«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2011-06-14 | #109, 2011-06-15 | #110, 2011-06-16


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը իր 44-ամյա պատմության ընթացքում երաժշտական միջին մասնագիտական կրթություն է տվել 4000-ից ավելի պատանիների: Տարվա սկզբից քոլեջը սկսել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Քոլեջում հոբելյանական համերգով բացվել է «Բաբաջանյան եւ ընկերներ» սրահը, որը նվիրվում է հայ կոմպոզիտորական հնգյակին: Հունիսի 15-22-ը քոլեջը կրթության եւ գիտության նախարարության հետ Երեւանում առաջին անգամ կազմակերպում է Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն: Ինչպես տեղեկացրեց քոլեջի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը , «փառատոնը կնպաստի ոչ միայն մեծ կոմպոզիտորի հիշատակի հավերժացմանը, այլեւ նրա կենսահարուստ երաժշտության միջոցով պատանի սերնդի երաժշտակրթական գործընթացին, նոր տաղանդների բացահայտմանը»:

Մշակույթի նախարարության եւ մի շարք hիմնադրամների, կազմակերպությունների աջակցությամբ մրցույթ-փառատոնն անցկացվում է տարիքային 3 խմբովՙ պատանեկան «Ա» (մինչեւ 10 տարեկան), պատանեկան «Բ» (11-14 տարեկան) եւ երիտասարդական (15-17 տարեկան): Փառատոնին մասնակցելու հայտեր է ներկայացրել Երեւանի, Հայաստանի 7 մարզերի եւ Արցախի, ինչպես նաեւ ՌԴ-ի, Վրաստանի, Ղազախստանի ու Իրանի երաժշտական կրթօջախների 112 սովորող: Նրանցից շատերն արդեն միջազգային, հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են, տեղեկացրեց պրն Հարությունյանը եւ ներկայացրեց միջազգային ժյուրիի անդամներին: Ժյուրիի նախագահ, Առնո Բաբաջանյանի մոտ երաժշտական դասեր անցած վաստակավոր արտիստ, արվեստագիտության դոկտոր, Յա. Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը հուշեր պատմեց Առնո Բաբաջանյանի հետ իր ունեցած հանդիպումներից ու հատուկ նշեց, որ նման փառատոնի անցկացումը հնարավորություն կտա տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին ավելի լավ ծանոթանալ Բաբաջանյանի ստեղծագործություններին, քանզի մրցույթի պահանջներից մեկն էՙ պարտադիր կատարել Առնո Բաբաջանյանի որեւէ ստեղծագործություն: Հաղթողներին կտրվեն դիպլոմներ եւ մեծանուն կոմպոզիտորի դիմաքանդակով ոսկե մեդալներ:

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկեց «Առնո Բաբաջանյանի անվան պատանի ու երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը», որը նվիրվում է կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին: Ներկաները առիթ ունեցան ունկնդրելու Առնո Բաբաջանյանի «Ռապսոդիան» դոկտոր, պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանի (Լատվիա) եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի համատեղ ելույթը, որով ազդարարվեց փառատոն-մրցույթի բացումը:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4