ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հրատարակման 80-ամյակը լրանալու է 2012 թվին: Բայց Թեքեյան մշակութային միության Նյու Յորք-Նյու Ջերսիի մասնաճյուղը, միանալով թերթի բարեկամների խմբին, այս տարվա հունիսի 4-ին Թինեքի (Նյու Ջերսի) «Մարիոթ» հյուրանոցում բացումը կատարեց հանդիսությունների շարքի, կազմակերպելով մի հոյակապ հանդիսություն, որին ներկա գտնվեցին դիվանագետներ, բարձրաստիճան հոգեւորականներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, համայնքային առաջնորդներ եւ բարերարներ:
Երեկոն հագեցած էր կարոտախտով: Հիշվեցին եւ պատշաճ հարգանքի արժանացան թերթի նախկին խմբագիրներն ու գլխավոր աջակիցներըՙ դոկտ. Մովսես Հովսեփյանը, Արմինե Դիքիճյանը եւ Ջեկ Անդրեասյանը, որոնք համայնքի սյուներն էին եւ «Միրորի» պատմության անքակտելի մասն էին դարձել: Ճաշակով պատրաստված մի գրքույկում ներկայացված էին նախկին եւ ներկա խմբագիրները, եւ տպավորությունն այն էր, որ նրանք բոլորը կարծես ներկա էին այդ հանդիսությանը, որը հրաշալի առիթ էր անդրադառնալու թերթի հրատարակության պատմությանը եւ նրա նշանակությանն ու դերինՙ ձեւավորելու համայնքային մեր կյանքն այս օտար ափերում:
Գրքույկում իր պատշաճ տեղն էր գրավում Վահան Թեքեյանի մի բանաստեղծությունը, որը լավագույնս ներկայացնում էր, գուցե, թերթի հիմնադիրների երկմտությունն ու մտահոգություններըՙ իրենց նոր նախաձեռնության նախաշեմին: Շրջադարձային իրավիճակ էր, որովհետեւ նրանք լեզուն պետք է անջատեին առաքելությունից: Մինչ այդ պահը հայերը նման կացության առաջ կանգնած չէին եղել, լեզուն միշտ ծառայել էր որպես միջոցՙ իրականացնելու համար առաքելությունը:
Երկմտանքի պատճառը հետեւյալն էր. հրաժարվել կա՛մ առաքելությունից, կա՛մ լեզվից: Բայց առաքելությունից հրաժարվելը ինքնաբերաբար առաջացնելու էր նաեւ լեզվի անկումը, լեզվից հրաժարվելը:
Մեծանուն բանաստեղծը նախատեսել էր եւ ողբում էր այդ անկումը, երբ գրում էր. «Լեզուն, որով գրեցիՙ երկրի երեսը քիչեր կը կարդային զայն արդէն ու պակսեցան անոնք ալ... Հարիւր տարի վերջ միայն, իր այս ձեւով, այս սխալ կամ ճիշտ ձեւով ու հնչմամբՙ լեզուն անուշ, զոր խոսեր էին անուշ տղաքներ, գուցե խոսող չունենա» :
Դժբախտաբար բանաստեղծի կանխագուշակումը իրականություն է դառնում սփյուռքում: Ափսոս է, անկասկած, կորցնել այդ գեղեցիկ լեզուն: Սակայն մխիթարական է, որ լեզվի խոչընդոտը հաղթահարելովՙ մենք կարողանում ենք մեր նախնիների առաքելությունն ու ոգին փոխանցել մեր հետագա սերունդներին: Եվ դա էր 1932-ին թերթի հրատարակությունը նախաձեռնողների նպատակը: Ականատես լինելով նոր սերնդի օտարացման գործընթացին եւ անշուշտ տագնապելով լեզվի շարունակական կորստյան խնդիրներով, նրանք քաջ գիտակցեցին, որ ժառանգության փոխանցումը մեկ սերնդից մյուսին կարող է անընդհատական բնույթ կրել Միացյալ Նահանգներում առաջին անգլիալեզու հայկական թերթի հրատարակմամբ: Նրանք փորձեցին ողբերգությունը հաղթանակի վերածել:
Իմ անձնական համագործակցությունը «Միրորի» հետ սկսվեց 1966-ին, 45 տարի առաջ, եւ խմբագիրների ու գլխավոր աջակցիների հետ իմ հանդիպումներում պարզեցի, որ վերջիններս այդ նույն հիմնախնդիրների վերամարմնավորողներն էին, որոնք միեւնույն նվիրվածությամբ, եռանդով ու տեսլականով շարունակում էին թերթի սրբազան առաքելությունը:
Հայ ժողովրդի ճակատագիրը հետաքրքրական շրջադարձերով լի է: Հայկական լրագրությանը վիճակված էր ծնունդ առնել ու ծաղկել հայրենիքից հեռու, բայց հանուն հայրենիքի: Առաջին հայկական թերթըՙ «Ազդարարը», հրատարակվեց 1794-ին Մադրասում (Հնդկաստան), հայր Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ: Հայրենասեր մտավորականների խումբն ու խմբագիրը մի երազանք ու ձգտում ունեինՙ տեսնել Հայաստանն ազատ ու անկախ: Նրանք նույնիսկ տարօրինակ ծրագրեր ունեին օսմանյան սուլթանից գնելու մեր պատմական Հայաստանը, շատ նման Թեոդոր Հերցլիՙ հալածված հրեաների համար հայրենիք ստեղծելու ծրագրին:
«Արմինյն միրոր սփեքթեյթրն» էլ Հայաստանից հեռու, Բոստոնում (Մասաչուսեթս) հիմնադրվեց ու հրատարակվեց շատ ավելի համեստՙ հայերին իրար կապելու, մի քաղաքը կամ մի երկիրը մյուսին կամրջելու ձգտումներով ու նպատակներով:
Մեր այս արագորեն փոփոխվող աշխարհում եւ գլոբալիզացիայի դարում որոշ մարդիկ գտնում են, որ տպագիր թերթիՙ լրատվամիջոցի դարն արդեն անցել է, եւ էլեկտրոնայինն է գլխապտույտ արագությամբ եկել փոխարինելու: Բայց հակառակ «Բորդերզ» գրախանութների ցանցի սնանկացմանը, տպագիր մամուլը դեռեւս կշարունակի մեզ ուղեկցել գոնե կանխատեսելի ապագայում, եւ «Միրորն» անկասկած իր դերակատարությունը կունենա այնտեղ: Նա պարտավոր է 80 տարվա իր փորձն ու ժառանգությունը փոխանցել այդ ապագային, միաժամանակ հաղորդակից լինելով, անշուշտ, էլեկտրոնային լրատվության առաջընթաց քայլերին:
Սկզբնական շրջանում «Միրորի» բաժանորդագրությունների կեսը Նյու Յորք-Նյու Ջերսի շրջաններում էր կենտրոնացած: 80-ամյակի այս հանդիսությունը հավանաբար կծառայի նաեւ, որ թերթը վերադառնա այս շուկան: Համացանցի եւ կիբեռ-տարածության օգտագործման միջոցով «Միրորը» կկարողանա հասնել իր ընթերցողներին, որտեղ էլ նրանք գտնվեն:
Մենք չենք թերագնահատում մյուս հրատարակությունների ներդրումներն ու ձեռքբերումները: Մրցակցելիս մենք իրարից շատ բան ենք սովորում եւ չմոռանանք, որ բոլորիս էլ վիճակված է առաջ մղել միեւնույն առաքելությունըՙ հանուն համայն հայության:
Տարածված է այն կարծիքը, որ քաղաքական մի խմբակցության հովանավորությամբ հրատարակվող թերթերը հակված են ներկուսակցական սահմաններում մնալու եւ փակ լինելու ազատ գաղափարների հոսքի առաջ: Իր նպատակասլաց քաղաքականության շնորհիվ «Միրորը» միշտ ձգտել է ցրել նման թյուր կարծիքըՙ ազատ ամբիոն դառնալով մտքերի ազատ փոխանակումների եւ ժողովրդական զգացմունքների անկաշկանդ արձագանքների համար: Իր պատմության ընթացքում թերթը միշտ պահպանել է իր կապը ժողովրդի, հասարակայնության հետ:
Եթե հայր Հարություն Շմավոնյանը ողջ լիներ այսօր, անկասկած կօրհներ «Միրորի» ռիսկոտ նախաձեռնությունը:
80-ամյակի հանդիսությունների սկզբնավորմամբ, թերթն անցյալի հիշողությունների շավիղից անցում է կատարում դեպի կիբեռ-տարածություն, դեպի նոր նախաձեռնություններ եւ ապագա նվաճումներ:
Թարգմ. Հ. Ծ., Դետրոյթ