Հուլիսին Հայաստանի դեմոկրատական կուսակցության եւ Սեդրակ Աճեմյանի գլխավորած Հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ փորձ կարվի միավորելու հայաստանյան քաղաքական դաշտի ձախ ուժերին` երկրում ժողովրդավարական, սոցիալական հայեցակարգ հաստատելու նպատակով: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ` հավելելով, որ հուլիսի համաժողովը նաեւ նպատակ ունի միավորել երկրի ձախ ուժերին` առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ներկայանալու համար: Իսկ ներքաղաքական ներկա դրությունը Հայաստանում Սարգսյանը անվանեց «անհասկանալի պայքար». «20 տարվա ընթացքում երկրում իշխանության գաղափարական փոփոխություն տեղի չի ունեցել. մենք շրջապտույտի մեջ ենք, որը թույլ չի տալիս բոլոր գաղափարական ուժերին ներկայանալ քաղաքական ներկապնակում», նշեց Դեմկուսի նախագահը: Այս հանգամանքն, անշուշտ, չի կարող առաջ չբերել երկրում նոր` ժողովրդավարական, սոցիալական հայեցակարգի առաջացման հասարակական պահանջարկ, ինչը, եւ Սարգսյանի խոսքերով, իրենք կներկայացնեն առաջիկա հուլիսին: Այսօրվա ներքաղաքական իրավիճակի` կոնկրետ իշխանություն-ՀԱԿ «երկխոսության» մասին բանախոսը կարծիք հայտնեց, թե «պարզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շախմատ խաղալ չգիտի, ու դա հասկացան նաեւ ՀՀՇ-ում նրա կողմնակիցները` կուսակցության շարքերը լքելով: Այժմ ՀԱԿ-ի ունեցած ուժն աստիճանաբար կնվազի, որը, պետք է նկատենք, իշխանությունը հատուկ ուռճացրել էր` իր նպատակների համար»: Այսօր էլ, ըստ Սարգսյանի, ՀԱԿ-ը այլեւս լուրջ գործոն չէ. «Եթե ձեր հանրահավաքներին դուք չեք կարողանում ապահովել առնվազն 30 հազար համախոհների ներկայություն, ուրեմն դուք չեք կարող Հայաստանում համարվել լուրջ քաղաքական գործոն», ասաց Արամ Սարգսյանը:
Խոսելով արտաքին քաղաքականության խնդիրների մասին, մանավանդ Կազանի առաջիկա եռակողմ հանդիպմանն ընդառաջ, Սարգսյանը կոչով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին` ինչպես հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ժամանակ, այժմ էլ մադրիդյան հիմնարար սկզբունքները քննարկելու հրավիրել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ` Ղարաբաղի հարցով Դեմկուսի ղեկավարի մեկնաբանմամբ, մենք ոչ ճիշտ ճանապարհով ենք գնում. «Հարցը պետք է տեղափոխել իրավական դաշտ: Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ դա կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու որոշման օրինականությունը, ինչն, ի դեպ, հիմնված էր ԽՍՀՄ օրենսդրությամբ: Հակառակ պարագայում, ստացվում է, որ ԼՂ հիմնահարցը կապ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչն այդպես չէ», նկատեց Սարգսյանը: Հետագայում արդեն, բանախոսի խոսքերով, ԼՂ ժողովուրդը, արտահայտելով իր ինքնորոշման իրավունքը, կինքնորոշվի` ցանկանում է մնալ անկախ պետությո՞ւն, թե՞ միանալ Հայաստանին: Իսկ թե որքանո՞վ է այս հավանական քայլը բխում ներկա քաղաքական իրավիճակից, Սարգսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետություն իր քաղաքականությունը պետք է տանի ազգային շահերի հիման վրա»:
Հ. Ա.