«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2011-06-14 | #109, 2011-06-15 | #110, 2011-06-16


«ԱՐՄԵՆԻԱ»-Ն ՈՒՆԻ ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«Արմենիա» առագաստանավ, ավելի ճիշտՙ առագաստավոր սպորտանավ:

«Կենսաբանական» տեսակըՙ միակայմ շլյուպ: Ծնվել է Ֆրանսիայում: Ապրել է Իսպանիայում: Գրանցված է եղել Մալյորկա կղզում: Ծննդյան թվականըՙ 1990: Չգիտեմ ով է պատվիրատուն եւ ինչ խնդիրներ է դրել իր եւ նավի առջեւ: Հայտնի է միայն, որ ըստ տրամաբանության, նախատեսված է եղել ծովարշավների համար: Համենայն դեպս զբոսանքների ու ամեն տեսակի շրջագայությունների համար բոլորովին պիտանի չէ թեկուզեւ այն պատճառով, որ «հասարակ մահկանացուները», որոնց թվին են պատկանում կանայք ու երեխաները, չեն կարող տեղաշարժվել տախտակամածի վրա նույնիսկ անհողմության ժամանակ: Բոլոր մակարդակային թեքություններն ու կորությունները ստեղծված են նրա համար, որ ոչ թե արգելակեն, այլ նպաստեն նավի արագությանը: Բիոնիկայի կանոններով. գծերն ու ձեւերը «մտածված» են բնության կողմից, իսկ մարդը միայն պատճենում է:

Տեսեք, թե ժամանակակից օդանավերի քթերը եւ ընդհանրապես իրենք ամբողջովին որքան նման են դելֆինների: Փորձեք դելֆին թամբել: Կսահեք վրայից: Այդպես էլ ժամանակակից արագընթաց կատերներն են: Ճիշտ է, մեր «Արմենիա»-ն մեծ վերապահումով կարող է արագընթաց համարվել: Սակայն բուն նավապատյանի երկարությունը եւ կայմինը, որը մեկուկես անգամ երկար է նավից, թույլ է տալիս մեծացնել բոլոր առագաստների ընդհանուր մակերեսը: Եվ ստացվում է, որ արագությունը եռակի ավելին է, քան «Կիլիկիա»-ինը: Բայց մենք երբեք ոչ մի զուգահեռ, ոչ մի համեմատություն չենք անցկացնում: Դա ոչ միայն անազնիվ կլիներ, այլեւՙ անբարոյական: «Կիլիկիա»-ն կառուցված է հայերի ձեռքերով եւ առարկայացած հիշողություն է Կիլիկիայի մասին: Պատահական չէր, որ Եվրոպայի շուրջը յոթ ծովերով նավարկությանը նվիրված բոլոր երեք հատորներում էլ, առանց որեւէ միստիկայի, ես մշտապես զրուցել եմ հենց իրՙ նավի հետ: Գրականության մեջ ընդունված այդ հնարքը, որ հնարավորություն է տալիս պայմանական երկխոսության մեջ մտնել...անցյալի հետ, ինձ թույլ տվեց ընթերցողին ներկայացնել Կիլիկյան թագավորության հարստագույն պատմությանը, առանձնապես նրա հզոր նավատորմին նվիրված ամբողջ էջեր: Նման հնարք պարզապես անհնար է կիրառել ցանկացած այլ նավի առումով, առավելեւս երկրորդ անգամ:

«Արմենիա»-ի եւ իմ միջեւ, մեղմ ասած, ոչ պարզ հարաբերություններ ձեւավորվեցին: Ես լավ էի գիտակցում այն փաստը, որ «Կիլիկիա» նախագծի, ես կասեիՙ ազգային եւ պատմական բաղադրիչները ճնշում էին գործադրում ինձ վրա: Նրա ներքինըՙ բառիս ուղղակի եւ փոխաբերական իմաստով: Նրա կիլիկիական կերպարը: Նրա կոպիտ քնքշությունը: Այդ ամենն էր, որ ամենուր դեպի իրեն էր ձգում մեր հայրենակիցներին: Եվ ոչ միայն նրանց: Այո, ընդհանուր հաշվարկով մի ամբողջ տարի եւ նույնիսկ ավելի, մենք միմյանց մեջ էինք: Մենքՙ նավի մարմնում, նաՙ մեր հոգիներում: Եվ մեկ էլ հանկարծՙ մի նավ, որ ահավոր տարբերության մեջ է նրանից, ինչ կուզենայինք ոչ միայն ունենալ, այլեւ տեսնել: Նույնն էր թե մեզՙ անդարձ արեւհարված ու կոպտացած հերկողներիս նոր արդուկած ֆրակ հագցնեինՙ վառվռուն թիթեռնիկով: Սակայն այլ ելք չունեինք: Ողջ հասակով մեկ մեր առջեւ ծառացած էր անխուսափելիին համակերպվելու օրենքը: «Կիլիկիա»-ի նավարկության ողջ երրորդ փուլի ընթացքում մենք անդադար աշխարհաշուրջի մասին էինք մտածում: Այնտեղ իմ փոքրիկ բնիկ-խցիկում արդեն կախված էր ապագա շուրջերկրյա նավարկության երթուղու քարտեզը: Դեռ այն ժամանակ ես հասցրեցի մի ողջ ճամպրուկ նյութեր հավաքել այն արշավանքի մասին, որը դեռեւս 1985-86 թվականներին Մեսրոպ Մաշտոց անունն էր կրում ԱՄՆ-ում եւ Կանադայում սփյուռքի ճամփաներով երկարատեւ ուղեւորության ժամանակ: Այդ մասին մանրամասնորեն պատմել եմ իմ ամերիկյան հանրագումարային «Ճանապարհ» գրքում: Մի խոսքով, մենք պատրաստ էինք, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, ճամփորդություն սկսել 2008, նույնիսկ 2007 թվականին: Սակայն նավը հաջողվեց ձեռք բերել (առանց պետական բյուջեից մեկ ցենտ իսկ վերցնելու) միայն 2009 թվականի սկզբին: Խոսքը մեր նավին է վերաբերում, եւ մեծ մեղք գործած չեմ լինի, եթե կրկնեմ որոշ մանրամասներ, որոնք արդեն նշել եմ նախորդ ռեպորտաժներում: Ողջ Եվրոպայով մեկ Սամվել Կարապետյանը եւ Արմեն Նազարյանը սպորտանավ էին փնտրումՙ ծովարշավի գաղափարին հարմար: Դա նշանակում է, որ պետք է լինեին քանդովի միջնորմեր, ստանալու համար ընդհանուր նավասենյակի համապատասխան տարածքՙ աշխատելու եւ հանդիպումների համար: Նաեւ հարթ ու մուգ պետք է լինեին նավակողերը, որոնց վրա ցայտուն պետք է աչքի ընկնեին ողջ մեսրոպյան այբուբենը, հայկական խաչը, հավերժության նշանը, նավի խոշորատառ «Արմենիա» անվանումը: Իսկ նավախելին, հավուր պատշաճի, գրանցման նավահանգիստըՙ Երեւան: Եվ իհարկե, գլխավոր խնդիրը պետք է լիներ արագությունը, հիշելով, որ դա արդեն կախված է տախտակամածիցՙ առանց որեւէ հարմարությունների դրա վրա ժամանակ կամ ժամանց անցկացնելու համար: Տախտակամած, որի եզրերին ելուստային շրջանակներ չեն լինի, որոնք ըստ էության նավ-ամրոցի պարիսպներն են: Եվ հիմա այդ պարսպի փոխարեն մենք ունենք զուգահեռաբար ամուր ձգված երկու բարալիկ պողպատալար, որոնց արանքով ոչ միայն Տարզանի պես խոշորակազմ Սամվել Կարապետյանը, այլեւ ծանրաքաշ ու սոթլիկ դելֆինը կանցնի: Բայց ամենաահավորը տարիքն է: Ես եւ «Արմենիա»-ն տարիքի առումով ուղղակի հարմար հերոսներ ենք Գինեսի գրքի համար:

...Մեկնարկից առաջ մի ամբողջ ամիս աշխատել ենք, ուղղակի ասածՙ ծովարշավային նավի վրա Վալենսիա նավահանգստում, որտեղ, ի դեպ, Սամվել Կարապետյանը ցույց տվեց, որ ոչ միայն բնածին ու աստվածաշնորհ նավապետ է, այլեւ հմուտ փայտագործ, ատաղձագործ: Այդ նա Հայկ Բադալյանի եւ մյուս օգնականների հետ հմտաբար պատրաստեց մի քանի նույնիսկ շատ գեղեցիկ գրադարակներ, որոնք բավական պարզ, իմաստուն ու ճարպիկ կերպով գրքերն ու թղթապանակները պահում են փոթորկի ժամանակ վար թափվելուց: Տես էջ 8

Դեռեւս Վալենսիայի ծովախորշում ամենախորքից թխկոց ու աղմուկ լսեցինք: Ինչ-որ ցնցումներ զգացինք: Ախտորոշումն արվեց առանց ստեթոսկոպի: Պարզվեցՙ պտուտակը համաձույլ չէ, ամբողջական չէ: Ինչ-որ պիժոնական թեւեր ունի, որոնք լիսեռի վրա հագած են ինչպես ատամնաշապիկներ: Իհարկե, մոտավոր ու հեռավոր համեմատություն է, բայցեւ շարունակենք «առամնաբանական» նկարագրությունը: Ողջ պտուտակը կարիեսի մեջ է: Պետք է փոխել: Նման թերությամբ ոչ մի կերպ չի կարելի Ատլանտիկա մտնել: Կանգ առանք «Կիլիկիա»-ի ժամանակներից մեզ ծանոթ Մալագայում, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ են ապրում: Զանգեցինք: Հանդիպեցինք: Պարզվեց, որ այնտեղ ոչ մի նման պտուտակ չկա: Շարժվեցինք առաջ: Եվս մեկ նավահանգիստ: Նույն պատմությունը: Ստիպված էինք անցնել աֆրիկյան ափ, որտեղից լավ երեւում են Ջիբրալթարի դարպասները: Սեուտա նավահանգիստ: Մեկ շաբաթից ավելի կորցրեցինք: Հին պտուտակը փոխարինեցինք նորովՙ համաձույլ, առանց պիժոնությունների: Սզբում տրտնջում էինք: Հետո հասկացանք, որ չկա չարիքՙ առանց բարիք:

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում ընկանք զզվելի անհողմության մեջ: Որոշեցինք ամբողջ վառելիքը չծախսելու համար գոնե երկու օր առաջանալ շարժիչով: Օ, սարսա՛փ: Շարժիչը չի աշխատում: Մի ողջ հանգույց շարքից դուրս է եկել: Ամեն դեպքում տարիքն իրենն անում է: Հայկը քանդեց ամբողջ շարժիչը, Սամվելը չորս օր շարքից դուրս եկած կտորի պես մի բան էր սարքում: Հայկը Վահագնի ու Մուշեղի հետ օր ու գիշեր աշխատում էր: Փառք Աստծո, այդ ընթացքում կանգ չէինք առնում: Առագաստների հույսին առաջ էինք շարժվում, ինչպես Կոլումբոսի կարավելլաները, Բոմբարի ռետինե «կոշիկը», Հեյերդալի «Ռա-1»-ը եւ «Ռա-2»-ը: Եվ այստեղ էլ բախտներս բերեց: Ստիպված էինք գնել, ավելի ճիշտՙ ճարել նոր շարժիչ: Լոս Անջելեսում օգնեցին մեր հյուպատոսը, մեր եկեղեցին, մեր բարեգործական միությունը (Դաշնակցություն) եւ իհարկե, ինչպես միշտ, Ռալֆ Յիրիկյանը:

Այսպիսով, օր օրի, կամա թե ակամա, մեր նավը նորացվեց: Նրա վրա հայտնվեցին նոր ալեորսներՙ կապի նոր միջոցների համար, նոր բախամեղմիչներ, նոր ներքնակներ, նոր սպիտակեղեն: Երեսունմետրանոց բարձրությամբ նոր կարմիր-կապույտ-նարնջագույն առագաստ: Դա արդեն շնորհիվ Ալբեր Բոյաջյանի: Ընթերցողը հիշում է, թե ինչպես Լոս Անջելեսում մեծ առնետը կրծոտեց բոլոր սինթետիկ խողովակները, դրանց վրա տասնյակ անցքեր բացելով: Ամեն անգամ, երբ այդ նողկալի կրծողը խմել էր ուզում, նոր ծակ էր բացում: Եվ նորից ջանացինք չարիքը բարիքի վերածել: Այստեղ էլ օգնության հասավ մեր վաղեմի բարեկամ Վահե Կարապետյանը, որը կազմակերպեց եւ ապահովեց բոլոր, այդ թվում նաեւ չծակված, բայց հին խողովակների փոխարինումը նորերով: Այնպես որ, մենք նույնիսկ շնորհակալ էինք դժբախտ առնետին, որի վերջը տվեց ամենասովորական թակարդը: Նույնիսկ խղճացինք:

Մի խոսքով, նավի հին տերերը, ըստ ամենայնի դատելովՙ իսպանացի նրբակիրթ առագաստանավորդները, այսօր իրենց նավը չէին ճանաչի: Մանավանդ ընդհանուր նավասենյակը: Ձախից, լուսանցույցի երկու կողմերում Հայատանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշաններն են: Հիշեցնեմ նաեւ, որ կախված են Մեսրոպ Մաշտոցի յուղաներկ դիմանկարը, «Կիլիկիա»-ի լուսանկարըՙ բաց առագաստով, Տերունական աղոթքըՙ խաչքարազարդ շրջանակով, երկու ժամացույց, որոնցից մեկը ցույց է տալիս հայրենիքի ժամանակը, մյուսըՙ տեղականը:

Այն օրը, երբ նավը «զգեստավորվեց» դրոշ-առագաստով, առանձնահատուկ հարազատություն ձեռք բերեց: Իսկ Պանամայի ջրանցքի կրկնակի անցումից հետո պարզապես սիրելի դարձավ: Սակայն երբ դարձյալ Պանամայի ջրանցքով վերադարձավ Կարիբյան ծով եւ մտավ բաց, արդեն Հարավատլանտյան օվկիանոս, արդեն սկսեցինք մոռացության տալ նրա ծննդաբանությունը: Իսկ երբ հատեցինք հասարակածը, կատարելով ծովերի աստված Նեպտունի տոնի ավանդական ծեսը, նավն անվերապահորեն դարձավ հարազատ: Ինչ-որ մեկը (Հեմինգուեյը չէ՞ր) ասել էՙ իմ երկիրը Ամերիկան է, բայց հարազատ քաղաքը Փարիզն է: Այդպես մենք էլ, հավանաբար, հասարակածն անցնելուց հետո կարող էինք մոտավորապես նման մի բան ասել. «Իմ երկիրը Հայաստանն է, բայց հարազատ տարածքը «Արմենիա»-ի տախտակամածն է»: Սակայն Հորն հրվանդանից եւ դեռ Մագելանի նեղուցից հետո արդեն նավի եւ անձնակազմի միջեւ ազգակցական կապերին վերաբերող բոլոր հարցերը հանվեցին: Մեր միջեւ հայտնվեց գիտակցված եւ կյանքով փորձություն անցած վստահություն, փոխըմբռնում, փոխադարձ կախվածություն եւ ամենակարեւորըՙ փոխադարձ հարգանք: Եվ նույնիսկՙ խաղաղություն: Ինչպես Սպինոզան է ասել. «Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, այլ առաքինությունը, մտքի վիճակը, հակվածությունը բարուն, վստահությանն ու արդարությանը»: Եվ ահա կյանքի ու կենսագործունեության նման սկզբունքների առկայությամբ մեր եւ նավի մոտ համագոյակցության նոր, սեփական բանաձեւեր են հայտնվում: Մենք չենք ընդունում պարզագույն «Չարիքը չարիք է ծնում» միտքը: Միայնՙ «Չպատժված չարիքը չարիք է ծնում»: Եվ դա իրոք այդպես է: Մեր նավի հետ միասին շատ էլ լավ հասկանում ու գիտակցում ենք դա: Այդ կապակցությամբ եւս մեկ օրինակ բերեմ, որը թեմային չի հարաբերվում: Չէ՞ որ դպրոցական նստարանից սկսած մի գլուխ այն ենք լսում, թե ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ: Չէր խանգարի հարց տալ. «Իսկ ո՞ւմ միջեւ»: Այս մասին մտածելիս իսկույն ցանկություն ես ունենում դասական բանաձեւը փոխարինել քո սեփականով. «Միայն ու միայն բարեկամների վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը»: Այդ իսկ պատճառով էլ ոչ միայն անմիտ ու ծիծաղելի, այլեւ վիրավորական է, երբ առաջարկում են Հայոց ցեղասպանությունը վիճարկման առարկա դարձնել Հայաստանի եւ Թուրքիայի պատմագետների միջեւ:

Սակայն վերադառնանք «Արմենիա»-ին: Պետք է թեման շարունակելՙ ավելի մոտենալով աշխարհաշուրջի վերջնագծին: Կուտակվում են, այսպես ասած, վիճակագրական տվյալներ, որոնք ինքնին նույնիսկ շատ հետաքրքրական են: Իսկ առայժմ այն մասին, թե որտեղ է լողում հիմա մեր առագաստանավը: Արդեն պատմել եմ, թե ինչպես նավախելի հետեւում թողեցինք մի ահռելի մայրցամաքՙ Ավստրալիան: Եվ որ մեր մոլորակի ամենատարաշխարհիկ վայրն ենք հասնում, որը այդպիսին է հենց «Արմենիա»-ի համար: Մի երկու-երեք շաբաթվա ընթացքում մեր նավակողերին, ես կասեիՙ Մաշտոցի այբուբենին են բախվել տարբեր ծովերի ջրեր, որոնցից են, օրինակ, Թասմանի, Կորալյան, Արաֆուրյան, Բանդա ծովերը: «Արմենիա»-ն մերթ աջ, մերթ ձախ նավակողով շրջվել է դեպի ավելի քան երեսուն մեծ կղզիներ: Դրանց մեջ են Նոր Գվինեան, Թիմորը, Ճավան, Բալին: Պատահել է, երբ մեր փոթորկային օրվա ընթացքում կողերը ողողել են մերթ Խաղաղ, մերթ Հնդկական օվկիանոսների ջրերը: Եվ ամենուր «Արմենիա»-ն իրեն զգացել է նորմալ, հանգիստ, վստահ, հուսալի: Ի դեպ, հուսալիության եւ հույսի մասին ընդհանրապես: Նավային գրադարանում մեզ հետ ճամփորդում է մի իմաստուն հույն: Նա պարզապես փիլիսոփա չէ: Նաեւ ստոիկյան է: Նրա անունը Էպիկտետ է: Այդ նա է կազմել ստոիկների բանաձեւըՙ «Եղիր տոկուն եւ ժուժկալ»: Եվ ահա այդ իմաստուն Էպիկտետը հաճախ էր օգտագործում նավըՙ պատկերավորության համար: «Նավը սովորում են կառավարել, որպեսզի չսուզվեն: Այդպես էլ պետք է սովորել կառավարել երկիրը եւ կյանքը»: Ի դեպ, Էպիկտետի ուսուցիչըՙ համաշխարհային գրականության առաջին ողբերգակ Էսքիլեսը հաճախ է իր հերոսների շուրթերով ասել. «Ես չեմ վախենում փոթորիկներից, քանզի կարողանում եմ կառավարել իմ նավը: Իսկ ինքըՙ Էպիկտետը, խոսելով հույսի մասին, ընդգծել է. «Ինչպես որ չի կարելի նավում ունենալ միայն մեկ խարիսխ, այնպես էլ կյանքում չպետք է հենվեն միայն մեկ հույսի վրա»: Մեր նավը երկու խարիսխ ունի: Առավել հուսալիության համար:

Իսկ առայժմ «Արմենիա»-ն, որն, ինչպես տեսնում ենք, իր փիլիսոփայությունն ունի, անհամբերությամբ սպասում է գլխավոր տոնինՙ երկրորդ անգամ հատել հասարակածը: Եվ հարավային կիսագնդից արդեն անցնել հարազատ հյուսիսային կիսագունդ, որտեղ գտնվում է ինքըՙ Հայաստանը:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» առագաստանավ, Հնդկական օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4