Յուրի Ցոլակի Հովհաննիսյան
Ռուսաստանում հրապարակվել է գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառի այս տարվա ՌԴ պետական մրցանակի դափնեկիրների ցուցակը, որոնց թվում է նաեւ մեր հայրենակից, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների բաժնի ղեկավար Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը : Գիտական հետազոտությունների շարքը վերաբերում է գերծանր տարրերի կայունության նոր բնագավառի հայտնագործմանը: Նրա հետ մրցանակի դափնին կիսել է նույն ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Իտկիսը:
Ներկայացնելով ֆիզիկոսների աշխատանքըՙ ՌԴ նախագահին առընթեր գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության խորհրդի գիտական քարտուղար, «Կուրչատովսկի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը այն համարել է Նոբելյան մրցանակի մակարդակի հետազոտություններ, որոնց շնորհիվ ըստ էության վերստեղծվել են այն տարրերը, որոնք լինելով տիեզերքի ծագման ուղեկիցներ, արդեն քայքայվել են: Ֆիզիկոսները սինթեզել են տարրերի մի ամբողջ շարքՙ 113-րդից մինչեւ 118-րդը, որոնք շարունակվելով, լրացնում են Մենդելեեւի աղյուսակը: Հատկանշականն այն է, որ դրանք ֆիզիկայի առումով բավականին երկար են ապրումՙ տասնյակ ժամեր, ինչը թույլ է տալիս ոչ միայն գիտելիքներ ստանալ տիեզերքի կառուցվածքի մասին, այլեւ անցնել նոր «երկարակյաց» տարրերի սինթեզին:
Մեր հայրենակցի գործընկերըՙ ակադեմիկոս Միխայիլ Իտկիսը մամուլում այն կարծիքն է հայտնել, որ Յուրի Հովհաննիսյանը առնվազն կարժանանա Նոբելյան մրցանակի. նոր տարրերի սինթեզման խնդրին նա նվիրաբերել է իր բեղմնավոր կյանքի 50 տարին, եւ ստացված գիտական արդյունքները հիրավի համաշխարհային մասշտաբի են, ասել է նա: Ամերիկացիներն էլ են կատարել նման գիտափորձեր, բայց անհաջող: Առայժմ նրանք սոսկ հաստատում են Դուբնայում ստացված տվյալները: Նրանք հետ են մնացել առնվազն 10 տարով:
Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: Սովորել է Երեւանի Ձերժինսկու անվան դպրոցում, այնուհետեւ ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Ռուսաստանի ԳԱ իսկական անդամ 2003 թվականից: Ուշագրավ է, որ նա 1975 թվականին եւս արժանացել է գիտության բնագավառի պետական մրցանակի, հասկանալի էՙ ԽՍՀՄ:
Բնական է, որ լայնորեն ճանաչված լինելով աշխարհում, պրոֆ. Հովհաննիսյանը չէր կարող քաջ հայտնի չլինել իր հայրենիքում, ուր նա հաճախ է այցելում, թարմացնում հայերենը: Նա ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանցի անդամ է 2006 թվականից: Իսկ 2008 թվականին հայաստանցի գիտնականները նրան պատվել են ազգային ակադեմիայի Ոսկե մեդալով: Դուբնայում պրոֆ. Հովհաննիսյանի տանը միշտ կարելի է տեսնել տեղի թե Հայաստանից եկած գիտնականների, առհասարակ քաղաքում ապրող հայերի: «Իսկական հայն» ունի երկու դուստր, որոնցից մեկն ամուսնացած է երեւանցի հայտնի քանդակագործներից մեկի որդու հետ:
Բնավ էլ ինքնագովության նպատակով չեմ վերհիշում, որ տարիներ առաջ «Ազգը» հրապարակել էր իմ հարցազրույցը անվանի գիտնականի հետ, որում նա պատմում էր այն հետազոտությունների մասին, որոնք այսօր հավակնում են Նոբելյան մրցանակի: Հուսանք, որ դա առաջիկայում կիրագործվի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա