությանն ու էթնոքաղաքական կոնֆլիկտներին կապված հարցերն են հիմնականում ընդգրկված իմ ուսումնասիրությունների ու հետաքրքրությունների դաշտում: Օրինակ` աշխարհի ամենահին կոնֆլիկտը արաբա-հրեական կամ հրեա-պաղեստինյան կոնֆլիկտն է, դրա ուսումնասիրմամբ զբաղվում եմ ավելի քան 40 տարի, եւ իմ բոլոր աշխատություններում անդրադառնում եմ հրեա-պաղեստինյան կոնֆլիկտին: Երբ ծագեց ղարաբաղյան կոնֆլիկտը, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային քննարկումների ժամանակ հաճախ դիմում էին ինձ, որպեսզի զուգահեռներ անցկացնեի հրեա-պաղեստինյան ու հայ-ադրբեջանական կոնֆլիկտների միջեւ:

- Իսկ այս հարցերի վերաբերյալ արդեն տպագրված ի՞նչ աշխատություններ ունեք:

- Դրանց նվիրված 5 մենագրություն ունեմ, որոնք հրատարակվել են ռուսերեն ու անգլերեն: Նույնիսկ մենագրություններից մեկը, որը կոլեկտիվ մենագրություն է, Միացյալ Նահանգներում հրատարակել է Մերիլենդի համալսարանը:

- Իսկ ե՞րբ եւ ու՞մ նախաձեռնությամբ է իտալերեն հրատարակվել «Ղարաբաղի հիմնախնդիրը. ազատության եւ անկախության փշե ճանապարհը» կոչվող Ձեր աշխատությունը:

- Գիրքն իտալերեն լեզվով հրատարակվել է այս տարվա մայիսին: Իտալերեն հրատարակելու նախաձեռնությունն Իտալիայում Հայաստանի դեսպանությանն է` հանձին դեսպան Ռուբեն Կարապետյանի: Դեսպանի նախաձեռնությունն Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջազգային դիվանագիտական ակադեմիայի կողմից դրական արձագանք գտավ, եւ աշխատության իտալերեն թարգմանության ու հրատարակության ծախսերն իրենց վրա վերցրին իտալահայերը:

- Ուրիշ ի՞նչ լեզուներով է լույս տեսել սույն աշխատությունը:

- Գրքի անդրանիկ հրատարակությունը եղել է դեռ 1997 թվականին ռուսերեն լեզվով, ապա տպագրվել է անգլերեն, որոշ հատվածներ լույս են տեսել նաեւ հայերեն ու արաբերեն: Եվ ահա 1-2 շաբաթ առաջ էլ հրատարակվեց իտալերեն:

- Ո՞վ է կատարել իտալերեն թարգմանությունը:

- Գիրքն անգլերենից իտալերեն է թարգմանել գրող Արսլանի դուստրը` Չեչիլիա Վերոնեժեն, իսկ Անտոնիո Արսլանը խմբագրել է իտալերեն տեքստը:

- Պարո՛ն Հովհաննիսյան, արդյոք խոսքը իտալահայ մեծանուն գրող Անտոնիա Արսլանի մասի՞ն է, որը Հայաստանում առավել հայտնի դարձավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունից հետո, այն ֆիլմի, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ողբերգական փաստերը:

- Այո՛, մենք խոսում ենք նույն Անտոնիա Արսլանի մասին: Հենց նրա հուշապատումի հիման վրա իտալացի հայտնի կինոռեժիսորներ Տավիանի եղբայրները նկարահանեցին «Արտույտների ագարակը» ֆիլմը:

- Որտե՞ղ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

- Գրքի քննարկումն ու շնորհանդեսն արդեն կազմակերպվեցին Հռոմում, որտեղ մայիսի 25-ին Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջազգային դիվանագիտական ակադեմիայում ներկայացվեց գիրքը:

- Ինչքանով տեղյակ եմ, այդ ակադեմիան մեծ հեղինակություն վայելող հաստատություն է, որի դռներն ամեն հեղինակի ու գրքի առաջ բաց չեն անում:

- Այո՛, դիվանագիտական այդ ակադեմիայում գրքի քննարկումն իսկապես կարեւոր իրողություն համարվեց: Ակադեմիայի դահլիճը լեփ-լեցուն էր: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ելույթում նշեց, որ այս գիրքն Իտալիայում իտալերեն հրատարակված գիտական առաջին լուրջ աշխատությունն է Ղարաբաղի վերաբերյալ, ու դրա իտալերեն հրատարակումը պատահականություն չէ. իտալացիներին, իսկապես, հարկավոր էր ներկայացնել գիտական լուրջ ուսումնասիրություն: Դեսպանը նաեւ նշեց, որ գրքի հրատարակումը առիթ է, որ իտալացի հանրությունը եւս մեկ անգամ իր ուշադրությունը սեւեռի Ղարաբաղի հիմնախնդրի վրա: Ի դեպ, իտալերեն հրատարակության ներածությունը գրել է Ռուբեն Կարապետյանը:

- Շնորհանդեսի ընթացքում ուրիշ ի՞նչ ելույթներ եղան:

- Ելույթ ունեցան իտալացի հայտնի պրոֆեսորներ Պոլիտին, Բայսն ու Ալիպո Հանդին: Պրոֆեսոր Պոլիտին, որն ակադեմիայի ղեկավարներից է, նշեց, որ աշխատությունը մեծապես կօգնի իտալացի հանրությանըՙ ստանալու ավելի ճշգրիտ ու գիտականորեն հիմնավորված տեղեկություն ղարաբաղյան հիմնախնդրի առաջացման պատճառների ու բնույթի վերաբերյալ: Իսկ պրոֆեսոր Բայսը, որը եղել է Հայաստանում ու աշխատել Մատենադարանում, ակադեմիայում հայտարարեց, որ Ղարաբաղը մշտապես կազմել է Հայաստանի մաս, ու նրա բնակչությունը հիմնականում եղել են քրիստոնյա հայերը:

- Ինչպիսի՞ն էին ներկաների արձագանքները:

- Շատ արձագանքներ եղան, ու բազմաթիվ հարցեր հնչեցին: Ներկաներին հատկապես հետաքրքրում էին ղարաբաղյան հիմնախնդրի բնույթը, առաջացման պատճառներն ու լուծման հնարավոր ուղիները: Քննարկմանը ներկա էր շուրջ 160 հոգի, որոնց բոլորին գրքից մեկական օրինակ բաժանվեց:

- Որտե՞ղ եւ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել Ձեր աշխատությունը

- Գիրքն իտալերեն լույս է տեսել 2500 օրինակով եւ հիմնականում իրացվելու է Իտալիայում, որտեղ, ինչպես գիտենք, իտալացիներից զատ կան մեծաթիվ օտարերկրացիներ: Այսինքն` ուզում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես ծանոթանա գրքին ու նրանում քննարկվող հարցերին:

- Ո՞վ է հովանավորել աշխատության հրատարակումը:

- Գրքի հրատարակման ֆինանսական ծախսերը հիմնականում հոգացել են Իտալիայում բնակվող պարսկահայ Սարո Խուդավերդին ու Իտալիայի հայ միությունը ` հանձին նախագահ Սվազլյանի:

Հարցազրույցը վարեց ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4