«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2011-06-14 | #109, 2011-06-15 | #110, 2011-06-16


ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈ՞Ւ, ԹԵ՞...

Խոսքս վերաբերում է մայրենի լեզվի անաղարտությանը: Հայոց լեզուն մեզանում հաճախ անտեսվում էՙ սկսած մեծադիր գովազդային վահանակներից, խանութների անվանումներից, եւ աղավաղվում է հեռուստատեսային որոշ հաղորդումներում: Ինչ խառնիճաղանջ լեզվով են մատուցում այդ անճաշակ, գավառային, ոչինչ չասող հաղորդումները («32 ատամ», զանազան ակումբներ եւ այլն): Հիմա ոմանք կարող են առարկել, թե այդ մասին շատ է խոսվել, նաեւ գրվել: Ամենեւին դեմ չեմ: Սակայն ի՞նչ է փոխվել: Խոսքս, մասնավորապես, ուզում եմ ուղղել հայոց խորհրդարանի պատգամավորներին: Ճիշտ է, դուք բազմազբաղ գործիչներ եք, բայց եկեք մի փոքր ժամանակ հատկացնենք մեր հինավուրց լեզվին: Ի՞նչ կարող է անել մի լեզվի տեսչություն, որն իր սուղ հնարավորություններով ամենուրեք, ամեն քայլափոխի ոտնահարվող մայրենիի պաշտպանի դերում է հանդես գալիս: Տվեք նրան լայն հնարավորություններ, եւ որոշ ժամանակ անց արդյունքները տեսանելի կլինեն: Դե՛, ինչ կարելի է ասել, երբ մեր պաշտոնատար անձանցից շատերը էկրանից խոսում են «գնում ա», «գալիս ա», «ութանասուն» եւ նմանատիպ խոսելաձեւով, դրանով իբր ցույց են տալիս իրենց անմիջականությո՞ւնը: Նույնը նաեւ որոշ լրագրային հոդվածներում: Խորհրդային ժամանակներում պայքարում էինք ռուսերենի անհարկի օգտագործման, ազդեցության դեմ: Այժմ էլՙ անգլերենի՞: Օտարամոլությո՞ւն: Ոչ ոք դեմ չէ լեզուների իմացությանը: Բայց ոչ մայրենիի հաշվին: Ժողովուրդն ասում էՙ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Հարկ է հասնել հայոց լեզվի հիմքի վրա օտար լեզուների ուսուցման բարձր որակի ապահովմանը:

Ի՞նչ ենք փոխանցում մատաղ սերնդին:

Գույները խտացնո՞ւմ եմ: Միգուցե:

Հսկայական գովազդային վահանակներին, օտարալեզու բառերի կողքին, հաճախ կամ իսպառ բացակայում է հայերենը, կամ էլ, լավագույն պարագայում, փոքրիկ տառերով, քիչ տեսանելի անկյունում ծվարածՙ տվյալ խանութի (մարկե՞տ) հասցեն միայն:

Քսանմեկերորդ դարի այս համահարթեցման պայմաններում անտեսվում եւ երբեմն հալածվում է մեր հայոց լեզուն համայն հայության մայրաքաղաքում:

Ընդունված կարգ է, ցուցանակներում նախ գրվում է տվյալ երկրի մայրենի, պետական լեզվով, ապա ուրիշ լեզուներով: Մեզ մոտ հաճախ կարելի է հանդիպել հակառակ իրողությանը: Մենք փոքր ազգ ենք եւ պետք է ամենօրյա հոգ տանենք մեր լեզվի մասին, շռայլություն չանենք:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո մեր հարեւանները կարողացան իրենց այբբենական համակարգը այնպես շտկել, որ իրենց արյունակից եղբայրների հետ հեշտությամբ են հաղորդակցվում: Իսկ մեր սփյուռքահայությունը գրավոր խոսքում պատշաճ ձեւով չի կարողանում հաղորդակցվել մեզ հետ, որովհետեւ որոշակի, ճիշտ էՙ ոչ մեծ, տարբերություն գոյություն ունի ավանդական եւ խորհրդային ձեւափոխված գրելաձեւերի միջեւ: Ժամանակը չի՞ եկել, արդյոք, այս մասին եւս խորհելու, ինչու չէ, նաեւ գործելու, որ ունենանք միասնական գրելաձեւ, համակարգ:

Լեւոն Շանթի, Կոստան Զարյանի, Վահրամ Փափազյանի լեզուն անուշ, քաղցրիկ հայերենն էՙ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի փառահեղ զուգակցմամբ:

Անցնենք գործի, որ մեր պատմական հայրենիքից զրկված, աշխարհասփյուռ զավակները ավելի հեշտ հաղորդակցվեն մեզ հետ, հեշտությամբ կարդան Թումանյան, Իսահակյան, Սեւակ, Շիրազ... Չէ՞ որ նրանց աչքերըՙ հառած մայր հայրենիքին, այստեղից են ստանում իրենց ավիշը, ոգին, ուժն ու կորովը...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ, Վետերան-մանկավարժ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4