Սորբոնի համալսարանի 21-ամյա ուսանող Մաքսիմ Վեռները (կամ Վեռներ-Կրեկջյանը) փորձում է 2012-ի նախագահական ընտրություններից առաջ միավորել բոլոր սերունդներին եւ մանավանդ նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Մաքսիմի մայրըՙ Ֆլորանս Կրեկջյանը, էրզրումցի ծնողների զավակ է, հայրը տաքսու վարորդ է: Խանդավառ եւ գործունյա Մաքսիմը քաղաքական հարաբերություններ է ուսանումՙ իր սուղ միջոցներով բնակվելով Փարիզի շրջանի մի փոքրիկ կացարանում:
«Նուվել դ՛Արմենի» ամսագրի կայքը մեջբերում է Մաքսիմի այն կարծիքը, որ «անհրաժեշտ է պետական երիտասարդական քաղաքականություն, այլապես համակարգը կփլուզվի»:
Նախագահության ապագա թեկնածուն չի ձգտում անպայման նախագահ ընտրվել, սակայն հանդես է գալիս որպես երիտասարդների շահերի արտահայտիչ: Նա ծնվել է Բրոն քաղաքում (Ռոնի մարզ): Այս տարի փարիզյան «Մաքս Միլո» հրատարակչությունում լույս է տեսել նրա «89 առաջարկ 2012-ի համար» գիրքը, որը նվիրված է առավելապես երիտասարդությանը հուզող հարցերին, պատգամավոր եւ սենատոր ընտրվելու տարիքն իջեցնելու, վարորդական իրավունք ստանալու խնդիրներին եւ այլն: Նաեւ առաջարկվում է բաց դպրոցներ ստեղծել վարժարաններումՙ ցածր առաջադիմություն ունեցողներին ուսումն ավարտելու հնարավորություն տալու համար, տարեցների եւ երիտասարդների ծառայությունների, հմտությունների փոխանակման միջսերնդային գործակալություն հիմնել, «աշխատանքային գործունեություն սկսողների հետ համերաշխության հիմնադրամ» ստեղծել, որպեսզի ուսումն ավարտած եւ աշխատանք փնտրող երիտասարդները ամսական 400 եվրո նպաստ ստանան»:
Մաքսիմը Ֆրանսիայի երիտասարդների ընկերակցության նախագահն է: Նա առնվազն 500 ստորագրություն պետք է հավաքի, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:
Հայոց ցեղասպանության հարցում Մաքսիմը կողմնակից է այն թուրք մտավորականների շարժմանը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական կապերի հաստատման օգտին: Նրա կարծիքով, ցեղասպանության ճանաչումը բխելու է քաղաքացիական հասարակությունից: Erasmus համալսարանական ծրագրի շրջանակներում այս տարվա ապրիլի 24-ին նա Ստամբուլում մասնակցում էր թուրք առաջադեմ գործիչների եւ իրավապաշտպան կազմակերպությունների միջոցառումներին:
Պատրաստեց Պ. Ք.