«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2011-06-10 | #107, 2011-06-11 | #108, 2011-06-14


ԿՈԿ ՍԱՄՎԵԼԸ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ

Մայիսի 28-ին, վաղ առավոտյան զանգեց իմ հին ընկերըՙ Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը եւ շնորհավորեց տոնի կապակցությամբ: Թեեւ մասնագիտությամբ աշխարհագրագետ է, հավանաբար չէր հաշվարկել ժամային գոտիները եւ շատ վաղ զանգեց: Ես նրան ոչինչ չասացի, թեեւ սովորաբար սիրում եմ փնթփնթալ: Իսկ հիմա շնորհակալ էի: Ինչո՞ւ տոնը փչացնել: Բացի դրանիցՙ օրն էլ չափազանց հիշարժան է ոչ միայն մեր ողջ ժողովրդի համար, այլեւ կրկնակի հիշարժանՙ մեր անձնակազմի համար: Ճիշտ երկու տարի առաջ այդ օրը «Արմենիա»-ն մեկնարկեց իսպանական Վալենսիա նավահանգստից: Յուրաքանչյուր մանրուք հաշվարկել էինք: 2009 թվականի դեկտեմբերին Աստծո բարեգթությամբ արդեն պետք է մոտենայինք Հորն հրվանդանին: Այնպես որ, հաշվարկը մտածված էր: Հարավային կիսագնդում դեկտեմբերը նույնն է, ինչ ամռան սկիզբըՙ Հայաստանում: Բայց, ինչպես հայտնի է, ճակատագիրն այլ կերպ տնօրինեց: Հենց այդ ժամանակ էր, որ իսկական վիշտը պատեց մեզ: Հիվանդացավ մեր լեգենդար կոկ Սամվել Սարգսյանը:

Եվ ահա, Արսենի զանգից հետո ես որոշեցի, որ նախապես ծրագրված, իմ կարծիքով անսովոր ռեպորտաժը փոխարինելու եմ Սամվելին նվիրված հուշով: Չէ՞ որ նա շատ էր սիրում այս տոնը: Հիշում եմ, թե ինչպես էր Վալենսիայում այդ օրը վաղ առավոտից տոնական նախաճաշ պատրաստում եւ նույնիսկ ճառ արտասանեց, որն առաջին հերթին ուղղված էր մեր երիտասարդներինՙ Վահագնին եւ Մուշեղին: Ապա հավելեց. «Մյուսներին էլ չէր խանգարի իմանալ»: Իսկ ասելիքը հանգում էր նրան, որ իր կարծիքով մեր համարյա ողջ ժողովուրդը բավական հաճախ մայիսի 28-ը շփոթում է անկախության օրվա հետ: «Պետք է մտցնել բոլորի գլուխը,- ասաց նա,- որ այսօր մենք նշում ենք Հանրապետության օրը»: Բոլորը լուռ լսում էին: Չէ՞ որ ազգային տոնը լուրջ թեմա է: Եվ հանկարծ մեր հենց երիտասարդության ներկայացուցիչը, ի դեպ, նավում ամենաերիտասարդըՙ նորաթուխ բոցման Մուշեղը բարձրաձայնեց իր տեսակետը. «Իսկ մի՞թե հանրապետության ստեղծումը չի նշանակում, որ արդեն կա անկախություն»: Ընդհանուր նավասենյակը լցվեց բոլորիս ծիծաղ-քրքիջով: Իսկ իմաստուն կոկը իր երկար հասակի եւ պատկառելի տարիքի բարձունքից ծերունաբար հոգոց հանելով վրա բերեց. «Է-է՜, Մուշեղ ջան, քեզ մի տխուր ճշմարտություն կասեմ: Եթե խոր մտածենք, մենք նույնիսկ Տիգրան Մեծի օրոք անկախ չենք եղել: Եվ ոչ միայն պետությունը: Մեզանից յուրաքանչյուրը: Այ, օրինակ ես: Տես ի՜նչ կախվածության մեջ եմ մեր գանձապահ Արիկից: Ամեն անգամ մթերք գնելուց հետո աչքի լույսի պես պահպանում եմ ամեն տեսակի կտրոններ ու ստացագրեր եւ նույնիսկ արտագրում եմ դրանք հատուկ մատյանում»: Այստեղ ինչ-որ մեկն ասաց, որ մենք բոլորս կախման մեջ ենք եղանակից, մեկ ուրիշն էլ, թեՙ բջջային հեռախոսից, իսկ մշտապես մեղմ ու ցածրաձայն խոսող Հայկը բարձր ու անառարկելի տոնով հայտարարեց. «Աստծուց ենք կախված մենք, Աստծուց»:

Եվ այնուամենայնիվ այդ օրը մեր տոնը կայացավ: Մեր բազմահազարամյա պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա նավարկություն սկսեցինք, այն էլ Սփյուռքի դժվարին ու բազմաբարդ երթուղիներով: Չէ՞ որ դա տոն է: Եվ դա կարող էր լինել միայն Հայաստանի անկախության պայմաններում: Ով-ով, ես հո գիտեմ, թե նախկինում ինչպես էր: Աշխարհաշուրջի մասին չէր կարելի նույնիսկ երազել:

Սակայն, բացի ամենայնից, այդ օրըՙ այդ տոնական առավոտյան ես ուրախ էի, որ դարձյալ շնորհիվ նորին մեծություն հիշողության, մեզ մոտ եկավ մեր կոկը, մեր Սամվել Սարգսյանը: Հիշում եմՙ ինչպես էր հպարտանում, որ բարձր հասակն իրենից ժառանգած որդինՙ պատանի Դավիթը բանակային ծառայությունը սկսել է հենց Արցախում: Սամվեը հաճախ էր մտածմունքների մեջ ընկնում (տունը, կենցաղը, որդու ապագան), բայցեւ ոչինչ նրան չէր կարող խանգարել, որ ինչպես «Կիլիկիա»-ում, այնպես էլ «Արմենիա»-ում երկտակ ծալված կանգնի հոդակապերի վրա ճոճվող գազասալիկի առջեւ: Հաճախ եմ ուշադրություն դարձրել, որ երբ Սամվելը ծիծաղում էր, աչքերը մնում էին տխուր, ինչպես Մհեր Մկրտչյանինը: Հետո էր ինձ խոստովանելու, որ վերջին ժամանակները անհանգստություն էր զգում ոչ թե մարմնում, այլ հոգում: Խոսում էր իր կատարած մի ինչ-որ հայտնագործության մասին, որն անվանել էր «մահվան զգացում»: Միաժամանակ ավելացնում էր, որ ոչ մի տեղ ոչ մի ցավ չունի: Բայց երբ որդու մասին էր խոսում, ժպտում էր, եւ աչքերն էլ էին ժպտում:

«Կիլիկիա»-ի ոդիսականի վերջին փուլում ես գետային երթուղուց թռա Երեւանՙ կազմակերպելու քարշակի շինարարությունը նավը Փոթիից ցամաքով տուն հասցնելու համար եւ պահը որսալովՙ մեկնեցի Արցախ: Այնտեղ բնականաբար այցելեցի Սամվելի որդուն իր զորամասում: Լուսանկարեցի բջջային հեռախոսով: Նավ վերադառնալուց անմիջապես հետո հեռախոսը տվեցի տղաներին եւ նրանք տպեցին Դավթի լուսանկարըՙ զինվորական համազգեստով: Մի գեղեցկատես հերկուլես: Նկարը դրեցի հոր մահճակալին: Բոլորս հավաքվել էինք մեծ խոհանոց-ճաշասենյակում եւ ձեւացնում էինք, թե ամեն մեկն զբաղված է իր գործով: Ուզում էինք տեսնել կոկի արձագանքը: Սամվելին կանչեցինք: Ներս մտավ: Նրա մահճակալը ներքեւում էր, ձախից առաջինը: Մոխրագույն ծածկոցի վրա դրված էր գունավոր լուսանկարը: Սամվելը տեսավ: Աչքերը հառեց ու մի պահ քարացավ: Ապա քիչ կռացավ, չգիտես ինչու նայեց կողքերը: Դանդաղ ձեռքը մեկնեց եւ զգուշորեն վերցրեց լուսանկարը: Բոլորս կարծում էինք, թե հիմա ծիծաղելու է, հրճվելու է: Եվ պայմանավորված լռում էինք: Սամվելը որդու նկարը սեղմեց կրծքին, ժպտաց: Հետո գլխի ընկավ, որ հետեւում ենք իրեն: Ծիծաղեց: Մենք էլ վերջապես սկսեցինք ծիծաղել: Հետո մոտեցավ ինձ, եւ գրկախառնվեցինք: Աչքերը երջանիկ էին: Այդ երջանկությունը էլի ենք տեսել նրա աչքերում: Երբ «Կիլիկիա»-ի Եվրոպայի շուրջը յոթ ծովերով նավարկությունն ավարտվեց, ըստ ավանդույթի ողջ անձնակազմով մեկնեցինք Արցախ: Դա Դավթի ծառայության վերջին տարին էր: Ես խնդրեցի Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինՙ երկօրյա արձակուրդ հատկացնել մեր կոկի որդուն: Անակնկալ էինք պատրաստել, որի մասին բոլորը գիտեին, բացի զինվորի հորից: Մեկ ժամ առաջ, մինչ հյուրանոցում կձեւակերպեին փաստաթղթերը, Դավիթը մտավ այն համարը, որտեղ Սամվելն էր մնալու եւ նստեց մահճակալի եզրինՙ դեմքով դեպի դուռը: Ոչինչ չկասկածող հայրն իր բանալիով բացում է դուռը, մտնում ներս... Մեկ րոպե անց մենք բոլորս միջանցքում լսում էինք բարձր ու երջանիկ բացականչություններ: Առաջինը ես ներս մտա ու տեսա մի ինչ-որ հզոր գեղեցկությամբ զարմանալի այդ պատկերը: Սենյակի կենտրոնում ամուր գրկախառնված կանգնած էին երկու շատ բարձրահասակ տղամարդիկ: Հոր դեմքը չէր երեւում: Որդու ուսն այն ծածկել էր: Սամվելը քիչ թեքվեց կողքի: Ես նորից տեսա այն երջանկությունը, որ այնքան հազվադեպ էր երեւում նրա աչքերում:

Շատ անգամ եմ ասել, որ Սամվելը հեռացավ երկարատեւ, տանջալից մահով: Գրել եմ եւ այն մասին, որ երբ հեռախոսով կապվելով ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի հետ եւ իմանալով, որ դրությունը ճակատագրական է, որ մետաստազները տարածված են ոչ միայն լյարդում, եւ որ նման բան ի հայտ է գալիս անսպասելիորեն, ավաղ, այն ժամանակ, երբ վախճանն անխուսափելի է, որոշում կայացվեց դադարեցնել ծովարշավը:

Դա բարդ վճիռ էր: Անձնակազմը հասկանում էր, թե ինչ բարդ իրավիճակում ենք հայտնվել: Դա պարզապես մի ինչ-որ ընդմիջում չէ, հինգ րոպեով հանգստանալ չէ: Դա նշանակում էր, որ ամեն ինչ ստիպված էինք լինելու սկսել սկզբից: Ամենածանր եւ տանջալից կազմակերպչական գործընթացները: Սակայն մենք ընդունեցինք այդ որոշումը, որը կարող էինք եւ չընդունել: Ծովային տարբերակով այն այլընտրանք չուներ: Եվ ասեմ, որ ամենից շատ դա գիտակցում եւ հոգեպես տանջվում էր ինքըՙ կոկ Սամվելը: Նա կանխազգում էր փսփսոցները հասարակական կարծիքում, որը տարբեր շրջանակներում, բնականաբար, միանշանակ չէր: Մենք բոլորս հաճախակի էինք այցելում Սամվելին, տեսնելով, թե ինչպես է նա օրօրի բառացիորեն հալվում մեր աչքի առջեւ: Եվ դեռ բավական չէ, ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, չգիտես որտեղից հայտնվում են բժշկության անզորությունից ուրախացած հեքիմներ, որոնք օգտվելով ընտանիքում ստեղծված հոգեբանական, երբեմն էլ հոգեկան իրավիճակից, բուժման իրենց մեթոդներն են առաջարկումՙ անհավատալի գումարներով: Դա էլ ահավոր խնդիր է, որի մանրամասների մասին այս դեպքում պարզապես չեմ ուզում խոսել:

Մի քանի անգամ Սամվելը հարազատներին ու մերձավորներին խնդրեց մեզ մենակ թողնել: Իսկ վերջին անգամ խնդրեց, որ ողջ անձնակազմը գա: Եվ ես լսեցի նրա հիրավի փիլիսոփայական խոստովանությունները: Դրանցում սերն էր ընտանիքի, անձնակազմի, Հայրենիքի հանդեպ: Եվ ամեն անգամ նա պահանջում էր, աղերսում, որ մենք չսպասենք, ինչպես ինքն էր ասումՙ անխուսափելի վերջին եւ շտապ թռչենք Բուենոս Այրես, որտեղ որբացած մեզ էր սպասում իր այնքան ջերմորեն սիրված «Արմենիա»-ն:

Աշխարհաշուրջի պարտադրված երկրորդ փուլին նախապատրաստվեցինք ուղիղ քառասուն օր: Մեր կոկի, մեր Սամվել Սարգսյանի , Դավթի հոր մահվան հաջորդ օրվանից: Նա շատ էր սիրում, երբ իրեն կոչում էինք Դավթի հայրիկ: 2010 թվականի նոյեմբերի 22-ին նշեցինք Սամվելի քառասունքը, որին ներկա էր արդեն նոր կոկը: Հաջորդ օրըՙ նոյեմբերի 23-ին թռանք Բուենոս Այրես:

Ինչպես հաճախ եմ նշել, յուրաքանչյուրիս նավասենյակում փակցված են մեր մայրերի լուսանկարները: Նավին հրաժեշտ տալուց առաջ Սամվելը հանեց իր մորՙ տիկին Մարգոյի նկարը: Նա գիտեր, որ այլեւս չի վերադառնալու «Արմենիա»-ի տախտակամած: Առաջին օրն իսկ Մարգո մայրիկի նկարի տեղում մենք դրեցինք նրա որդու լուսանկարը, որը հիմա միշտ մեզ հետ է լինելու: Միշտ:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Հնդկական օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4