Հայաստանի ճարտարապետների միությունը տարածել է հայտարարություն, որի միջոցով դիմում է ինչպես հասարակության լայն շերտերին, այնպես էլ հանրապետության նախագահին, Ազգային Ժողովին ու կառավարությանը: Հայտարարության միջոցով Ճարտարապետների միությունը մի շարք առաջարկություններ է անում, օրինակ` առաջարկում է ճարտարապետական մասնագիտական գործունեության կարգավորումը վստահել իրենց միությանը` միաժամանակ իրենց փոխանցելով մասնագետների որակավորման ու արտոնագրման լիազորությունը: Միությունը առաջարկում է վերանայել քաղաքաշինական ոլորտի կառավարման օղակների կազմակերպական ու կադրային համալրման քաղաքականությունը: Առաջարկությունների մեջ նշվում է` միությունը նաեւ ցանկանում է, որ քաղաքաշինական կարեւոր փոփոխությունների ծրագրումն ու կառույցների նախագծումը կազմակերպվեն բացառապես մրցույթների միջոցով: Ճարտարապետների միությունն ակնկալում է որակապես նոր համագործակցություն ինչպես պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ամբողջ հասարակության հետ:
Ի. Պ.