Դա կկառուցվի «Հայերի ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախաձեռնությամբ
Ալանիան որպես փոքրիկ քաղաք Անթալիա նահանգի առափնյա վարչական շրջանում է: Խնդրո առարկա հուշարձանը կկառուցվի շրջանային այս կենտրոնի Քեսթել թաղում: Հուշարձանի կառուցումը, ինչպես երեկ նշել է «Հյուրիեթը», նպատակ է հետապնդում հավերժացնել Ալանիայի այսպես կոչված այն 258 նահատակների հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում, ինչպես նաեւ ենթարկվել են ահաբեկչության:
Ըստ թուրքական թերթի, հուշարձանի կառուցման այս նախագծին նախ աջակցել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գեղարվեստի գլխավոր վարչությունը: Նախաձեռնողը, ամենայն հավանականությամբ, «Հայերի ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունն է, քանի որ միության գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Յըլմազը հայտարարել է «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ավազակախմբերի հետ մարտնչելիս նահատակված 258 զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով հուշարձանի կառուցման» մասին:
Այնուհետեւ Յըլմազն ասել է. «Հուշարձանի կառուցման նախագծի արժեքը ավելի քան 281 հազար լիրա է: Քեսթելի թաղապետարանի միջոցով ֆինանսական օգնություն ենք խնդրել մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունից, որի գեղարվեստի վարչությունը 35 հազար հատկացրեց: Մնացած գումարը լրացնելու ենք բնակիչների, թաղապետարանի, կուսակցությունների քաղաքային վարչությունների հանգանակությամբ»:
Հուշարձանը, ինչպես Յըլմազն է նշել, լինելու է գրանիտից, նախատեսվում է դրա լուսավորումը, այսպես կոչված նահատակների ինքնությունը ճշտելու համար միությունը դիմել է թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին, որպեսզի «նահատակների անունները հուշաքարի վրա արձանագրելու միջոցով հնարավոր լինի ուշադրություն հրավիրել ցեղասպանության հայկական պնդումների անհիմն լինելու հանգամանքին»:
Ի դեպ, «Հայերի ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը ծրագրել է նաեւ համանման հուշարձանների կառուցումը Անթալիայի Էլմալը եւ Մանավգաթ շրջանային կենտրոններում: Այս շրջանները եւս զբոսաշրջության աշխույժ կենտրոններ են, ինչպես Անթալիան ու Ալանիան: Դրանք գրավիչ վայրեր են նաեւ հայ զբոսաշրջիկների համար, հանգամանք` որը ոչ մի նշանակություն չունի հիշյալ շրջանի քաղաքային իշխանության համար:
Հ. ՉԱՔՐՅԱՆ